Ադրբեջանական կողմը չի սահմանափակվում հրադադարի խախտումներով

Ադրբեջանական կողմը չի սահմանափակվում հրադադարի խախտումներով


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ կառավարության բարձր ամբիոնից զեկուցել է շփման գծում առկա վիճակի մասին՝ նշելով, որ լարված իրավիճակը դեռեւս պահպանվում է: «Ադրբեջանական կողմն իրականացնում է իր ծավալներով եւ բնույթով աննախադեպ ռազմական բնույթի գործողություններ, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումներ եւ խաղաղ բնակավայրերի գնդակոծություններ մեծ տրամաչափի զինատեսակներով, դիվերսիոն-հետախուզական ակտիվ գործողություններ, ինչպես նաեւ շփման գծում եւ թիկունքում զորքերի տեղաշարժեր, տեղեկատվական եւ քարոզչական ակտիվ գործունեություն: Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, օգոստոսի 1-ից սկսած՝ հակառակորդի կողմից հրադադարի խախտման ինտենսիվությունը չի նվազել»: Ըստ զինված ուժերի պատասխանատուի, բացի հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներից, մշտական գնդակոծության տակ են գտնվում սահմանամերձ խաղաղ բնակավայրերը, հիմնականում Տավուշի մարզում:




Նախարարի տեղեկացմամբ, հակառակորդի կողմից իրականացվում են այս ժամանակահատվածում նաեւ այլ գործողություններ. հայտարարվել է ողջ անձնակազմի հավաք, ծառայության ուժեղացված ռեժիմ, մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել են անձնակազմի զինտեխնիկայի տեղաշարժեր գրեթե բոլոր զորամիավորումների պահպանության գոտիների դիմաց, իրականացվում է ավիացիայի՝ ինքնաթիռների եւ ուղղաթիռների ակտիվություն առաջնային գծի երկայնքով, որոշ ստորաբաժանումներ՝ խոցման եւ նաեւ երկրորդ շարակազմի, բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, հրամանատարական կետերի բացազատում, առաջնագծում ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերի թռիչքները, տեղեկատվական եւ քարոզչական միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ապատեղեկատվության տարածումը: Ինչ վերաբերում է երկու կողմերի կորուստներին, նշել է. «Եթե այսօր համեմատենք, 1/8 եւ 9, այսինքն՝ 8-9 անգամ նրանք ավելի շատ կորուստներ են ստացել: Որոշ սահմանամերձ բնակավայրերում, շրջաններում իրավիճակի սրումը Ադրբեջանի Հանրապետության գյուղի բնակիչների մոտ առաջացրել է խուճապ եւ արտահոսք: Այդ կապակցությամբ սահմանամերձ նորակառույց բնակավայրերում ուժեղացվել է վարչական եւ ոստիկանական ռեժիմը: Նաեւ որոշակի քայլեր են իրականացնում զորահավաքային պլանների ճշգրտման, զգուշացման ուղղությամբ»:



Ադրբեջանական կողմը չի սահմանափակվում զուտ հրադադարի խախտումներով եւ իրականացնում է լայնամասշտաբ գործողությունների նախապատրաստական աշխատանք: Այս ամենը, ըստ նախարարի, նպատակ ունի բանակցային գործընթացի վրա ազդել, համախմբել ներքին լսարանը, վերացնել պարտվածի թերարժեքությունն ու բարձրացնել զինված ուժերի ոգին: «Իրադրության ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի զինված ուժերի գործելակերպը ամբողջովին գտնում ենք, որ հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն եւ տրամաբանությանը: Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն, բարձր գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների կառուցողական ջանքերը, միջազգային հանրության՝ իրադրության վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները, միջազգային կառույցների, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում իր պաշտոնական հայտարարություններում պարբերաբար կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից եւ ջանքեր գործադրել ղարաբաղաադրբեջանական շփման գծում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ»,- ասել է բանակի պատասխանատուն:




Գայանե  ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
gayane.saribekyan@hraparak.am