10 օր ուրուգվայական կինոյի հետ. ցուցադրության ծրագիր

10 օր ուրուգվայական կինոյի հետ. ցուցադրության ծրագիր

Ուրուգվայի զբոսաշրջության, սպորտի, կրթության և մշակույթի նախարարության և Արգենտինայի հանրապետությունում ՀՀ դեսպանության հովանու ներքո Երևանում հունիսի 30-ից հուլիսի 9-ը տեղի կունենա ուրուգվայական ֆիլմերի առաջին ցուցադրությունը:



 



Ցուցադրությունը համադրել է արգենտինահայ կինոգործիչ  Ջեք Պողոսյանը, ով տարիներ առաջ նախաձեռնեց Հայաստանի և Ռիո դե լա Պլատա գետի երկրների միջև մշակութային փոխանակում՝ կազմակերպելով արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություն Երևանում:



 



Ֆիլմերի այս ցուցադրության գլխավոր նպատակը ուրուգվայական ֆիլմերի առանձնահատկությունները ընտրողական ծրագրի միջոցով ներկայացնելն է: Ցուցադրությունը ոչ միայն միջմշակութային կապերի զարգացման, այլև դերասանների համար նոր հնարավորությունների ստեղծման ու համագործակցության շրջանակների ընդլայնման նպատակ ունի։ Սա մի կապ է Հայաստանի և Ուրուգվայի միջև, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է, և որտեղ կա մեծ հայկական համայնք:



 



Ֆիլմերը կցուցադրվեն օրիգինալ լեզվով՝ անգլերեն ենթագրերով: Ցուցադրությունները տեղի կունենան «Թումո» կենտրոնում,  “The Club”-ում, SUBTITLE-ում: Մուտքն ազատ է։






Ֆիլմերի ցուցադրության ծրագիրը






Բացման ֆիլմ



Երկուշաբթի, հունիսի 30, Թումո (Հալաբյան 16), ժամը` 19:30



 



ՄԻՍ ՏԱԿՈՒԱՐԵՄԲՈ



Ուրուգվայ, 2010, 92 րոպե, երաժշտական կոմեդիա



Ռեժիսոր` Մարտին Սաստրե



Դերերում` Նատալի Օրեյրա, Րոսի դե Պալմա, Մոնիկա Վիլա, Մայք Ամիգորենա



 



Նատալիան ապրում է Ուրուգվայի հեռավոր ու փոքրիկ Տակուարամբո քաղաքում: Մեծանալով 80-ականների սերիալների ազդեցության տակ` նա երազում է դառնալ Միս Տակուարամբո և լքել իր ձանձրալի ծննդավայրը:



 



 



Երեքշաբթի, հուլիսի 1, The Club (Ակումբ, Թումանյան 40), ժամը` 20:00



 



ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԾՈՎ



Ուրուգվայ, 2003, 78 րոպե



Ռեժիսոր՝ Գիլյերմո Կասանովա



Դերասաններ՝ Ուգո Արանա, Դիեգո Դելգրոսսի, Խուլիո Սեսար Կաստրո



 



1963թ. մի կիրակի առավոտյան Ուրուգվայի Մինաս քաղաքի սրճարաններից մեկում մի խումբ տեղացիներ որոշում են առաջին անգամ ծով գնալ: Ճամփորդության ընթացքում վեց հոգի բացահայտում է իր ապրելակերպի և զգացողության առանձնահատկությունները:



 



 



Չորեքշաբթի, հուլիսի 2, Թումո (Հալաբյան 16), ժամը` 19:30



 



ԱՆՀԱՋՈՂ ՕՐ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ



Ուրուգվայ 2009, 100 րոպե, դրամատիկական կոմեդիա



Ռեժիսոր՝ Ալվարո Բրեչներ



Դերասաններ՝ Գարի Պիկեր, Խոուկո Ահոլա, Անտոնելլա Կոստա



 



Ազատ ըմբշամարտի աշխարհի նախկին չեմպիոնը, ով դեռ հավատում է, որ «երկրագնդի ամենաուժեղ մարդն է», ունի մենեջեր, ով նրա համար կազմակերպում է ընդհատակյա ելույթներ և ըմբշամարտեր՝ հավաստիացնելով նրան, որ հնարավոր է վերադառնալ անցյալ և վերանվաճել կարևոր կոչումը:



 



 



Հինգշաբթի, հուլիսի 3, The Club (Ակումբ, Թումանյան 40), ժամը` 20:00



 



ՆՈՐԲԵՐՏՈՅԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ



Ուրուգվայ, 2011, 89 րոպե



Ռեժիսոր` Դանիել Հենդլեր



Դերերում` Ֆերնանդո Ամարալ, Սեսար Տրոնկոսո, Եուխենիա Գերտի, Ռոբերտո Սուարես



 



Աշխատանքից ազատվելուց հետո Նորբերտոն իր բախտը սկսում է փորձել որպես անշարժ գույքի գործակալ, բայց այդ մասին չի ասում կնոջը: Նորբերտոյի ղեկավարն առաջարկում է իրեն գնալ ինքնավստահությունը բարձրացնող դասընթացների:



 



 



Ուրբաթ, հուլիսի 4, SUBTITLE (Կորյուն փ. 21), ժամը` 19:30



 



ՀԱՄՐ ՏՈՒՆԸ



Ուրուգվայ, 2007, 83 րոպե



Ռեժիսոր՝ Գուստավո Էրնանդես



Դերասաններ՝ Ֆլորենսիա Կոլլուչի, Գուստավո Ալոնսո, Աբել Տրինալդի, Մարիա Սալասար



 



Լաուրան և նրա հայրը պայմանագիր են կնքում` նորոգելու գյուղի հեռավոր մի տուն, որի տերն ուզում է վաճառել այն: Սկզբում ամեն ինչ բնականոն ընթացք է ունենում, սակայն այդ բնականոնությունը հետագայում վերածվում է մղձավանջի:



 



 



Շաբաթ, հուլիսի 5, SUBTITLE (Կորյուն փ. 21), ժամը` 19:30



 



ՅՈԹ ՀԱՅԱՑՔ



Ուրուգվայ/Մեքսիկա, 2008թ., 90 րոպե



Ռեժիսոր՝ Դիանա Կարդոսո



Արտադրությունը՝ Կինեմատոգրաֆիայի մասնագիտացման կենտրոն



 



«Յոթ հայացք» վավերագրական կինոնկարը պատկերում է 70-ական թվականներին Ուրուգվայում պարտիզանական պայքար մղած կանանց պատմությունը: Ֆիլմում ներկայացվում են բացառիկ իրավիճակներում հայտնված պարզ մարդիկ, վերլուծության է ենթարկվում նրանց ճնշող լարվածությունը, վախն ու հակասական զգացմունքները:



 



 



Կիրակի, հուլիսի 6, SUBTITLE (Կորյուն փ. 21), ժամը` 19:30



 



ՕԳՏԱԿԱՐ ԿՅԱՆՔ



Ուրուգվայ, 2010, 63 րոպե, դրամա



Ռեժիսոր` Ֆեդերիկո Վեյրոխ



Դերերում` Խորխե Ջելինեք, Մանուել Մարտինես Կարիլ, Պաոլա Վենդիտտո



 



45-ամյա Խորխեն ապրում է ծնողների հետ: Կինոստուդիան, որտեղ նա 25 տարի աշխատում էր, փակվում է: Խորխեն, ով կինոյից բացի երբեք ոչնչով չի զբաղվել, մնում է անգործ:



 



 



Երկուշաբթի, հուլիսի 7, Թումո (Հալաբյան 16), ժամը` 19:30



 



ԼԱ ԿՈՒՄՊԱՐՍԻԹԱ



Ուրուգվայ, 25 րոպե



Ռեժիսոր` Ռոսարիօ Ինֆանթոցի



 



Ուրուգվայական տանգոյի իրական պատմություն, որ համարվում է քաղաքի օրհներգը:



 



 



ՊԱՊԻ ԲԱՂՆԻՔԸ



Ուրուգվայ, 2007, 90 րոպե, դրամատիկական կոմեդիա



Ռեժիսոր՝ Սեսար Չարլոնե, Էնրիկե Ֆերնանդես



Դերասաններ՝ Սեսար Տրոնկոսո, Վիրխինիա Մենդես, Վիրխինիա Ռուիս



 



1988 թվական. Հովհաննես Պողոս Բ Պապն այցելում է Մելոն` մի աղքատ քաղաք Ուրուգվայի խորքերում: Ակնկալվում է, որ ավելի քան 50,000 այցելու կգան Պապին տեսնելու: Տեղի բնակիչները պատրաստվում են մեծ առևտրի: Ուրուգվայական կինոյի ամենաշատ պարգևներ ստացած կինոժապավեններից է: