Հայհոյե՞լ ԱԺ-ում անաղարտ հայերենով

Հայհոյե՞լ ԱԺ-ում անաղարտ հայերենով

Այսօր գործող մանկավարժ, Հայաստանի դպրոց-կենտրոնների միության նախագահ և միաժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ լեզվի անաղարտության խնդրին՝ ընդգծելով, թե որքան անհրաժեշտ է պահպանել մեր մայրենին։



 



Ըստ Ռ․ Մուրադյանի՝ այդ հարցում մեեք բոլորս պետք է հետևողական լինենք և առաջինը մեր օրինակով պետք է ձգտենք անաղարտ պահել մեր լեզուն։



 



Տիկին Մուրադյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց՝ իսկ անհրաժեշտ չէ՞ արդյոք, որ Ազգային ժողովում պատգամավորները գոնե հայհոյելիս անաղարտ հայերենով ու հայեցի հայհոյեն՝ նկատի ունենալով հատկապես Առաքել Մովսիսյանի (Շմայս) հայհոյանքները։ ՀՀԿ-ական մանկավարժ պատգամավորն ասաց, որ վատ է, երբ վատ են խոսում, հայհոյում են։



 



«Ոչ մեկ չի արդարացնում ո՛չ հայհոյանքը, ո՛չ էլ վատ խոսքը։ Բայց նույն Ազգային ժողովում եկեք լավ օրինակը մի հատ էլ բերեք, որովհետև էնտեղ կան նաև շատ գրագետ խոսող պատգամավորներ»,-ասաց Ռ․ Մուրադյանը։



 



Մենք խնդրեցինք հստակ պատասխանել՝ արդյոք չարժե՞, որ գոնե հայհոյելիս հայեցի ու անաղարտ հայերենով հայհոյեն, միևնույն է՝ հայհոյում են, ՀՀԿ-ական կին պատգամավորն ասաց․ «Ես գտնում եմ, որ հայհոյել ընդհանրապես պետք չի, իսկ հայհոյելու անաղարտը ո՞րն ա, ես դա չեմ պատկերացնում, որովհետև չեմ լսել, եթե Դուք գիտեք, Դուք կոչ արեք, ես օրինակը բերեմ»։



 



Ի դեպ, Ռուզաննա Մուրադյանը, անդրադառնալով Առաքել Մովսիսյանի վարքին, ասաց, որ անկախ ամեն ինչից, նա նաև հիանալի ընկեր է, ում հետ իրենք զրուցում են տարբեր թեմաներով, հարցեր են քննարկում։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ