Չեմ կարծում, որ Արցախի հետ սահմանին որեվէ արգելք կլինի մեզ համար

Չեմ կարծում, որ Արցախի հետ սահմանին որեվէ արգելք կլինի մեզ համար

Վերջին շրջանում ակնհայտորեն փոխվել է իշխանության ներկայացուցիչների տոնայնությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացի վերաբերյալ: Կարծես սկսել են «ատամ ցույց» տալ եւ հոխորտալ, որ միայն «հավասարը հավասարի» կարգավիճակով կանդամակցեն, առանց նախապայմանների: «Կարող եմ հայտարարել, որ որեւէ նախապայմաններ չենք ընդունելու եւ «հավասարը հավասարի հետ» ձեւով ենք անդամակցելու ԵՏՄ-ին»,- օրեր առաջ հայտարարել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Սա նշանակո՞ւմ է, որ մեզ ինչ-որ պայմաններ են պարտադրում, եւ իրականում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի հետաձգումը հենց այս հանգամանքով է պայմանավորված: Այս եւ այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստացանք ՀՀԿ խմբակցության ղեկավարից:



 



- Պարոն Բաղդասարյան, վերջին շրջանում հաճախ եք ընդգծում, որ Հայաստանը զիջումների չի գնալու, նախապայմաններ չեք ընդունելու, այսինքն՝ պահանջներ եղե՞լ են, որ ստիպված եք այդպիսի հայտարարություններ անել: Հնարավո՞ր է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետաձգումը նույնպես պայմանավորված է մեզ համար ոչ հաճելի նախապայմանների թելադրմամբ:






- Բացարձակ որեւէ առաջարկ չի եղել, պայման՝ առավել եւս, պարզապես մամուլով տարբեր բաներ են գրում, որ մենք իբր կարող է ինչ-որ բաների գնանք եւ այլն: Ես ուզում եմ ասել, որ բոլորդ շատ հանգիստ եղեք, որեւէ խնդիր չկա, եւ հավասարը հավասարի պայմաններով մենք պատրաստ ենք անդամակցելու Եվրասիական միությանը:



 



- Ռուսաստանի պաշտոնյաների, մասնավորապես փոխվարչապետի կողմից արդեն իսկ զիջումների մասին հայտարարություններ են արվել, որ ԵՏՄ-ին անդամակցելու պարագայում Հայաստանը պետք է ԱՀԿ-ի հետ համաձայնագրում գնա որոշակի զիջումների, ի՞նչ է դա ենթադրում:






- Ես չեմ կարծում, որ դա պետական կարծիք է, բացի դրանից, երկու նախագահների ամռանն սպասվող հանդիպման ժամանակ, կարծում եմ, ամեն բան ավելի կհստակեցվի, պետք է մի քիչ լավատես լինել եւ սպասել: Փոխվարչապետը կարող է իր կարծիքն ունենալ, մենք էլ՝ մեր:



 



- Հովիկ Աբրահամյանն օրերս հայտարարեց, որ Հայաստանն ամեն ինչ արել է եւ սպասում է Ռուսաստանին, այսինքն՝ ենթադրվում է, որ ճանապարհային քարտեզի բոլոր պահանջներն արդեն կատարվել են մեր կողմից: Կնշե՞ք մեկ-երկու կոնկրետ քայլ, որ արվել է:






- Ես կարող եմ ասել, որ մեր խնդիրների լուծումն ավարտել ենք, տեխնիկական խնդիրները լուծել, եւ համաձայնագրի նախագիծն ուղարկված է անդամ երկրների համաձայնեցմանը: Քննարկումներից հետո այն պարզ կդառնա բոլորի համար: Եվ խնդիրը միայն դա է, երբ որ երեք պետությունները կավարտեն փաստաթղթային ուսումնասիրությունը:



 



- Փաստորեն, ճանապարհային քարտեզի բոլոր պահանջները մեր կողմից կատարվել  են, կոնկրետ ի՞նչ քայլեր են արվել:






- Եկեք դեպքերից առաջ չընկնենք, կարճ ժամանակվա ընթացքում ամեն ինչ հստակ կլինի: Խնդրում եմ որեւէ մանրամասների մասին առայժմ չխոսենք:



 



- Վերջին իրադարձությունները եւ հատկապես Ադրբեջանի ակտիվացումը հայկական կողմի մոտ կասկածներ են առաջացնում, որ Ղազախստանը, ի վերջո առաջ տանելով Ադրբեջանի շահը, մեզ սահմանային կետ կպարտադրի Ղարաբաղի հետ կամ գուցե այլ…






- Պրոցեսներ կարող են տարվել, բայց, համենայնդեպս, մեր դիրքորոշումների մասին ես հստակ արտահայտվել եմ:



 



- Եթե, այդուհանդերձ, նման պայման առաջ քաշվի, մենք հետ կկանգնե՞նք անդամակցությունից:






- Հիմա էլ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ սահմանակետ կա դրված:



 



- Բայց հիմա առանց հսկիչների եւ անարգել հատում ենք Արցախի սահմանը:






- Չեմ կարծում, որ այն ժամանակ էլ որեւէ արգելք կլինի մեզ համար:



 



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]