Շատ սիրելու վերջն էլ դա է լինում

Շատ սիրելու վերջն էլ դա է լինում

Մանվելը եթե ինքն իր ասածը հասկանար, երևի մի քանի հոգի էլ հասկանային, թե ինչ էր ուզում ասել գեներալը: Լավ ես անում, որ նվեր ես տալիս նախագահին, բայց նվերից ավելի արժեքավոր է խոսքը: Մի՞թե նվերը կարող է արժեք ունենալ, երբ մատուցվող խոսքը զավեշտ է առաջացնում ու ողջ թերթերը, կայքերն ու ֆեյսբուքը սարկազմի սրերը հանած թիրախին են խփում: Մանվելի դաղածը դաղած է, էդ ո՜նց է դաղում նախագահին. «Ապրես, որ դու կաս, վերջին բոլշևիկ»: Հետո էլ լրագրողին բացատրում է. «… ասացվածք է էլի, վերջին բոլշևիկներն են: Չե՞ս լսել էն կինոյի մեջ, ասում են՝ վերջին բոլշևիկներն են էլի»: Բայց ինչու՞ վերջին, ինչու՞ է Մանվելը  բոլշևիկների քյոքը կտրում կամ այդ ի՞նչ ժողովրդական ասացվածք է, որի մասին միայն ինքը գիտե: Ես չհասկացա՝ նախագաhին նվիրածը եթե գրիչի տեսքով զենք էր կամ զենքի տեսքով գրիչ, սպասում էի, որ նախագահը՝ ի զեն կանի. «Էդ քանի գլուխ ունես, որ ինձ վերջին բոլշևիկ ես ասում»: Ընդհակառակը, նախագահը շնորհակալություն հայտնեց. «Շնորհակալ եմ, առանց զենքի չկա փրկություն»: Ասաց ու չօգտագործեց այդ զենքը՝ վերջին բոլշևիկին փրկելու նկատառումով:



 Հայաստանյան ողջ մամուլը «վերջին բոլշևիկ»- ով է զբաղված ու չեն գտնում պատասխանը, թե ինչու Մանվելն այդպես ասաց, վարկածներ են  առաջ քաշվում: Ոմանք նույնիսկ հերոսացնում են Մանվելին, որ կարողացել է նման բնորոշում տալ, մինչդեռ իրական պատճառն այլ ակունքներում է: Մարդկային սովորական հոգեբանության մեջ: Սովորաբար մեծ հուզումների ժամանակ մարդը թույլ է տալիս այնպիսի բաներ, որ հետո ինքն էլ չի հասկանում, թե ինչու այդպես արեց կամ ասաց: Հոգեբանության մեջ կա գերարժեքության սինդրոմ, որը պարադոքսալ երևույթ է: Այսինքն մարդը որևէ օբյեկտի, երևույթի օծում է գերարժեքությամբ ու բնական է առնչությունը նրա հետ ահավոր մեծ լարվածություն, հուզում է առաջացնում: Հենց այդ լավածությունը, հուզումն է եղել նման արտահայտության պատճառը: Նախագահը Մանվելի համար եղել է այն բարձրակետը, ում կամեցել է պարուրել ամենա… ամենա խոսքերով: Ու դա է ստացվել: Մի շատ հասարակ օրինակ բերեմ, որի ականատեսն եմ եղել: Հոգեհանգիստ էր: Մահացել էր երիտասարդ տարիքով մի տղամարդ: Կինը բառիս բուն իմաստով կոտորում էր իրեն: Շրջաններում էլ գիտեք՝ լացը ողբի է վերածվում: Այնպիսի հուզիչ բառեր էր ասում, որ մարդիկ թաշկինակները հա՜ փոխում էին: Մեկ էլ որտեղից որտեղ այդ կնոջ շատ մտերիմ, իրար ծոցում մեծացած ընկերուհին եկավ, ով Երևանում  հաջող կերպով դասավորել էր իր կյանքը: Բոլորը ետ քաշվեցին, որ նա մոտենա ու ողբին մասնակից լինի: Սիլոն մոտեցավ ու ձեռք տալու, լաց լինելու փոխարեն պայուսակը սկսեց քրքրել ու հանկարծ այնտեղից հանեց իր նոր լուսանկարն ու մեկնեց ողբացող ընկերուհուն՝ նոր նկարս է,-ասաց ու նկարի ետևում կատարած մակագրությունը կարդաց.



Ից-ից Սևոյին,



Ին-ին Սիլոյից:



Սևոյին մոտ կանգնած կանայք փռթկացին, հետո այդ փռթկոցը վերածվեց քրքիջի, վերջում՝ խեղդոցի: Ողջ մեռելատունը թաշկինակների մեջ քրքջում էր, իսկ Սիլոն չէր հանդատվում՝ սևազգեստ ու լացից քոռացած ընկերուհուն ստիպում էր, որ նայի ու մակագրությունը կարդա: Այդ համառ դիմադրությունը, երբ սևազգեստը չէր վերցնում, իսկ Սիլոն ստիպում էր, որ վերցնի, այնպիսի զվարճալի ներկայացում էր հիշեցնում, որ կանայք արդեն իրենց աղիներն էին շոշափում՝ մեռնես ոչ դու՝ Սիլո՜… Ամենավերջում Սևոն սկսեց քրքջալ ու թաշկինակով բերանը ծածկելով, համարյան խեղդամահի ձայնով մրմնջաց՝ Սիլո՜, բա տրա վախտնա՞… Թաղումից հետո, երբ զրուցեցինք Սիլոյի հետ, անկեղծացավ. «Սևոյին այդ վիճակում տեսնելով, չգիտեմ՝ հետս ի՞նչ կատարվեց: Ուզում էի նենց մի բան անել, որ ուրախացնեմ: Էն էլ նենց բան արի, որ սաղին ծիծաղացրի՝ համ ես խայտառակ եղա, համ ձեզ խայտառակ արի»: Պարզվեց, որ նա այդ նկարը նախատեսել էր թաղումից հետո նվիրել Սևոյին, բայց հուզումն ու շփոթությունը արագացրել են պահը: Հետո էլ սկսեցինք ծիծաղել Սիլոյի անկեղծության վրա:



Կարծում եմ այս պատմությունից հետո էլ պետք չէ վերլուծել Մանվելի քայլը: Մարդը նախագահի ջերմ վերաբերմունքից այնքան է շփոթվել, որ գլուխը կորցրել ու պատմական բոլշևիկն է հիշել, երևի կյանքում պատմությունից մի դաս է սովորած եղել, դա էլ այդ դասն է եղել: Դե գեներալը հո չի կարող Սիլոյի անկեղծությամբ ասի՝ արա՜, չգիտեմ հետս ինչ կատարվեց, որ բերանս եկան այդ բառերը… Պետք էլ չի, որ ասի, նոր ծիծաղի ալիք կբարձրանա, ավելի լավ է՝ պատճառներ որոնի ու ապացուցի, թե ինչու է վերջին բոլշևիկ ասել: Շատ սիրելու վերջն էլ դա է լինում: Թարսի պես էլ էրեգ Սուրբ Սարգիսի տոնն էր և սերը լիառատ էր:



 



 



 ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ