Որպես կանոն՝ հասարակությունն է գնում կոշտ քայլերի

Որպես կանոն՝ հասարակությունն է գնում կոշտ քայլերի

Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի կոնսոլիդացման գործընթացը բնականոն հունով շարունակվում է:  Գագիկ Ծառուկյանի հետ առանձին հանդիպումներն այսօր կամփոփվեն չորսի հավաքով, որը կկայանա Ազգային ժողովում եւ կհերքի չարագուշակ կանխատեսումները ոչ իշխանականների պառակտման մասին: Ծառուկյանի գլխավորած  ճամբարի ապագայի մասին կանխատեսումներից փորձում են զերծ մնալ նաեւ երբեմնի մանդատավոր ակտիվ ԲՀԿ-ականները, ովքեր հալածվեցին ԲՀԿ-ՀՀԿ-ի կոնսոլիդացվելու տարիներին իրենց համարձակ մեկնաբանությունների կամ չհամաձայնեցված պահվածքի համար: Նրանցից մեկը տնտեսագիտության դոկտոր, նախկին պատգամավոր, այժմ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան  Բոստանջյանն է, ում փոխարինեցին տնտեսագետ Միքայել Մելքումյանով: Վերջինս մեծագույն էնտուզիազմով ԲՀԿ-ի հեղափոխական մեքենան փաստարկներով քշում է դեպի Տիգրան Սարգսյանի գրասենյակ: Ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացման գործընթացի եւ հատկապես ճակատագրի վերաբերյալ զրուցեցինք Վարդան Բոստանջյանի հետ:



 



- Պարոն Բոստանջյան, այս փուլում, երբ կուսակցությունը ոչ իշխանական ճամբարում է, առաջարկե՞լ են Ձեզ ակտիվանալ տնտեսագիտական վերլուծություններով եւ ի դերեւ հանել կառավարության ապաշնորհ գործելաոճը:






- Անձամբ էս պահի դրությամբ որեւէ խոսակցություն կամ թեկուզ  հպանցիկ առաջարկություն իմ ուղղությամբ չի եղել:



 



- Ձեր կարծիքով, քառյակի  կոնսոլիդացման գործընթացը կհաջողվի՞:






- Ամեն դեպքում, ժողովրդական խոսք կա, ասում են՝ փորձը փորձանք չի: Ես էս պրոցեսներին այնքանով եմ դրական նայում, որ հասկանում եմ, որ սա ընդհանրապես իշխանություններին ավելի զգաստացնող է, արդյունավետ աշխատելու պահանջն այսպիսով բարձրանում է, եւ այդ առումով պետք է ընդհանրապես այս գործընթացին դրական նայել:



 



- Պարոն Բոստանջյան, ԲՀԿ-ի՝  իշխանությունների հակառակ ճամբարում լինելը շատերին իմիտացիա է թվում, համարում են, որ  Ծառուկյանը չի կարող անջատվել իշխանությունից: Ձեր կարծիքով, կարո՞ղ է անջատվել:






- Գիտեք, բոլոր դեպքերում գործընթաց է, որի վերաբերյալ մարդիկ  բազմաթիվ տեսակետներ են արտահայտում, մի կողմից՝ կարծես թե իրավունք ունեն, կարող են, մյուս կողմից էլ՝ որեւէ մեկի ասածը չի կարող վերջնական ճշմարտություն լինել: Ընդհանուր առմամբ, թե ինչ զարգացումներ կլինեն ու ինչ արդյունք, ժամանակը ցույց կտա: Դրա համար ես հակված չեմ մեկնաբանելու մեկի կամ մյուսի կարծիքը:



 



- Այս օրերին շրջանառության մեջ են դրվել 2008 թվականին ԲՀԿ-ի հայտարարությունները, որոնք ուղղված էին ընդդիմադիր ուժերին, որոնք համարձակվում են պայքարել, համախմբվել իշխանության դեմ: Նաեւ այդ հուշերն են անվստահություն առաջացնում նախկին իշխանական գործընկերոջ նկատմամբ: Ի՞նչ եք կարծում, արժե՞ համեմատության մեջ դիտարկել ներկայիս գործողությունները:






- Քաղաքական ուժերը 2008-ից մինչեւ 2014 թվականը, ելնելով քաղաքական զարգացումներից, դիրքորոշումները կարող են փոխել: Ուզում եմ ասել՝ 2008-ն անցած ժամանակահատված է, պետք չի դրա վրա հենվելով՝ ասել, թե այսօրվա մոտեցումն ինչպիսին է: Ես չեմ ուզում մեկը մյուսի հետ կապել:



 



- ԲՀԿ առաջնորդն անցած շաբաթ հերթով հանդիպեց չորս ուժերին, համախմբումը որոշիչ փուլ մտա՞վ, մարտահրավե՞ր էր իշխանություններին:






- Կարելի է նաեւ այդպես որակել, չնայած չէի ասի, որ ի սկզբանե սցենարն այդպես էր գծված: Բոլոր դեպքերում, ես հասկանում էի մի բան, որ քաղաքական ուժերի կտրվածքով, անկախ որեւէ մեկի ցանկությունից, «Բարգավաճ Հայաստանը» հանդիսանում է ուժեղ քաղաքական ուժ, եւ այդ ուժը կարող է նաեւ այդ պրոցեսների զարգացումն ու իմպուլսը շոշափելու համար այս հանդիպումները կազմակերպի, նորից եմ ասում՝ ցանկացած պարագայում հանդիպումներով կբացահայտվի, թե ինչը բոլորին կմիացնի կամ ոչ:



 



- Մինչ քառյակը կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծը կներկայացնի խորհրդարան, հանրապետականները հայտարարում են, որ այդ ճանապարհն անհնարին է՝ համապատասխան ձայների բացակայության պատճառով, եւ մատնանշում են լեգիտիմ ճանապարհը՝  հերթական ընտրություններ: Բացի խորհրդարանից, էլ ինչպե՞ս կարող են ընթացք տալ կառավարությանն անվստահություն հայտնելու ծրագրին:






- Որպես կանոն՝ հասարակությունն է գնում կոշտ քայլերի: Այս հանդիպումներն էլ, ըստ էության, պետք է նաեւ դա ցույց տան՝ հասարակությունը որքանո՞վ է պատրաստ ու որքանո՞վ է նպատակահարմար գտնում կոշտ քայլերը: Այսօրվա դրությամբ ես ասեմ, որ հայ իրականության մեջ նման զարգացումներ չեն եղել, ու արտակարգ հեռանկար էլ ես գոնե չեմ տեսնում, որ լինելու է: Ցանկացած զարգացում պետք է հասարակության աջակցությունն ստանա, դրա համար համագումարում պարոն Ծառուկյանն ասաց՝  հասարակական ու քաղաքական կոնսոլիդացիա է ընթանում:



 



- Պարոն Բոստանջյան, այն ժամանակ էլ, հիմա էլ տնտեսությունը ծանր վիճակում է, Ձեր կարծիքով, ի՞նչը ստիպեց հաջողակ, իշխանության հովանու տակ գործող գործարարին ընդդիմադիրների հետ կոնսոլիդացվելու գործընթաց սկսել:






- Ես էլի եմ ասում՝ ես ունեցել եմ ավելի մակերեսային շփում, չեմ կարող այդ երեւույթների խորքն ասել, չեմ նկատել ու չեմ իմանում:



 



- Մի մասը կարծում է, որ Ծառուկյանն է ՀԱԿ-ի ընդդիմադիր ռեսուրսն օգտագործում իր անձնական ցանկություններն իրագործելու համար, ոմանք էլ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն է  ԲՀԿ-ի ռեսուրսով փորձում իր քաղաքական ծրագրերն իրականացնել:






- Նման տեսակետ ես չեմ ընդունում, համախմբում է ընթանում: Իշխանություններն էլ բացարձակապես վատ չեն նայում էդ պրոցեսներին: Դա լավ բան է՝ կոնսոլիդացիան, որը բոլոր դեպքերում բազմաթիվ կողմերի զգուշացնում է, որ ինչ որ անում են՝ արդյունավետ ու ճիշտ անեն:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]