Ագահ օլիգարխը, պարոն 70 տոկոսը և ինքնակայացող նախարարը

Ագահ օլիգարխը, պարոն 70 տոկոսը և  ինքնակայացող նախարարը

Չորս ոչ իշխանական ուժերի՝  կառավարությանն անվստահություն հայտնելու շուրջ համաձայնությունից հետո խորհրդարանի առաջին քառօրյայի մեկնարկը երեկ վերածվեց ՀՀԿ-ԲՀԿ կոմպրոմատային պատերազմի:



 



Չորս խմբակցությունների առաջարկին, որով նախատեսվում է ստեղծել եւս մեկ ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի Երեւանի քաղաքապետարանի կողմից  2012-13 թթ. բնակչության եւ տնտեսվարող սուբյեկտների կողմից լրացուցիչ վճարների ու տուգանքների գանձման գործընթացը` արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների եւ այլ միջոցներով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետեւանքները, կառավարության անդամները ներկայացել էին մինչեւ ատամները զինված: Առավել քան մարտունակ վիճակում էին նաեւ ոչ իշխանական պատգամավորները, որոնք համարում են, որ այդ արագաչափերը, կարմիր գծերը եւ մնացածը «թալան» են օրը ցերեկով: Արամ Մանուկյանի կարծիքով՝ կարմիր գծերը, արագաչափերը սոցիալական մեծ բեռ են քաղաքացու վրա: «Չկա վարորդ, որ ամիսը երկու անգամ չընկնի արագաչափերի ազդեցության տակ, միջին, համեստ թվերով եմ ասում՝ 15-20 հազար դրամ տալիս են այդ մարդիկ: 350 հազար վարորդ կա Երեւանում, բա այդքան գումա՞րը… քաղաքացիների եկամուտների մեջ այս ամենը կազմում է շատ լուրջ տոկոս: Վարորդներին աշխատեցում են 18 ժամ, ու նրանք դառնում են պոտենցիալ հանցագործ, որովհետեւ մարդը հանցագործ է դառնում այդքան ղեկին նստելուց հետո, բայց աշխատում է, որ մի 2 հազար տանի տուն: Հիմա սրան էլ գումարեք աղքատության թվերը, ի՞նչ է լինում»: Նման սոցիալական ծանրության տակ դնելով քաղաքացուն՝ կառավարությունը, ըստ Արամ Մանուկյանի, մարդկանց ստիպում է բռնել արտագաղթի կամ բունտի ճանապարհը:



 



Էդմոն Մարուքյանի կարծիքով էլ, տեսանկարահանող սարքերը մարդկանց մոտ ուղղակի ատելություն են առաջացրել։ «Ես անձամբ ճանաչում եմ վարորդ, որն այնքան ակտ է ունեցել, որ գնացել է Հայաստանից, ու նման դեպքերը շատ են»: Անկախ պատգամավորը, որպես օրինակ, մատնանշեց Կալիֆորնիան, որտեղ երբ սկսվել է տնտեսական ճգնաժամը՝ իշխանությունները որոշել են արագաչափերն անջատել եւ թողնել, որ փողը մարդկանց մոտ շրջանառվի։ «Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ «մեկ օլիգարխի» մոդելով գործող իշխանությունները գնալով ավելի են կենտրոնացնում բոլոր եկամուտները Սերժ Սարգսյանի ընտանիքի հայտնի անդամների ձեռքին»,- իր հերթին հայտարարեց ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը՝ հիշեցնելով, թե ում են պատկանում արագաչափերի եւ կարմիր գծանշանների հայտնի բիզնեսները, եւ որ դրանց միջոցով ստացված գումարների ընդամենը 30 տոկոսն է բյուջե մուտքագրվում: Լեւոն Զուրաբյանն էլ նկատեց. «Ընդունված է Ալեքսանդր Սարգսյանին անվանել «պարոն 50 տոկոս», բայց, կարծում եմ, ժամանակն է նրան ասել «պարոն 70 տոկոս»»:



 



Կառավարությանը քննադատելիս առավել անողոք գտնվեցին ԲՀԿ-ական պատգամավորները՝ իրենց վրա ուղղելով կառավարության անդամների, մեղմ ասած, քննադատությունները: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների այն գնահատականին, որ «որոշակի ագահ անձ տարեկան 6-8 մլն դոլար կամ եվրո շահույթ է ստանում՝ ի շնորհիվ այն խաղի կանոնների, որ գործում են», չխնայեց նրանց: «Երբ այդ միտքը հնչեցվում էր, ես մտածում էի՝ ո՞ր մասնավոր անձի մասին է խոսք գնում: Այդպիսի չափանիշներին բավարարող միայն մեկ օրինակ հիշեցի, Երեւանի մերձակայքում գործող միայն մեկ կազինո, որը տարեկան իսկապես 6-8 մլն եվրո շահույթ է ստանում: Ստանում է այդ շահույթը նաեւ շնորհիվ նրա, որ նաեւ ձեր ֆրակցիան միահամուռ կերպով քվեարկել է, որպեսզի ամբողջ, չակերտներում, փոքր բիզնեսը փակվեր, լիքը աշխատատեղ փակվեր, որ ձեր իսկ սահմանած խաղի կանոնների արդյունքում այդ մասնավոր անձը ստանար այդ շահույթը: Այո, համաձայն եմ, որ ագահությունը պետք է չափ ու սահման ունենա»,- շշպռեց նախարարը՝ ակնարկելով Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատնային ցանցը: Նախարարն այնքան ոգեւորվեց, որ սկսեց զվարճանալ. «Ինչո՞ւ այս հանձնաժողովի շրջանակներում նաեւ այդ հարցը չի դրվել քննարկման»: «Նույն տրամաբանությամբ կառավարությանը կարելի էր մեղադրել, որ հենց այդ օրենքների արդյունքում է, որ փոքր բիզնեսը ոչնչանում է, աշխատատեղ է փակվում: Կարծում եմ՝ դա ձեզ պարզապես ձեռ չի տալիս այս պահին, որովհետեւ նաեւ ձեզ է վերաբերում, ոչ միայն կառավարությանը: Այստեղից բխում է մեկ հետեւություն, թե ինչի համար է սա արվում՝ քաղաքական սիրուն բեմադրությո՞ւն է. այս հարցի պատասխանը թողնում եմ ձեզ»,- ասաց Դավիթ Սարգսյանը, ապա անցավ Արամ Մանուկյանին. «Հենց նման հարցերից կարելի է եզրակացնել, որ սոցիալական բունտին միայն կառավարությունը չի տանում, այլ հիմնականում ընդդիմությունն է նպաստում: Դուք էլ հասկացել եք, որ վերջիվերջո ոչ ոք չի հավատում նաեւ ձեզ»:



 



Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ բառացի հայտարարեց, թե ոչ իշխանականներից կառավարությունը չի վախենում: Նիստի ավարտից հետո ֆինանսների նախարարի  առաջարկի վերաբերյալ փորձեցինք լսել ԲՀԿ-ականներին, սակայն Միքայել Մելքումյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, իսկ ոմանք ասացին, թե շտապում են: Արամ Մանուկյանին հարցրինք. «Ի՞նչ եք անելու, որ կառավարությունը վախենա»: «Օրենքով ենք իրենց պատժելու»,- պատասխանեց, եւ ահա թե ինչպես. «Հարկերից խուսափողները հարկ կմուծեն, ապօրինի գործարք անողները դատարան կգնան»: Փաստորեն, քառյակը մոտ ապագայում իշխանությա՞ն է գալու: «Դե, ապրիլի 28-ին մենք դնում ենք կառավարության անվստահության հարցը, հաջորդ քայլը պետք է հետեւի գործերը դատախազություն ուղարկելը: Այսինքն՝ Որոտանի, գազի, օֆշորի, հազար հարց կա, բոլոր հարցերը»: Վստահո՞ւմ եք գլխավոր դատախազին: «Ես գիտեմ, որ այս գործերն ապօրինություններ են»: Ենթադրենք՝ բոլորն են դրանում համոզված, հետո՞: «Իմ ասածի իմաստը հետեւյալն է՝ մենք ոչ թե կառավարության հրաժարականը պահանջում ենք Տիգրան Սարգսյանին Սարգիս Տիգրանյանով փոխելու, այլ բացահայտելու այն բոլոր ապօրինությունները, որոնք այս տարիներին արել է, որոնց արդյունքում տուժել են քաղաքացիները եւ լքել են Հայաստանը: Այսինքն՝ ապօրինությունների բացահայտումը եւ մեղավորներին պատժելը»,- կրկնեց ՀԱԿ լավատես պատգամավորը:



 



 



ՀԳ. Ի դեպ, ուշագրավ է, որ ԲՀԿ-ականները դահլիճում ծպտուն չհանեցին Դավիթ Սարգսյանի օբյեկտիվ պոռթկումներից հետո եւ միայն առյուծ կտրեցին նիստի ավարտից ժամեր անց՝ Վահե Էնֆիաջյանի անունից մի կիսատ-պռատ հայտարարություն տարածելով, թե նախարարը «խորհրդարանական ամբիոնի հետեւից փորձում էր ինքնակայանալ»:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]