Եթե ստվերից դուրս գալն այդքան հեշտ լիներ, դա կարելի էր 20 տարի առաջ անել

Եթե ստվերից դուրս գալն այդքան հեշտ լիներ, դա կարելի էր 20 տարի առաջ անել

«Գիծը քաշված է»: Ավելի քան մեկ ամիս առաջ` մայիսի 14-ին, խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե մինչեւ հուլիսի 1-ը բիզնեսին ժամանակ է տալիս ստվերից դուրս գալու համար: Ասել էր, որ «գիծ ենք քաշում». դրանից առաջ ինչ եղել-եղել է, սրանից հետո պետք է ստվերից դուրս գան ու հարկեր վճարեն: Վարչապետն ընդամենը 10 տոկոսանոց ստվերի թույլտվություն էր շնորհել խոշոր գործարարներին: Հովիկ Աբրահամյանի խոստումների համաձայն, անցած երկու ամիսը պատմական կարելի է համարել: Երկարուձիգ տարիների ընթացքում, այսօրվանից սկսած, առաջին անգամ մենք պետք է որ ականատես լինենք, թե ինչպես է Հայաստանում վերանում ստվերային տնտեսությունը, որը կրճատելու ուղղությամբ նախկինում էլ մեծ ջանքեր էին թափում: Ինչեր ասես, որ չարեցին` էլ ռազմավարություններ, էլ բարեփոխումներ, պարզվեց՝ դրանք օգուտ չեն տվել:



Եվ եկավ նորանշանակ Հովիկ Աբրահամյանը, որոշեց գործարարներին հավաքել, ասել, որ նրանք պետք է ստվերից դուրս գան եւ վերջ: «...Մենք հանդիպել ենք խոշոր գործարարների եւ բանկերի ղեկավարների հետ, քննարկել համագործակցության բազմաթիվ հարցեր, խաղի կանոններ ենք սահմանել: Մենք պայմանավորվել ենք, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում եւ բոլորն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան: Դա եղել է մեր պայմանը: Մինչեւ հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում»,- ասաց բիզնես ունեցող վարչապետն այդ հանդիպման մասին: Ձայնագրիչների առաջ գործարար համայնքի ներկայացուցիչները Արգամիչի համարձակությունից նույնպես  ոգեւորված հայտարարություններ արեցին: Ժամկետը լրացել է, ՀՀԿ-ական պատգամավոր, «Եվրոստան ույուտ»-ի սեփականատեր, վարչապետի հետ հանդիպման մասնակից Մանվել Բադեյանն անկեղծանում է՝ այսօրվանից նոր, անամպ, անստվեր Հայաստան չենք ունենալու։ «Որովհետեւ, եթե ստվերից դուրս գալն այդքան հեշտ բան լիներ, դա կարելի էր քսան տարի առաջ էլ անել»,- ասում է Բադեյանը: «Բայց այլ հարց է, որ այդ հայտարարություններով ոգեւորություն է առաջացել գործարարների շրջանակում: Այսինքն՝ վարչապետի հայտարարությունը, որ բոլոր գործարարները գնում են հավասար հարկային դաշտ, արդեն իսկ ոգեւորել է գործարարներին, իհարկե, որոշ չափով: Որովհետեւ ասվել է նաեւ, որ ով որ չի անի, նրանց հանդեպ որոշված է, որ խիստ միջոցներ կձեռնարկվեն: Հիմա կապրենք՝ կտեսնենք»: «Իսկ ինքն անձամբ քանի՞ քայլ է դուրս եկել ստվերից» մեր հարցին ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Իմ բիզնեսը երբեք ստվերում չի եղել, ընդհակառակը՝ ամենաթափանցիկ եւ ամենաբաց շուկան է եւ այն քիչ շուկաներից է, որ ենթարկված չի մոնոպոլիզացիայի, նմանատիպ հազարից ավելի ձեռնարկություններ կան»: Ավելին՝ Բադեյանը մատնացույց արեց ստվերի տեղը. «Դա պետք է գտնել մոնոպոլ ոլորտներում»: Բադեյանն այդպիսիներին իր շրջապատում, սակայն, չի ճանաչում. «Չէ, չեմ ճանաչում, որովհետեւ ես առնչվում եմ միայն իմ ոլորտում եւ գիտեմ, որ այստեղ ամեն ինչ թափանցիկ է»: «Մոնոպոլիստներին, ասել է թե արտոնյալներին հնարավոր կլինի՞ բերել հավասար հարկային դաշտ» մեր հարցին Բադեյանը միանշանակ պատասխան չտվեց. «Համենայնդեպս, զգուշացվել է: Այս կամ այն արտոնությունները, որ ժամանակին ունեցել են, այժմ արդեն պետք չի ընկալել արտոնություն, հիմա էլ ձեր պարտականությունները կատարելու ժամանակն է»:



 



Հանդիպման վկաներից Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, ով ի սկզբանե ոգեւորված էր հանդիպումից եւ մեծ հույսեր էր կապում Հովիկ Արգամիչի հետ, այժմ ցանկություն չունի այդ մասին խոսելու: ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը (Շշերի Մելոն)՝ նույնպես: Իսկ ոսկերչության եւ ադամանդագործության բիզնես տնօրինող Գագիկ Աբրահամյանը կարծում է, որ իր բիզնեսը որեւէ առնչություն չունի ստվերի հետ. «Ես 100 տոկոսով արտահանող ընկերություն եմ, եւ նման ընկերությունները կառավարության որոշմամբ անգամ հարկային ստուգումներ չեն անցնում, մեր ոլորտի վերաբերյալ բոլոր նյութերը ներմուծվում են առանց մաքսատուրքերի եւ արտահանվում են էլի զրոյական ձեւով, առանց հարկի: Մյուս հարկերը մենք վճարում ենք պարտաճանաչ»: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը հավատում է ստվերի կրճատմանը. «Իհարկե, ստվերը միանգամից հնարավոր չէ վերացնել, բայց կրճատել հնարավոր է, ու ես հավատում եմ, որ վարչապետն իր խոստումը կանի»: Ֆինանսների նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ այժմ հաշվետվություն չեն կարող ներկայացնել հարկային վարչարարության վերաբերյալ, դեռ նյութեր են պատրաստում: Վաղվանից տասնօրյակը մեկ ֆինանսների նախարարությունը հաշվետվություն է տալու, թե որ հարկատուի մոտ ինչ տենդենց կա: Կարելի է չկասկածել, որ սկզբնական շրջանում այդտեղ ավելացումներ են լինելու: Բայց ինչի հաշվին է դա լինելու, բոլորովին այլ թեմա է:



 



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]