Գևորգյան ճեմարանի հոգեվարքը

Գևորգյան ճեմարանի հոգեվարքը

Վերջին շրջանում, ինչպես հայկական համացանցում, այնպես էլ հասարակական այլ ոլորտներում հաճախակի քննադատության թիրախում է հայտնվում Հայ եկեղեցին` Էջմիածնի իր գահակալով հանդերձ: Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը այդպես էլ չկարողացավ սիրել և ընդունել Գարեգին Բ կաթողիկոսին, որի շուրջ պտտվող տարատեսակ սկանդալային պատմությունները, ապակառուցողական մոտեցումները, ընդգծված իշխանամետ կեցվածքը, խիստ աշխարհիկ կենցաղն ու մտածելակերպը վերջնականապես հիասթափեցրել են մինչև անգամ հավատացյալ հայորդիներին:



 



Բայց հետաքրքիրն այն է, որ երբ ուսումնասիրում ես կաթողիկոսի կադրային քաղաքականությունը, ապա հանգում ես այն եզրակացությանը, որ նրան շրջապատող բարձրաստիճան և կրտսեր եկեղեցականների մի հսկա բանակ այնքան է հեռացել հոգևորական կերպարից, այնքան է մխրճվել աշխարհիկ հաճույքների մեջ, վերջապես` այնքան է իջել մարդկային որակներից, որ եկեղեցական հարցերը լուծում է, մեղմ ասած, գյուղական մակարդակով, ինչ-ինչ անձնական հաշիվներով ու «գողական ռազբորկաներով»: Այս վերջին հատկանիշները լավագույնս բնորոշ են Գևորգյան ճեմարանի ներկայիս տեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որի անունը հոլովվում է բազմազան մութ պատմությունների մեջ: Դեռևս նախանցյալ տարի նրա մասին հրապարակված «Հոգևորական թե սատանա» ցնցող վերնագրով հոդվածը ձեռքից ձեռք էին խլում ոչ միայն պարզ քաղաքացիները, այլև հենց ճեմարանի ուսանողները: Պարզվում է` այս «հերոսը» բավականին կասկածելի անցյալ ունի: Ասեկոսեներ են պտտվում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուսանելու տարիներին «արկածներ» է ունեցել հայ բարերարներից մեկի կնոջ հետ, որի պատճառով էլ վտարվել է այնտեղից: Նա տարբեր առիթներով ասում էր, որ ինքը դեմ է կուսակրոնությանը, չգիտի, թե ինչու է դարձել կուսակրոն… Եվ ամենակարևորը` ճեմարանականներից ճշտեցինք, որ տեսուչը չի հավատում դևերի գոյությանը, չի ընդունում եկեղեցական հայրերին` նրանց համարելով ժամանակավրեպ, մեծ տեղ է հատկացնում բողոքական աղանդավորությանը: Ճեմարանի ուսանողներից տեղեկացանք նաև, որ իրենց տեսուչը իսկական բռնակալ է, սադիստ` վայրենաբարո բնավորությամբ և անկիրթ վարվեցողությամբ: Նա վախի ու սարսափի մթնոլորտ է ստեղծել ոչ միայն Մայր Աթոռի կրթական հաստատություններում, այլև Մայր Աթոռի ողջ տարածքում: Նրա կատաղած թուրը կտրում է աջ ու ձախ` կաթողիկոսի բարձր հովանավորությամբ: Հավանաբար, ինչ տեսել է, դա էլ սովորել է: Եվ ճեմարանի այս պատասխանատու պաշտոնը վստահել անհավասարակշիռ մի անձնավորության, դա առնվազն հանցավոր անհոգություն է Հայ եկեղեցու ներկայի ու ապագայի հանդեպ:



 



Անցյալ տարիների մամուլի հրապարակումներից ուշագրավ են Սևանի Վազգենյան դպրանոցի նախկին տեսուչ Գարեգին աբեղա Հարությունյանի բնութագրումները, որոնք տեղին են այստեղ մեջբերել. «…Չափազանց տխրում ես, երբ լսում ես, որ ճեմարանականներից ոմանք, երկար տարիներ սովորելուց հետո, չնչին կարգապահական խնդիրների պատճառով հեռացման են ենթարկվում: Անշուշտ, հասկանալի է, որ վանական դպրոցները աշակերտությանը բարոյապես կրթելու և ծառայասեր եկեղեցականներ պատրաստելու գործում միշտ էլ իրենց ավանդության համաձայն խստապահանջ են եղել, և բացի դրանից, բոլորս էլ գիտենք, որ ուսանողները երկնքից իջած հրեշտակներ չեն: Սակայն երբ տեսնում ես, որ վերին օղակների հետ անձնական խնդիրներ ունենալու պատճառով ավարտական լսարաններից հիանալի երիտասարդներ են հեռացվում, սրտացավիցդ այլևս չես կարողանում խաղաղվել: Բնականաբար, միշտ էլ հեռացումների վերաբերյալ որոշակի պատճառներ են ներկայացվում: Բայց մի՞թե մենք իրավունք ունենք, օրինակ, ծխելու պարագայում վտարել հինգ տարի շարունակ բարձր առաջադիմությամբ սովորող սանին, այն դեպքում, երբ հոգևորականներիս կեսից ավելին նույն մոլուցքով է տառապում: Կարելի՞ է արդյոք դատապարտել ուսանողին ժամերգությունից ուշանալու համար, երբ եկեղեցականներիս 90%-ը տարիներ շարունակ ժամերգության չի մասնակցել: Ակնհայտ է, որ նշված պարագաներում տվյալ ուսանողների հանդեպ վերևներից եկող յուրահատուկ թշնամանք կա (երևի թե սեփական մտածելակերպ ունենալու համար), իսկ հրապարակվող պրիմիտիվ մեղադրանքները միայն պատրվակներ են: Այլապես ինչո՞ւ են արտաքսվող տղաները հետապնդվում իրենց հետագա ողջ կյանքում:



 



 



Ճեմարանից հեռացվելուց հետո եթե նրանք փորձում են հայաստանյան կամ արտասահմանյան համայնքներում հոգևոր ծառայության անցնել, Մայր Աթոռի կողմից իրենց դեմ ամեն տեսակ արհեստական դժվարություններ են ստեղծվում. կարծես թե այդ անձինք ճակատներին բորոտության դրոշմ են կրում: Անշուշտ, հասկանալի է, որ տղաներից շատերը ճեմարան գալուց առաջ «դրսի» կյանքով են մեծացած լինում: Դա «բնական» է, երբ նայում ես մեր երկրի ներկայիս իրականությանը... Զարմանալի է, սակայն, որ ընդունելության քննությունների ժամանակ հաշվի են առնվում միայն նրանց գիտելիքները հայոց լեզվից, գրականությունից, պատմությունից, ինչպես նաև քննվում են երաժշտական ունակությունները (ձայն և լսողություն): Դիմորդների հետ անհատական հարցազրույց բնավ տեղի չի ունենում, ինչպես որ դա ժամանակին երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառն էր անձամբ անցկացնում: Այսինքն՝ ընդունելությունների ժամանակ այսօր նախընտրությունը տրվում է պարզապես դպրոցական գիտելիքներին և երգելուն՝ առանց ուշադրություն դարձնելու տվյալ անձի նկարագրին: Աշխարհում ոչ մեկ կրոնական հաստատություն նման կերպ չի վարվում, քանզի վանական կրթօջախ մուտք գործողը պետք է նաևառաջ ազնիվ սիրտ եւ հոգևոր կյանքի ձգտում ունենա, միայն այդ դեպքում նա կարող է պարտաճանաչ աշակերտ լինել, ջանասիրությամբ ուսանել, աղոթասեր լինել, հարգալից վերաբերմունք ունենալ դասախոսների ու դասընկերների նկատմամբ և ի վերջո՝ լավ հոգևորական դառնալ: Շատ ես զղջում, երբ տեսնում ես, որ ճեմարանցին իր ուսումն ավարտելուց հետո բնավ չի փոխվել և նախկին «կիսագողական» մտածելակերպից չի կարողացել ձերբազատվել: Սովորաբար նման «սուբյեկտները» թե՛ ուսման տարիներին և թե՛ ավարտելուց հետո մեծ խնդիրներ են առաջացնում:



 



Բայց նույնիսկ այդպիսի անախորժ պարագաներում, երբ, օրինակ, լսում ես, որ վեցերորդ լսարանի ուսանողներից ոմանք փողոցում ծեծկռտուքի են մասնակցել, հարց ես տալիս, թե ո՞վ է խորքում մեղավոր՝ այդ անպարկեշտ ուսանողնե՞րը, թե՞ նրանց դաստիարակողները: Ներկայիս կաթողիկոսի կեցվածքը նման հարցերում շատ հստակ է. նա ճեմարանի եւ դպրեվանքի տեսուչներին կարգադրում է, անգամ փոքրագույն հանցանք նկատելու դեպքում, հեռացնել ամենալավ ուսանողներին, որպեսզի «մյուսների աչքը վախենա...»: Այսինքն՝ վանական հաստատություններում ոչ թե հայրական ներողամտությունն ու համբերատար խրատն են գործում, այլ հանցավորին հրապարակայնորեն գնդակահարելու և մնացյալ սարսափածներին երկաթե բռունցքի մեջ պահելու ստալինյան մեթոդը: Դժբախտաբար, անգամ նման տխրահռչակ պատժամիջոցներ կիրառելուց հետո այդ կրթօջախներում, ընդհանուր մթնոլորտի էլ ավելի գորշացումից բացի, ուրիշ որևէ տեղաշարժ չի նկատվում: Ակնհայտ է, որ «հոգևոր» կոչվող հաստատություններում հոգևոր կրթությունը բացակայում է: Ուսման վեց տարիների ընթացքում դասավանդվում են բազմաթիվ պատմա-բանասիրական առարկաներ, ուսանողությունը սովորում է գրաբարից թարգմանություններ կատարել, բայեր խոնարհել, անգիրներ արտասանել, պատմական կարևոր թվականներ հիշել, սակայն նրանցից շատերը քրիստոնեության նվազագույն նորմերից հեռու են: Փաստ է, որ կրոնագիտական և աստվածաբանական առարկաների դասավանդումն անբավարար վիճակում է: Արդյոք դրանում է՞լ են ճեմարանականները հանցավոր, թե՞ ուսուցիչներս: Սակայն ոչ միայն ուսանողներն են հայտնվում նման դժբախտ իրավիճակներում, այլ նաև հոգևորականները: Վերջիններիս նկատմամբ ևս կիրառվում է վտարման գրեթե նույն մեթոդը, բայց, անշուշտ, այս պարագայում մի քիչ ավելի մշակված եղանակով, որը կոչվում է հայրապետական տնօրինությամբ կարգալույծ հռչակել»:



 



Շատ ցավալի է իմանալ Մայր Աթոռի խոհանոցում տիրող այս ողբալի իրականության մասին, բայց լավ է խոսել և պատճառ դառնալ սրբագրման, քան թե ծածկադմփոցով խորացնել հիվանդությունը և խաբել հասարակությանը: Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ի դեպ, ոչ միայն ուսանողներին է ահաբեկում, պատժում և հեռացնում (միայն այս տարվա հունիս ամսին 4-րդ կուրսից հեռացրել է ևս 6 ուսանող), այլև մշտապես խնդիրներ է հարուցում (ուսանողների բառերով` «գլխներին սարքում» է) իր օրոք Մայր Աթոռի կրթական հաստատություններում պաշտոնավարած գրեթե բոլոր տեսուչ-փոխտեսուչների նկատմամբ: Տեսուչ Գևորգ Սարոյանի կողմից տուժածներ կարելի է համարել Ներսեհ վարդապետ Խալաթյանին, Տիրան վարդապետ Պետրոսյանին, Տաճատ աբեղա Ծատուրյանին, Շնորհք աբեղա Սարգսյանին, Անդրեաս աբեղա Եզեկյանին, Մինաս քահանա Մարտիրոսյանին, իսկ նրա կողմից վերջին թարմ միջադեպը տեղի ունեցավ վերակացու Ահարոն աբեղա Շահվերդյանի հետ: Եպիսկոպոս Գևորգ Սարոյանի գլխավոր զոհը, այնուամենայնիվ, մնում է Եղիա աբեղա Խաչատրյանը: Երևի «ժուլիկ» տեսուչը որոշել է ոչ միայն քանդել ճեմարանը, այլև Հայ եկեղեցին դատարկել բոլոր ազնվագույն և բարեպաշտ եկեղեցականներից:



 



Նրա անունն արդեն իսկ թնդում էր 2008 թվականին Սևանի Վազգենյան դպրանոցի սաների կազմակերպած հայտնի «բունտի» առիթով, որի ժամանակ ճեմարանից հեռացրեց տասնյակ ուսանողների: Այդ է պատճառը, որ այս տարի ճեմարանը գրեթե դիմորդ չունի, որի համար էլ այստեղից-այնտեղից դիմորդներ են հավաքագրում: Սա որպես հանձնարարական ստացել են բոլոր թեմերի քահանաները, որոնք էլ իրենց ծառայության վայրերի եկեղեցիներում փակցրել են ընդունելության հայտարարություններ` փորձելով իրենց համայնքներից ապահովել դիմորդներ: Մինչև անգամ ֆեյսբուքում նոր էջ է բացվել Մայր Աթոռի կրթական հաստատությունների անունից` դարձյալ նույն նպատակով: Միայն լսելով, թե ով է ճեմարանի տեսուչը, ծնողներն արդեն խուսափում են ճեմարանից և այնտեղ զավակ ուղարկելուց: Մինչև ե՞րբ պետք է հանդուրժել այս սարոյանական բռնապետությունը...



 



 



Սևակ Քարամյան