НАСТУПАТЬ НА ТЕ ЖЕ ГРАБЛИ

НАСТУПАТЬ НА ТЕ ЖЕ ГРАБЛИ

Սոցցանցերից մեկում կարդացի ռուս օգտատիրոջ հարցը. «Խնդրում եմ օգնեք` անգլերենում կա՞ «Наступать на те же грабли» արտահայտության համարժեքը»: Ոմանք պատասխանել էին` «ոչ, չկա», մի քանիսն էլ, ընդհակառակը, մեջբերել անգլերեն «համարժեք» արտահայտություններ: Ընդհանուր կարծիքն այն էր, սակայն, որ «անգլիացիները սովորում են ուրիշների սխալների վրա, ռուսները, մինչդեռ, նույնիսկ սեփականից դասեր չեն քաղում»:



 



Դժվար է ասել, որ Անգլիան ճիշտ է գնահատում սխալները եւ երբեք «не наступает на те же грабли»։ Բայց որ ռուսներն ավելի հաճախ են այդ վիճակում հայտնվում, կարծես, առարկություն չի վերցնում:



 



Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող ճշմարտացի ֆիլմերից մեկը, ըստ իս, Անջեյ Վայդայի «Կատին»-ն է: Հարկ եղավ 60-70 տարի, որպեսզի Ռուսաստանն ի վերջո ընդուներ, որ, այո, լեհական բանակի 20 հազար սպա գնդակահարվել է Ստալինի կարգադրությամբ: Եվ, այնուամենայնիվ, Լեհաստանի նախագահի ինքնաթիռը Սմոլենսկ չհասավ, երբ ծրագրված էր, որ նա Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ պետք է ներկա լինի Կատինի ողբերգությունը խորհրդանշող հուշակոթողի բացմանը: Ինչո՞ւ` մեկնաբանությունները բազմաթիվ եւ իրարամերժ են: Ես միայն արձանագրում եմ փաստը:



 



Այսօր ռուսաստանյան մամուլն Ուկրաինայի իշխանություններին անվանում է «хунта», ապստամբներին` «ополченцы», ուկրաինացիներին` «бендеровцы», իսկ Ռուսաստանի նախագահի օգնականն էլ Պետրո Պորոշենկոյի լեգիտիմությունը «կասկածելի» է համարում: 1939թ.-ին Ստալինն «անօրինական» էր համարում մերձբալթյան երկրների եւ Լեհաստանի անկախ գոյությունը: Նույն կարծիքին էր նաեւ Հիտլերը: Այդ հողի վրա էլ կնքվեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, եւ Արեւելյան Եվրոպան բաժանվեց խորհրդա-գերմանական ազդեցության գոտիների:



 



«Նա հեռացրեց պատերազմի վտանգը, ընդլայնեց ԽՍՀՄ սահմանները, որպեսզի կանխի գերմանական «բլից-կրիգը»»,- Ստալինի մասին նաեւ այսօր այսպես են դատում ռուսաստանցի պատմաբանները եւ քաղաքագետները: Իսկ ներկայիս Ուկրաինայի ողբերգությունը ռուսաստանցի գործիչները բացատրում են նրա «արեւմտամետ կողմնորոշմամբ», ՆԱՏՕ-ի դեպի Արեւելք ծավալվելու «սպառնալիքը կանխելու անհրաժեշտությամբ»:



 



«Наступать на те же грабли»,- ահա թե ինչ է նշանակում երազել Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ վաղեմի զորության մասին: Ընդ որում, փաստացի զորեղ չի եղել ոչ կայսրությունը, ոչ ԽՍՀՄ-ը: Փարիզում «կազակական ձիարշավ կազմակերպել» եւ փշրել սրճարանները` չի նշանակում հաղթել Ֆրանսիային: Հաղթում է այն երկիրը, որ պարտվածին կարողանում է ավելի բարձր քաղաքակրթություն եւ բարեկեցիկ կյանք «պարտադրել»:



ԽՍՀՄ-ը Գերմանիայի օկուպացված տարածքներից, որպես «ռազմատուգանք», դուրս է բերել ամեն ինչ, որ քիչ թե շատ արժեք է ներկայացրել: Հաղթանակից 20 տարի անց Մոսկվայում մարդիկ «գլուխ էին ջարդում» գերմանական արտադրության մեքենայի, իսկ ավելի ուշ` նույնիսկ արեւելաեվրոպական կումունիստական «ճամբարի երկրներից» ներմուծված «ширпотреб»-ի համար:



Կանցնի մի քանի տասնամյակ, եւ Ռուսաստանն ստիպված կլինի բացել Ղրիմի «ինքնորոշման» գաղտնիքը: Պետք է միայն հուսալ, որ այդ օրն Ուկրաինայի նախագահի` Սիմֆերոպոլ թռչող օդանավն աղետի չի ենթարկվի: Թե չէ կստացվի «Наступать на те же грабли»:



 



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ