ՄԻՊ գրասենյակը դատապարտում է ոտնձգությունները իրավապաշտպանների նկատմամբ

ՄԻՊ գրասենյակը դատապարտում է ոտնձգությունները իրավապաշտպանների նկատմամբ

Ցավով տեղեկացանք, որ մայիսի հինգին Հասմիկ Խաչատրյանի գործով դատական նիստից հետո Գավառ քաղաքում նրան աջակցելու համար այնտեղ գտնվող իրավապաշտպանների հասցեին որոշ քաղաքացիների կողմից բռնության ենթարկվելու սպառնալիքներ և հայհոյանքներ են հնչեցվել, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Կանանց աջակցման կենտրոն» կազմակերպությունների գործունեությունը որակվել է որպես «հայ ընտանիքները քանդող», իսկ կազմակերպությունների ներկայացուցիչներին ատելության կոչերով հորդորել են հեռանալ:






Կրկին ականատես ենք դարձել իրավապաշտպանների նկատմամբ կատարվող ոտնձգություններին, ինչն էլ հանդիսանում է նման արարքների համար անպատժելիության առկայության, իրավական թերի կարգավորման և իրավասու մարմինների կողմից ոչ լիարժեք արձագանքի արդյունք: Մտահոգիչ է նաև այն, որ չնայած ընտանեկան բռնության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքներին, շատերը դեռևս ունեն այն համոզմունքը, որ տղամարդը իրավունք ունի ապտակել կնոջը, իսկ ընտանեկան բռնությունը հայ հասարակությանը հարիր երևույթ է: Առհասարակ դատապարտելի է նման վերաբերմունքը յուրաքանչյուրի նկատմամբ, իսկ առավել անհանդուրժելի, երբ դրանք ուղղված են այն անձանց, ովքեր պայքարում են այլոց իրավունքների պաշտպանության համար: Հուսով ենք այս միջադեպը պատշաճ արձագանքի և որակման կարժանանա իրավապահ մարմինների կողմից և միջոցներ կձեռնարկվեն հետագայում նման դեպքերի կանխման համար: Օմբուդսմենի խորհրդական Աննա Սաֆարյան