173-րդ հանրապետականը

173-րդ հանրապետականը

Արդեն մի քանի ամիս է՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Ատաշես Կարապետյանը, որն ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայրն է, գալիս է գործի, բայց մեկուսացված է աշխատանքից: Քաղաքապետը նրան ոչ մի հանձնարարություն չի տալիս՝ ամեն կերպ ցույց տալով, որ աշխատանքից հեռացման դիմում գրի: Այս պատմությունը քաղաքում բոլորը գիտեն: Բանը հասել է նրան, որ մշակույթի բաժնի պետի պարտականությունները դրվել են նոր աշխատողի՝ Հարություն Սաֆարյանի վրա, որին քաղաքապետարանում ժամանակավոր պաշտոնակատար են համարում:



 



Ըստ քաղաքապետի մամուլի քարտուղարի, նման բան չկա, եւ բաժնի պետ մնում է Արտաշես Կարապետյանը, իսկ Սաֆարյանի գալով՝ ուղղակի ծանրաբեռնվածության վերաբաշխում է կատարվել: Քաղաքապետի եւ մշակույթի բաժնի պետի միջեւ ծայր առած լարվածության պատճառների մասին տարբեր վարկածներ են շրջում: Պատմում են, որ այն սկսվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Գյումրի այցելությունից: Արտաշես Կարապետյանը Լենինական հանրապետականի կրծքանշանով է բեմ բարձրացել եւ դրանով, իբր, զայրացրել է Ծառուկյանին: Մյուս վարկածի համաձայն, Գյումրու քաղաքապետին զայրացրել է այն, որ մշակութային միջոցառումներից մեկի ժամանակ Կարապետյանը գովել է նախկին քաղաքապետին: «Ես չեմ կարող ասել, թե պատճառը որն է: Նա ինձ կանչեց իր աշխատասենյակ, երկար զրույց ունեցավ, կարող եմ ասել, որ դա խռոված մարդու զրույց էր: Նա պահանջել է, որ ես աշխատանքից ազատման դիմում գրեմ, ես էլ չեմ գրում»,- ասաց մեզ Արտաշես Կարապետյանը: Հարցին, թե ինչով է նա հիմա զբաղվում աշխատավայրում, պատասխանեց. «Հիմա ես մշակութային միջոցառումների սցենարներ եմ նայում, աշխատում եմ զբաղվել իմ գործով: Իհարկե, սա տեսական աշխատանք է զուտ:



 



Ենթակառուցվածքների հետ շփում չկա: Ես կատարյալ մեկուսացման մեջ եմ: Սակայն ոչ մի թերացում գործում թույլ չեմ տալիս»: Մեր տեղեկություններով, Արտաշես Կարապետյանի դուստրը՝ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, զանգում է հեղինակավոր մարդկանց եւ փորձում նրանց միջամտությամբ օգնել հորը, ինչն Արտաշես Կարապետյանը ժխտում է՝ հիշեցնելով, որ երեք տասնամյակի աշխատանքային փորձ ունի, աշխատել է տարբեր քաղաքապետերի հետ եւ բավարարել է ամենախստապահանջ ճաշակն անգամ. «Երեխաները կապ չունեն: Էդքան բարձր պաշտոն զբաղեցնել եւ այդքան մանրախնդիր լինել: Ափսոս մեր քաղաքը»: Արտաշես Կարապետյանը մարտական է տրամադրված, թեեւ խոստովանում է, որ սրտի պրոբլեմներ ունի եւ երրորդ անգամ գնալու է ստենդավորման: Իսկ գյումրեցիներն ուշի ուշով հետեւում են նրա եւ քաղաքապետի պայքարին: Նույնիսկ հաշվել են, թե քանի հանրապետական է գործից հանել Սամվել Բալասանյանը, ասելով. «Եթե կարողանա Արտաշին ազատել, սա կլինի 173-րդ ազատված հանրապետականը»:



 



 Սյուզան Սիմոնյան