Ի՞նչ սկզբունքով եվ ո՞ւմ են հատկացվում կրթաթոշակները

Ի՞նչ սկզբունքով եվ ո՞ւմ են հատկացվում կրթաթոշակները

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն այս տարի 780 ուսանողի կրթաթոշակ է տվել: «Բարձր կամ գերազանց առաջադիմություն, սոցիալապես անապահով կարգավիճակ, միակողմանի ծնողազուրկ, սահմանամերձ գյուղի բնակիչ, հասարակական որոշակի ակտիվություն». ահա այն չափորոշիչները, որոնցով առաջնորդվել է Հիմնադրամը։ Սակայն միայն այն փաստը, որ կրթաթոշակ ստացողներն առաջին կուրսեցիներ են, որոնց առաջադիմության մասին խոսելը վաղ է, արդեն կասկածների տեղիք է տվել: Ոմանք ենթադրում են, որ կրթաթոշակի տակ երիտասարդներին «վերբովկա» են անում, որ Հանրապետականի թեւի տակ աճեցնեն ու օգտագործեն իրենց նպատակների համար: Մենք զրուցեցինք Հիմնադրամի տնօրեն, ՀՀԿ երիտթեւի առաջնորդ Կարեն Ավագյանի հետ։



 



- Ո՞ր բուհերի ուսանողներն են ընդգրկվել այդ ծրագրում։






- Բոլոր պետական, միջպետական բուհերը եւ մարզային բուհերը։



 



- Իսկ ո՞ր կուրսի ուսանողներին է տրվել։






- Միայն առաջին կուրսեցիներին՝ նրանց առաջին կիսամյակի առաջադիմության հիման վրա։ Տարին մեկ անգամ է հայտարարվում նման մրցույթ եւ միայն առաջին կուրսեցիների համար։ Նպատակը հետեւյալն է, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներին խրախուսենք, որ հետո իրենք իրենց առաջադիմությամբ կարողանան ռոտացիոն համակարգով հայտնվել անվճար համակարգում, ինչպես նաեւ օգնել էն կարիքավոր ուսանողներին, ովքեր ունեն վարձավճարների խնդիր։



 



- Որքա՞ն գումար է տրամադրվում յուրաքանչյուր ուսանողին։






- Յուրաքանչյուրին՝ 80 հազար դրամ։ Այսինքն՝ 60 մլն դրամը բաշխվել է 180 հոգու միջեւ։



 



- Կարծիք կա, որ ՀԵՀ-ը, որի ղեկավարը Դուք եք, որպես ՀՀԿ-ական պատգամավոր, այսպիսի ծրագրեր իրականացնելով՝ նաեւ երիտասարդների կուսակցականացման կամ ՀՀԿ-ի շարքերը ներգրավելու նպատակ է հետապնդում։






- Ես Ձեզ կարող եմ հետեւյալն առաջարկել. ամբողջ ցանկը մեր կայքում դրված է՝ 780 ուսանողի անուն-ազգանունով, կարող եք Դուք ինքներդ ուսումնասիրել եւ եթե կհայտնաբերեք Ձեր ասած որեւէ մի տվյալ, մեկ օրինակ, խնդրում եմ այդ մասին ինձ տեղյակ պահեք։



 



- Մեկ օրինակ, որ ՀՀԿ-ակա՞ն լինի այդ ուսանողը։






- Ոչ, մեկ օրինակ, որ ինքն այդ կրթաթոշակն ստանում է հենց դրա համար։



 



- Պարզապես մտահոգություններ կան, որ դրանք արվում են ավելի շատ կուսակցական-շահադիտական նպատակներով։






- Ես ուզում եմ, որ չմտահոգվեք, որեւէ նման խնդիր չկա, սա ոչ թե առաջին, այլ չորրորդ տարին է, որ մենք տալիս ենք, այդ չորս տարվա ցուցակները մեր կայքում դրված են, եւ եթե այդ չորս տարվա ցուցակները տեսնեք, Դուք կհամոզվեք, որ որեւէ մտահոգվելու խնդիր չունեք։ Ու եթե որեւէ ուսանողի տվյալ Ձեզ պետք լինի, թե ինչի համար է նա այդ կրթաթոշակն ստացել, մենք պատրաստ եք նաեւ այդ տվյալները տրամադրել, կամ կարող եք ինքներդ այդ ուսանողի հետ զրուցել։



Այս թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ, ում ներկայացրած քաղաքական թիմի ղեկավարը նույնպես բարեգործական հիմնադրամ ունի՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, որը եւս երիտասարդներին կրթաթոշակներ է տալիս։ Էնֆիաջյանը, սակայն, էական տարբերություններ է տեսնում ՀԵՀ-ի եւ իրենց հիմնադրամի միջեւ։ «Ես ինքս բազմիցս ԱԺ բարձր ամբիոնից մտահոգություններ հայտնել եմ այդ հիմնադրամի կապակցությամբ, մասնավորապես հոգաբարձուների խորհրդի կազմն եմ թվարկել` ասելով, որ նրանք բարձրաստիճան պաշտոնյաներ են եւ, ի դեպ, ՀՀԿ-ական պաշտոնյաներ. այդ խորհրդի 8 հոգանոց խմբում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, սփյուռքի նախարարը, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահն էլ ՀՀ վարչապետն է: Ես արդյունավետության մասին իմ մտահոգությունները բազմիցս բարձրացրել եմ, եւ, միեւնույն ժամանակ, սրանք այն գործառույթներն են, որոնց շրջանակներում յուրաքանչյուր հիմնադրամ պարտավոր է թափանցիկ գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետության համար, եւ, ամենակարեւորը, մեր հիմնադրամը գործում է մասնավոր անձի միջոցներով, որը որ բարեգործությամբ է զբաղվում, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը դա Հայաստանի՛ երիտասարդների հիմնադրամն է, որը ոչ միայն պարտավոր է երիտասարդների համար մի բան անել, այլ այն գումարները, որոնք գոյանում են, դրանք ուսման վարձերից են գոյանում, պետական բյուջեից են գոյանում, եւ դրանք բոլորի համար պետք է տեսանելի ու թափանցիկ լինեն»,-ասաց Վահե Էնֆիաջյանը։



 



Իսկ ի՞նչն է եղել ոչ թափանցիկ, Էնֆիաջյանն ասաց, որ ինքը բազմիցս ասել է, որ 500 մլն դրամից ավելի գումար է հատկացվել երիտասարդական քաղաքականության ոլորտին, բայց հարց է առաջանում, թե քանի՞ հոգի են այդ հիմնադրամի մասին լսել, քանի՞ հոգի են այդ միջոցառումներին հաղորդակից դարձել, կամ, առհասարակ, մարդիկ ի՞նչ կարծիք ու տպավորություն ունեն այդ հիմնադրամի գործունեության վերաբերյալ. «Միեւնույն ժամանակ, նույն այդ հիմնադրամը Հայաստանի Հանրապետության պետական երիտասարդական քաղաքականության բյուջեից ավել գումար է տնօրինում, ինչը եւս ես աննորմալ եմ համարում։ Աշխատակազմի հետ կապված էլ եմ ես մտահոգություն հայտնել` 119 մլն դրամ 122 հոգու համար: Ընդհանրապես, նրանց ծրագրերից շատերից տեղյակ չէ ոչ ոք, աշխատակազմի գործառույթների մասին ոչ ոք չգիտի եւ այլն»։



 



Իսկ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը «պետական հիմնադրամ չէ, պետական միջոցներով չեն գոյանում այդ միջոցները, ի տարբերություն, օրինակ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, որն առավել քան պարտավորված պիտի զգա իրեն հայ հասարակության, երիտասարդության առաջ, պետք է նաեւ հաշվետու լինի, թե ինչպես են այդ գումարները ծախսում հիմնադրամի ղեկավարները»,- ամփոփեց այլընտրանքային պատգամավորը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ