Հաղթանակի երաշխիք չկա, վարչապետի թեկնածու չկա, բայց զարթոնքի հույս կա

Հաղթանակի երաշխիք չկա, վարչապետի թեկնածու չկա, բայց զարթոնքի հույս կա

Կառավարությանն անվստահությոսւն հայտնելու գործընթացն արդեն սկսված է․ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը ստորագրահավաք են սկսելու այդ կապակցությամբ։ Սակայն հարցին, թե ով է լինելու նոր վարչապետը, եթե հանկարծ կառավարությունն իսկապես հրաժարական տա կամ կա՞ արդյոք նոր կառավարության կազմի կադրային պլանը մշակած, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այսօրվա հանդիպմանն իրենք նման հարցեր դեռևս չեն քննարկել և առայժմ նման հարց չեն էլ դնում օրակարգում ու հիշեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի՝ այս տարվա մարտի մեկի հանրահավաքին հնչեցրած հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանի օրոք որևէ կառավարության մեջ ՀԱԿ-ը որևէ պաշտոն չի պատրաստվում ստանձնել:



 



Իսկ այն դիտարկմանը, թե այնուամենայնիվ խորհրդարանում վերջնական արդյունքը կախված է մեծամասնության քվեարկությունից, իսկ մեծամասնությունը ՀՀԿ-ն է, որը հազիվ թե կողմ քվեարկի իրենց որոշմանը, Լևոն Զուրաբյանն ասաց․ «Մենք այնպիսի մի գործընթացի մեջ ենք մտնում, որտեղ կուլիսային բանակցությունները կարևոր չեն: Բոլորս էլ հասկանում ենք, որ իշխանությունները կնահանջեն միայն մեկ դեպքում, եթե ժողովուրդը դուրս գա փողոց: Մեր նպատակն է ապահովել համաժողովրդական մոբիլիզացիա Ազատության հրապարակում: Այդ առումով նաև համատեղ միջոցառումներ են կազմակերպվում: Դրանք կլինեն նաև հանրահավաքների տեսքով և կզուգորդվեն խորհրդարանական զարգացումներին»։



 



Ըստ Զուրաբյանի՝ ճահճից դուրս գալու համար չորս ուժերը ժողովրդին առաջարկելու են այլընտրանքային ընթացք, որը վերափոխելու է Հայաստանը՝ արմատական փոփոխությունների միջոցով ու ժողովրդի ակտիվ մասնակցությամբ: 





Իսկ թե ինչ երաշխիքներ կան այդ գործընթացքում դրական արդյունքի հասնելու համար, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց․ «Այդ գործընթացի վերաբերյալ, որը մենք ձեզ հետ միասին նախաձեռնել ենք, ոչ ոք չի կարող հստակ երաշխիք տալ: Բայց երկիրն այն վիճակում է, երբ բոլորիս ուժերի համախմբում է պետք, այդ թվում՝ նաև սկեպտիկ լրագրողների և լրատվամիջոցների: Իսկապես սկսվել է պրոցես, կա ժողովրդի արձագանք, զարթոնքի հույս: Մի քիչ դուք էլ հավատացեք, որ դրանից ոչինչ չեք կորցնելու»։



 



 



Վահե Մակարյան