Հայաստանի գրողների միությունը 80 տարեկան է

Հայաստանի գրողների միությունը 80 տարեկան է

«Օրերս Հայաստանի գրողների միությունը նշելու է հիմնադրման 80-ամյակը, և այդ առիթով ՀԳՄ-ում, նաև քաղաքում մի շարք միջոցառումներ են նախատեսվել»,- տեղեկացնում է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ 1934թ․ հուլիսի 4-ին է Հայաստանում բացվել Գրողների միությունը և նրա 80-ամյա գործունեության հետ է կապված մեր գրական ստեղծագործական կյանքի ընթացքն ու այսօր էլ շարունակվում է այդ միության հետ առնչվել։ Բնականաբար, նրա հոբելյանն ունի նաև հասարակական հետաքրքրություն։



 



Հուլիսի 2-ին միության շենքի առաջին և երկրորդ հարկերում կբացվեն մի շարք ցուցահանդեսներ, առաջին հերթին գրող-գեղանկարիչ հեղինակների ցուցահանդեսները, բացի այդ, ցուցադրվելու են նաև գեղանկարիչ Էդուարդ Վարդանյանի աշխատանքները՝ և դասական, և ժամանակակից գրողների դիմանկարներ, այդ ցուցահանդեսը բացվելու է միության Կլոր սրահում։ Կցուցադրվի նաև Գրողների միության նախկին նախագահների լուսանկարների շարքը։ «Մի շարք հանդեսների, գրքերի շնորհանդեսներ կլինեն, այս վերջին ամիսներին տարբեր երկրներում թարգմանաբար հրատարակվել են հայ ժամանակակից գրողների երկեր։ Բելառուսում հրատարակվեց հայ և բելառուս գրողների միացյալ անթոլոգիան, իսկ Սլովակիայի «Արտասահմանյան գրականություն» հանդեսն ամբողջությամբ ներկայացրեց հայ ժամանակակից հեղինակների, նաև Սերբիայում հրատարակվեց մեր հեղինակների երկերով ամսագիր։ Բացի այդ, պոեզիայի միջազգային փառատոնին Հայաստան եկած սերբ բանաստեղծուհի Միլետիչը հրաշալի գիրք է գրել Հայաստանի մասին և հրատարակել Սերբիայում»,- նշում է Միլիտոնյանը։



 



Գրողների միության թարմացված կայքը հուլիսի 2-ից կսկսի նորովի գործել, 2004-2005թթ․ այն գործել է, գրողների գործերը ներգրավված էին, բայց տարիներ շարունակ կայքը չէր թարմացվել, նորություններ չկային, վերջին ամիսներին այդ ուղղությամբ աշխատանք է տարվել, և կայքը կփորձի հանրությանը ներկայացնել այն, ինչ արվում է Գրողների միությունում։ «Հուլիսի 4-ին Պարոնյանի անվան թատրոնում տեղի կունենա հոբելյանական երեկո,որտեղ կլինեն, իհարկե, շնորհավորական ուղերձներ տարբեր երկրներից, ինչպես նաև մեր հանրապետությունից։ Բացի այդ, որքան ես տեղյակ եմ, կլինեն նաև պարգևներ մեր վաստակաշատ գրողներին տարբեր գերատեսչություններից, քանի որ մեր գրողներից աշխատում են նաև տարբեր նախարարությունների, կազմակերպությունների հետ։ Այս ամենը կուղեկցվի համերգով, ասմունքով՝ մեր 80-ամյա միության լավագույն հեղինակների լավագույն ստեղծագործությունների մատուցմամբ»։



 



Սա նաև առիթ է խոսելու մեր ժամանակակից գրականության մասին, արժևորելու գրական ժառանգությունը, ներկայացնելու և ամփոփելու, թե ինչ է արվել այդ տարիներին մեր դասական գրականության հանրահռչակման ուղղությամբ, ժամանակակից գրականությունը ներկայացնելու, տարածելու, թարգմանելու ուղղությամբ։ Հոբելյանը նաև առաջիկայում աշխատելու ծրագրերի ներկայացման մի առիթ է, ընդգծեց Էդվարդ Միլիտոնյանը և ավելացրեց․ «Վերջին տարիներին ստեղծագործական միությունների մասին թեական կարծիք կա, այժմ՝ ՍՍՀՄ-ից հետո, ՀԳՄ-ն հասարակական միության կարգավիճակով ինքն իրեն պահպանող, ինքնաբավ մի կառույց է, և որևէ մեկը, եթե ուզում է դառնալ անդամ, դիմում է, հանձնաժողովը քննարկում, որոշում է ընդունում։ Իսկ ով ցանկություն է ունենում դուրս գալ միությունից, դա իր անձնական խնդիրն է։ Ստեղծագործական միությունների որևէ անդամ, եթե վիճարկում է այդ միության լինել-չլինելու հարցը, ուղղակի նրան պետք է ասել՝ ինչո՞ւ ես վիճում, մի պարզ թուղթ կարող ես վերցնել, դիմում գրել և դուրս գալ այդ միությունից։ Որևէ մեկին ոչ խնդրում են, ոչ պարտադրում են, սա ինքնաբավ մի կառույց է։ Այս 20 տարին ուրիշ ժամանակ է, ամեն գրող ինքն է որոշում իր կարծիքը, իր ուղղվածությունը, ոչ թե միությունն է որոշում գրողի ճակատագիրը։ Եթե Գրողների միությունը չլիներ, մերոնք պետք է մտածեին ստեղծել մի կառույց, որն ինչ-որ չափով զբաղվեր այն հարցերով, որով զբաղվում  է մեր միությունը, հատկապես, որ այսօր աշխարհում ձգտում են ստեղծել կառույցներ, կազմակերպություններ, որոնք կօժանդակեն գրողներին և կհեշտացնեն նրանց ստեղծագործական կյանքը»։



 



Ֆելիքս Եղիազարյան