Տիգրան Սարգսյանի դեմ սխալ տեղ եք բողոքում, տղերք

Տիգրան Սարգսյանի դեմ սխալ տեղ եք բողոքում, տղերք

 Ամերիկայի հայկական ֆորումն ու բազմաթիվ սփյուռքահայեր, մանավանդ Տիգրան Սարգսյանից «վառված-գնացածները», դեմ են, որ նա լինի Հայաստանի դեսպանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Իսկ ինչո՞ւ են իրենց բողոքը հայտնում ԱՄՆ պետդեպարտամենտին: Այ, այս հարցն է, որ մի քիչ անհասկանալի է: Վերջերս ԱՄՆ-ն, զանազան պատճառաբանություններով, մուտքի վիզա չէր տվել ՄԱԿ-ում Իրանի նորանշանակ մշտական ներկայացուցչին: Ի՞նչ եք կարծում, Իրանը սուսուփուս փոխե՞ց իր որոշումը: Ոչ, իհարկե: «Մենք հարգում ենք ԱՄՆ-ի կարծիքը, բայց այս պահին նրանից ավելի լավ թեկնածու չունենք»,- եղավ պատասխանը:



 



Հիմա պատկերացրեք, որ ծագումով ամերիկացի մի խումբ ՀՀ քաղաքացիներ բողոքեին Ջոն Հեֆերնի դեսպան նշանակվելու դեմ ու նամակով դիմեին Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած կառույցին: Բնականաբար` Էդվարդ Նալբանդյանը նոտա չէր հղի ԱՄՆ կառավարությանը` թե էս ո՞ւմ եք ուղարկել, փոխեք: Տվյալ երկրին, այս դեպքում` Հայաստանին, դեռ պետք է հասկանալ, թե ով է նորանշանակը, ինչպես է աշխատում, կարո՞ղ է, արդյոք, նպաստ բերել նշանակող երկրի հետ նորմալ եւ բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու պահպանմանը: Թե իր երիտասարդության տարիներին ինչով է զբաղվել Ջոն Հեֆերնը, ինչ պաշտոններ է վարել նշանակող երկրում, այնքան էլ էական չեն: Դա նշանակող երկրի պրոբլեմն է, ինչպես ասում են:



 



Տիգրան Սարգսյանը Հայաստանի պրոբլեմն է եւ ոչ թե ԱՄՆ-ի: Եթե ԱՄՆ-ում բնակվող մի բուռ հայերին նա ձեռք չի տալիս որպես դեսպան, դա դեռ չի նշանակում, որ ԱՄՆ պետությանն ու մնացած 300 հազար ամերիկացիներին էլ ձեռք չի տալիս: Հետեւաբար, նույնիսկ ծիծաղելի է, երբ այդ մի բուռ հայերը (ի դեպ, ոչ բոլոր ամերիկահայերը) դիմում են ԱՄՆ պետքարտուղարությանը` Տիգրան Սարգսյանին վիզա չտրամադրելու պահանջով: Համաձայնեք, որ խնդիրն իր խորքում բավականին նուրբ է այսպես չոբանավարի բարձրացվելու համար:



 



Երբ Օբաման որոշում է որեւէ մեկին դեսպան կամ ներկայացուցիչ նշանակել երկրագնդի որեւէ անկյունում, կոնգրեսականները հավաքվում ու այդ նշանակյալին մի լավ հարցաքննում են, որ տեսնեն` ի՞նչ գիտի նա իր նոր գործի մասին, ինչպե՞ս է պատկերացնում իր դերը, ի՞նչ մոտեցումներ ունի սպեցիֆիկ հարցերում: Թե Ջոն Հեֆերնը, թե նրա նախորդները, թե Մինսկի խմբի ամերիկացի համանախագահները, մինչեւ Հայաստանում դեսպան կամ ՄԽ համանախագահ նշանակվելը, անցել են այդ քննությունը:



 



Իսկ ինչպե՞ս են դեսպան նշանակվում Հայաստանում: Ամբողջ պրոցեդուրան ավարտվում է մի փոքրիկ տեղեկատվությամբ. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել այսինչին այսինչ երկրում դեսպան նշանակելու մասին»: Վերջացավ: Թե հիմա այդ մարդն արժանի էր, արժանի չէր, դա էլ Սերժ Սարգսյանն ու այդ մարդը գիտեն: Նույն վիճակը Յուրի Վարդանյանի պարագայում էր, բայց Վրաստանի որեւէ հայկական կազմակերպություն չբողոքեց այդ երկրի արտգործնախարարությանը, թե Յուրի Վարդանյանն էն չի, որ կարողանա այստեղ Հայաստան ներկայացնել:



 



Բողոքը պետք է ուղղել նշանակողի դեմ եւ ոչ թե ընդունող երկրի պետական կառույցների: Պետական կառույցներն իրենց հետեւությունն անում են նորանշանակի հետ աշխատելու ընթացքում, ինչպես դա եղավ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հետ, որի ժամկետը դեռ չլրացած` պահանջեցին հետ կանչել: Մեզ համար խիստ տարօրինակ է Հայաստանի հանրության արձագանքը Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում դեպան նշանակելու հարցի հետ կապված: Դա այն մարդն է, որ ձախողել է հայ-ամերիկյան հարաբերությունները, նպաստել ամերիկյան օգնությունների ու վարկերի փոշիացմանը, իսկ ԶԼՄ-ների համաձայն` ներքաշված է զանազան մախինացիաների մեջ: Ավելին, դա այն մարդն է, որ, ամենայն հավանականությամբ, պետք է իրավապահների ուշադրության կենտրոնում մնար այն բանից հետո, երբ նրա` միջազգային հետախուզման մեջ գտնվող գործընկեր Աշոտ Սուքիասյանին արդեն Հայաստան են բերել: Սերժ Սարգսյանը՝ հոպ ու այդ մարդուն նշանակում է դեսպան, եւ ոչ մի բողոք չկա ոչ քաղաքական ուժերի, ոչ քաղաքացիական հասարակության, ոչ Սերժ Սարգսյանի ձեռքից դիպլոմ ստացող վաղվա ու մեդալ ստացող այսօրվա ինտելիգենտների կողմից: Նորմա՞լ է սա:



 



Եվ մենք ուզում ենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը, տեսնելով Հայաստանի այս լուռ «համաձայնությունը», զոռով շա՞ռ անի Տիգրան Սարգսյանի վրա, կասկածի՞ նրան օֆշորային ու մյուս խաղերի մասնակցության մեջ: Չի կարող նման բան լինել: Անգամ ծիծաղելի է դառնում այդ ամենը, երբ մտածում ես, որ Տիգրան Սարգսյանն ամերիկյան փողերը վարի է տվել` Հայաստանի հաշվին լվանալով ու համապատասխան մասհանումներ անելով այդ փողերը տվող ֆինանսական կենտրոնների ազդեցիկ դեմքերին: Պետք չէ մոռանալ, որ այդ փողերը, որոնք պարտքի տեսքով նստած են Հայաստանի վզին, մենք ենք փակվելու: Բայց մենք, այ քեզ հաջողություն, չենք բողոքում եւ հանգիստ կարդում ենք հաղորդագրությունը. «Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան է նշանակվել Տիգրան Սարգսյանը»: Ի՞նչ իմանաս, գուցե հենց Ամերիկայի՞ց են ասել, որ նրան ենք ուզում:



 



Ամերիկայի հայկական ֆորումի զգոնությունը, անշուշտ, հասկանալի է, բայց, ահա, մարտավարությունը` խայտառակ վիճակում է` հար ու նման Հայաստանից իրենց խաղացնողների մարտավարությանը: Ի՞նչ կարելի է խորհուրդ տալ այդ ֆորումին: Մի դիմում էլ թող Մեքսիկայի արտգործնախարարությանը գրեն, որ այսպես ու այսպես, զգույշ եղեք, ձեր հարեւան երկրում Հայաստանը Տիգրան Սարգսյանի նման հանցագործի է նշանակել դեսպան: Իսկ եթե ավելի լուրջ, ապա պիտի ասել` զբաղվեք ԱՄՆ հայ համայնքի միասնականության հարցերով ու իրար մի կերեք, երբ Լոսի հայահոծ շրջաններում թաղապետերի ու ագարակապետերի ընտրություններ են տեղի ունենում: Սփյուռքյան կառույցներն են հայ ժողովրդի ամենակարեւոր դեսպաններն օտար երկրներում, իսկ նշանակովիները ժամանակավոր երեւույթ են: Իմացեք մյուս անգամ ում բողոքել, երբ մտածում եք, որ նրա նշանակած մարդը կարող է կառույցի գլխին փորձանք դառնալ:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ