«Ժառանգությունը»՝ ԱԱԾ սպառնալիքների մասին

«Ժառանգությունը»՝ ԱԱԾ սպառնալիքների մասին

Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը՝ պետական այլ պաշտոնյայի միջնորդությամբ, հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր անդամ Հրայր Մանուկյանին եւ առաջարկել է համագործակցություն հիշյալ կառույցի հետ:



Հրայր Մանուկյանից ստանալով բացասական պատասխան՝ ԱԱԾ ներկայացուցիչը բացահայտ սպառնացել է, որ չհամագործակցելու դեպքում խնդիրներ կունենան ինչպես Հրայր Մանուկյանը, այնպես էլ՝ հարազատները: Ի դեպ, վերջին օրերին սա «Ժառանգության» նորընտիր վարչության երիտասարդ անդամների նկատմամբ հավաքագրման փորձի երկրորդ դեպքն է: Հրայր Մանուկյանը՝ կանխատեսելով դեպքերի հնարավոր զարգացման ընթացքը, նաեւ նկատի ունենալով հիշյալ կառույցի գործելաոճը, հանդիպման էր ներկայացել ձայնագրիչով: Հարկ է նշել, որ Հրայրը լրագրող է:



Զրույցի ձայնագրությունը եւ սղագրությունը երեկ հրապարակվել էին որոշ լրատվամիջոցներում:



Նկատի ունենալով երեւույթի պետական եւ հանրային վտանգավորությունը, «Ժառանգություն» կուսակցության վարչությունը.



-կարեւորելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային իրավական ակտերով ամրագրված՝ մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատություններն ու իրավունքները, ինչպես նաեւ ազգային անվտանգության խնդիրների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը,



-հաշվի առնելով իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու իրողությունը եւ քաղաքական մրցակիցների նկատմամբ վարչակարգին հատուկ անօրինական գործողությունները,



-վերահաստատելով «Ժառանգության» հանձնառությունը ՀՀ քաղաքացիների եւ հայ ժողովրդի իրավունքների իրացման գործում,



-դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Ժառանգություն» կուսակցության եւ նրա վարչության անդամի նկատմամբ գործողություններն ու սպառնալիքները:



Կոչ ենք անում նույն իշխանություններին՝ դադարեցնել քաղաքացիների հանդեպ ուժային կառույցների նմանօրինակ ապօրինի գործողությունները եւ պահանջում ենք մեղավորներին պատժել օրենքի ողջ խստությամբ:



«Ժառանգությունը» հետեւողական է լինելու օրինական բոլոր ճանապարհներով այս հակասահմանադրական երեւույթը մինչեւ վերջ բացահայտելու եւ այն հասարակության դատին ներկայացնելու համար:



4 հուլիսի 2014



Երեւան