Ֆիշկա, գերեզմանատո՞ւն, թե՞ դաչա

Ֆիշկա, գերեզմանատո՞ւն, թե՞ դաչա

«Չեմ հասկանում, քաղաքի կենտրոնում տռաս պետք ա լինի՞, հերն անիծեցիք, էլի, քաղաքի։ Խոմ գերեզմանատուն չի՞, որ քարերն էլ տանում են, դաչաներում են պահում»:



 



Հանրային խորհրդի ենթահանձնաժողովում երեկ քննարկում էին Աֆրիկյանների ակումբի տան հարցը։ Քննարկելը երեւի այդքան տեղին չէ, որովհետեւ քննարկումը շուտով դարձավ երկխոսություն։ Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Կարեն Այվազյանն էր՝ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության Երեւանի գործակալության ներկայացուցիչը։ Հենց «քննարկման» սկզբից նրան հասկացնել տվեցին, որ իրենք բոլորը դեմ են շենքի ապամոնտաժմանը։ «Աֆրիկյանների տան վիճակը բավականին վատթար է։ Մենք գտնում ենք, որ անօրինական է եւ ոչ մի օրենքի չի համապատասխանում». այսպես սկսվեց նիստը։



 



Կարեն Այվազյանն սկզբում բացատրում էր, թե ինչպես է ստացվել, որ հուշարձանը դարձել է բիզնեսի սուբյեկտ. «Երբ իրավական դաշտ չկար, քաղաքապետարանն արդեն քաղաքաշինական ծրագրեր էր մշակել։ Հանձնել էր տարածքները քաղաքաշինական կառուցապատողներին։ Իրավաբանորեն դրանք հուշարձան չէին համարվում, նրանք օբյեկտներ էին»։ Մշակույթի նախարարության ներկայացուցչի խոսքերով, եթե իրենք «կոմպրոմիսների» չգնային սեփականատերերի հետ, ապա հուշարձանն ամբողջովին կկորցնեին. «Կառուցապատողը կարող էր դատի տալ եւ պահանջել փոխհատուցում՝ նաեւ իր հետագա բիզնեսի հետ կապված։ Մենք բազմիցս այդ հարցը քննարկել ենք ոչ միայն քաղաքապետարանի հետ, այլեւ սեփականատերերի։ Բանակցել ենք ինչպես «Դվին» ՍՊԸ-ի, այնպես էլ նրանց իրավահաջորդ «Միլենիում քոնստրաքշընի» հետ։ Երկու նախագիծ էինք առաջարկել։ Խնդրեցինք, որ ուշադրություն դարձնեն շենքին, նրա պատմական տեսքը կարող էր նաեւ «ֆիշկա» դառնալ։ Բայց, փաստորեն, հրաժարվեցին, երեւում է՝ բիզնես ծրագրի ինչ-ինչ պատճառներով»։



 



Դե, արդեն հարցերի տարափ սկսվեց, բոլորը վրա տվեցին, թե, ախր, ա՛յ ձերը ցավը տանեմ, մշակույթի նախարարություն ջա՛ն, ախր ամոթ ա, էլի, էս ի՞նչ եք արել։ Կարեն Այվազյանն էլ մեկ մեղքը բարդում էր քաղաքապետարանի վրա, մեկ վատ օրենքի, մեկ էլ, թե իրենց գործառույթը միայն ապամոնտաժման աշխատանքներին հետեւելն է։



 



Ի դեպ, ենթահանձնաժողովի անդամները բարձրացրին նաեւ փողոցների «անիմաստ» լայնացման հարցը, այ, այստեղ էր, որ պայթեց. «Հո տռաս չե՞ք սարքում»։ Բոլորը հետաքրքրված էին նաեւ, թե ով է «Միլենիում քոնստրաքշընի» իրական սեփականատերը։ Մշակույթի նախարարության ներկայացուցիչը պատասխանեց. «Ի՞նչ կարեւոր է։ Տնօրենը Հարություն Թադեւոսյանն է»։ Ի դեպ, Հասմիկ Պողոսյանը կարող է պարգեւատրել իր ներկայացուցչին, քանի որ Կարեն Այվազյանը քչից-շատից «պահում էր իրենց պատիվը»։ «15 հուշարձանների ապամոնտաժման փաստաթուղթ կա, որոնցից 5-ն արդեն ապամոնտաժվել է։ Սակայն արդեն պայմանավորվածություն կա, որ դրանցից 7-ը հանվեն ցուցակից։ Ուզում եմ ասել, որ մշակույթի նախարարությունը հաշվի է առել ընդունված կոնվենցիայի չափանիշները»,- ասում էր նա։



 



Երեւի արդեն անիմաստ է դարձել Աֆրիկյանների ակումբի շենքի համար պայքարելը։ Մինչ մարդիկ քննարկում են, մեղքն իրար վրա բարդում, նախաձեռնություններ են իրականացնում, շենքը շարունակում են քանդել։ Բանվորների թիվն ավելացել է շինհրապարակում։



 



ՀԳ. Խեղճ Կարեն Այվազյանն այս էլ որերորդ անգամն է՝ «հարվածի տակ է ընկնում» հանուն մշակույթի նախարարության։ 20 հոգով վրա էին տվել՝ հարցախեղդ էին անում։ Ամբողջ ժամանակ նրա հետեւում կանգնած՝ տեսնում էի, թե ինչպես է ոտքը նյարդային տմբտմբացնում՝ ասես ինչ-որ վատ բանի էր սպասում։ Չէ, Հասմիկ Պողոսյան, հաստատ պարգեւավճար պետք է տաք։



Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ