ՀՀ ամենամեծ գաղտնիքը

ՀՀ ամենամեծ գաղտնիքը

Հիմա կբացահայտեմ ՀՀ ամենագաղտնի ծրագիրը:  Անվտանգության ոլորտի: Դատարանն ինձ շատ խիստ պատիժ չի տա, քանի որ այդ ծրագիրն արդեն իսկ 80 տոկոսով իրագործվել է, եւ թշնամիները չեն հասցնի օգտվել այս բացահայտումից:



 



Երբ մեր երկիրն անկախացավ, ազգի նորահայտ հայրերը  նայեցին հարավ եւ հասկացան, որ այնտեղ թշնամիներ են: Նայեցին հյուսիս՝  նույնը: Արեւելքում եւ արեւմուտքում նույնպես թշնամիներ էին: Եվ բոլորն էլ ցանկանում էին տիրանալ ՀՀ հարստություններին՝ Արարատյան դաշտավայրին, Սեւանա լճին, մեր քաղցրահամ  եւ հանքային ջրերին, Սյունիքի եւ այլ շրջանների լեռներին՝ դրանց մեջ պարփակված մետաղական եւ այլ հարստություններով: Սեփականացնել մեր հզոր արդյունաբերությունը, հարուստ մշակույթը, զարգացած գիտությունը: Եվ այդ բոլոր թշնամիներին պետք է դիմակայեր 4 միլիոնից էլ պակաս բնակչություն ունեցող Հայաստանը, ինչն անհնար էր: Այդ պատճառով էլ ազգի հայրերը որոշեցին այնպես անել, որ մեր երկիրն այլեւս այդքան գայթակղիչ չլինի: Նաեւ՝  այնպես  կոփել եւ դաստիարակել հայաստանցիներին, որ նրանք կարողանան դիմակայել ամենաանհավատալի դժվարություններին եւ միայն նրանք կարողանան բնակվել  նորանկախ Հայաստանում: Ստեղծել մարդու նոր տեսակ՝ Homo Armenikus։



 



Ազգի մեր նորահայտ հայրերն իսկույն գործի անցան: Նրանք  իրար միջեւ բաժանեցին ՀՀ արդյունաբերական եւ գյուղատնտեսական ձեռնարկություններն ու այնպես արագ ոչնչացրին դրանք, որ մնացին միայն կիսաքանդ շենքեր՝ առանց դուռ-պատուհանների: Ամեն տեսակի սարքավորումներն ու հաստոցները նրանք որպես մետաղի ջարդոն հանձնեցին հարեւաններին: Կտրեցին անտառների եւ բնակավայրերի ծառերը: Չորացրեցին Արարատյան դաշտավայրի խորքային ջրերը, ավելացրին այնտեղի աղուտները: Գործարարներին եւ բնակիչներին թույլատրեցին  խարխլել բնակելի շենքերը: Գիտության եւ արվեստի գործիչներին,  ինժեներներին եւ այլ մասնագետների այնքան քիչ աշխատավարձ սկսեցին վճարել, որ նրանք ստիպված դարձան վերավաճառողներ, տաքսու վարորդներ ու սեւագործ բանվորներ: Այդ ամենն ազգի հայրերը ստիպված էին անել իրենց եւ իրենց մերձավորների ձեռքերով, որովհետեւ ուրիշները, չհասկանալով  ՀՀ անվտանգության  ապահովմանն ուղղված միջոցառումների կարեւորությունը, կարող էին ցուցաբերել անհարկի խղճահարություն: 



 



Ոչ ոք չի էլ պատկերացնում, թե քանի լիտր սրտային կաթիլներ են ընդունել, որքան թաքուն արցունք են թափել ազգի հայրերն այս ազգանվեր ծրագիրն իրականացնելիս: Հատկապես նրանք, ում ժողովուրդն անվանում է օլիգարխներ, նախարարներ, չինովնիկներ: Նրանք ստիպված էին կաշառք պահանջել, բռնություններ գործադրել, անարդարություններ, ցինիկ հայտարարություններ եւ անխիղճ բաներ անել, նույնիսկ լկտի եւ հանցագործ զավակներ դաստիարակել: Ինչե՜ր ասես, որ չի անի հայրենասեր մարդն իր ազգի անվտանգության համար: Սակայն այլ ելք չկա: Միայն այդպես կարելի է կոփել հայաստանցիների կամքը, ավելացնել նրանց դիմադրողականությունը կյանքի արհավիրքների նկատմամբ: Ստեղծել նոր տեսակի մարդուն՝ ՀՀ քաղաքացուն՝ Homo Armenikus-ին, որը կարողանում է ապրել եւ գոյատեւել նույնիսկ անմարդկային պայմաններում:



 



Ով որ թույլ էր ու չկարողացավ դիմանալ այդ ամենին՝ հեռացավ: Կամ կյանքից, կամ էլ երկրից:



 



Հիմա այդ ծրագրի իրագործման վերջին փուլն է: Երեւանի շենքերի 80 տոկոսը կփլուզվի առաջին իսկ ուժեղ, նույնիսկ միջին ուժգնության երկրաշարժի դեպքում, իսկ այդպիսի երկրաշարժերը Հայաստանում լինում են միջինը 40-50 տարին մեկ: Վերջինը եղել է 1988-ին:



 



Շուտով Սյունիքի լեռների փոխարեն կմնան փոսեր, լցված թունավոր նյութերով՝ այնքան արագ թափով եւ անխնա է իրականացվում հանքահանությունը: Երկրի պարտքերն այնքան շատ են, որ քչերը կցանկանան ստանձնել դրանց փակման պարտավորությունը:



 



Աշխարհաքաղաքական իրավիճակի սրացման պատճառով  որոշվել է արագացնել Հայաստանի գրավչության կորստի գործընթացը: Մեր հայրենասեր ձկնաբույծների գործունեության շնորհիվ հաջողվել է ջրազրկել Արարատյան դաշտավայրը: Փոքր ՀԷԿ-եր կառուցող ազգի նվիրյալները նույն բանն են անում երկրի բոլոր մասերում, ինչը հնարավորություն կտա չորացնել այգիները: Գումարները տեղափոխվում են օֆշորներ, որ թշնամիները չկարողանան տիրանալ դրանց: Նորանոր հարկատեսակներ են հորինվում, որ ավելացվի բնակչության դիմադրողականությունը սթրեսներին: Կուտակայինի դեմ բողոքող ՏՏ ոլորտի ձեռնարկությունների հանդուգն սեփականատերերին որոշվել է պատժել՝ տրոհելով նրանց կայացած ընկերությունները: Հարկերի մեծ զեղչեր կստանան միայն նոր ստեղծված այն ընկերությունները, որոնց աշխատակիցների թիվը կլինի 10-15 հոգի: Հետեւաբար, այսօր գործող մեծ ձեռնարկությունները կդառնան անմրցունակ, եւ նրանց աշխատակիցները կգնան ավելի լավ վարձատրվող նորաստեղծ ՏՏ ընկերություններ: Որոնք կլինեն փոքր եւ ավելի անպաշտպան:



Եվ, որպեսզի վերջնականապես լուծվի ապահով Հայաստանի կառուցման խնդիրը, որոշվել է վերածել Սեւանը մի մեծ ճահճի: Արփա-Սեւանի անգործության պայմաններում նրանից առավել շատ ջուր կվերցվի: Բայց դա կարող է բավարար չլինել այդ սուրբ գործի իրականացման համար: Այդ պատճառով էլ որոշվել է տարեկան այնքան ձկան կեր լցնել Սեւանի մեջ, որքան որ այսօր կա այնտեղ: «Էկոլուր»  կազմակերպության մամլո ասուլիսում հանդես եկած մասնագետների կարծիքով, մի քանի տարի հետո այդ ճահճի անտանելի հոտը կհասնի մինչեւ Երեւան:



Դե, թշնամիներ, մնաց մի քանի տարի: Դրանից հետո Հայաստանը կդառնա լիովին ապահով երկիր: Ուր դուք չեք կարողանա ոչ միայն ոտք դնել, այլեւ ձեր քիթը խոթել:



 



Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ