Քաջ Նազար ձևանալու տեղը չէ

Քաջ Նազար ձևանալու տեղը չէ

Այն, որ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հանդես չեկան համատեղ հայտարարությամբ, խոսում է այն մասին, որ հայ-ադրբեջանական «երկխոսության» և միջնորդների վազվզոցի ընթացքում ոչինչ էլ չի փոխվել: Բանակցային գործընթացում տեղաշարժի բացակայության մասին են վկայում նաև Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հայտարարությունները, որոնցում կողմերը մի քիչ կշտամբել են միմյանց, մի քիչ կոչ արել խնդրի խաղաղ կարգավորման լուծումներ գտնել: Նույն բանի վկայությունն է նաև Պուտինի տրաֆարետային խոսքը, որով նա արդեն հազարերորդ անգամ հույս է հայտնում, որ կամք ու խելք դրսևորելու դեպքում հնարավոր է խաղաղ լուծում գտնել Ղարաբաղի խնդրի համար:



Մեր որոշ վերլուծաբաններ սխալմամբ կարծում են, որ Սոչիի հանդիպումը Հայաստանի համար չափազանց կարևոր և խոսուն էր: Ըստ այս տեսակետի՝ շփման գոտում լավ կազմակերպված ինքնապաշտպանությամբ և պատժիչ գործողություններով Հայաստանը հստակ ուղերձ հղեց Ռուսաստանին, որ ԼՂ հարցում առանց իր կամքը հաշվի առնելու ոչինչ չի լինելու, այսինքն չի լինելու միանշանակ այնպես, ինչպես կցանկանա Ռուսաստանը:



Մեր կարծիքով, սակայն, կոնկրետ այս եռակողմ հանդիպումը խոսում է բոլորովին հակառակի մասին, և Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներն էլ Սոչի էին մեկնել ոչ այնքան Պուտինին բաներ ապացուցելու, որքան Ռուսաստանի տարածաշրջանային կշիռն ավելի ընդգծելու նպատակով: Եթե ավելի շրջահայաց լինենք, կտեսնենք, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները բավականին անհարմար վիճակում են թողել Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին, որոնց ջանքերը նման հանդիպում կազմակերպելու ուղղությամբ մնացին ապարդյուն:



Մենք նաև պարտավոր ենք հասկանալ, որ եթե Ռուսաստանը, շահարկելով Ղարաբաղի խնդիրը, կարողանում է Հայաստանից ստանալ ամեն ինչ (թերևս արդեն ստացել է), նույնը չի կարողանում անել Ադրբեջանից անհնարինը ստանալու համար: Ուզում ենք ասել, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի համար նույնքան ճակատագրակն չէ, որքան Հայաստանի համար: Այլապես Ալիևը վաղուց կգնար խելակորույս քայլերի՝ միայն թե կրկին բռնագրավեր Ադրբեջանից ազատագրված տարածքներն ու Ղարաբաղը: Հետխորհրդային որոշ իրաղություններ մեզ հուշում են, որ Ռուսաստանն առայժմ մտադիր չէ հրաժարվել այն տարածքներից, որոնք այս կամ այն հանգամանքներում արհեստականորեն միացվել են այս կամ այն խորհրդային հանրապետությանը: Խոսքը Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի, Ղրիմի, Դոնեցկ-Լուգանսկի, նաև՝ Ղարաբաղի մասին է: Ավելի ուշ, նայած դեպքերի ծավալման ընթադցքին, այս ցանկը կարող է թարմացվել նորանոր տեղանուններով:



Մինչ այս պահը Ռուսաստանին, կարծես, հաջողվում է «պահել» այդ տարածքները և թույլ չտալ դրանց եվրաասոցացումն ու իրենից վերջնական անկախացումը: Մյուս կողմից էլ մենք վկան եղանք այն իրադարձության, որ Աբխազիան և Հարավային Օսեթիան «կորցրած» Վրաստանը, Ղրիմից «զրկված», և Դոնեցկի համար պայքարող Ուկրաինան, ինչպես նաև Մերձդնեստրի Հանրապետությունից «ձեռք քաշած» Մոլդովան այնուամենայնիվ ստորագրեցին Ասոցացման պայմանագիրը: Նկատենք, որ այդ երկրներին իրենց «կորուստների» հետ հաշտվելու գործում մեծապես օգնում է նաև Արևմուտքը՝ համոզելով և պաշտպանություն խոստանալով: Իսկ ի՞նչն է խանգարելու Արևմուտքին՝ բազմամիլիարդանոց տնտեսական ծրագրերը փրկելու նպատակով «համոզել» Ալիևին համակերպվել Ղարաբաղի «կորստի» հետ, եթե Ռուսաստանը սկսի մեծացնել ճնշումները Ադրբեջանի վրա՝ վերջինիս ԵՏՄ ներքաշելու համար: Կարելի է ասել՝ բոլորի մոտ էլ գործում է ամբողջը փրկելու համար մասը զոհելու սկզբունքը: Ղարաբաղը այն փրկագինն է, որ Ալիևը «կարող է վճարել» Ադրբեջանը Ռուսաստանից անկախացնելու և փրկելու համար: Որքա՞ն կկարողանա նա «կառչած» մնալ Ղարաբաղից և ձևացնել, թե այն Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունի, դժվար է ասել, բայց առնվազն Ռուսաստանը և Արևմուտքը գիտեն, որ Անդրկովկասում գլխավորը ոչ թե Ղարաբաղի պատկանելության հարցն է, այլ այն հարստությունների ճակատագիրը, որոնք հետագայում կտնօրինեն գերտերությունները:



Այս իրավիճակում խոսել այն մասին, թե մենք Սոչիում այս ու այս բաները ապացուցեցինք Պուտինին, նույնիսկ մի քիչ ծիծաղելի է: Ավելի լավ է համեստ լինենք մի փոքր և գոհանանք նույնիսկ այնքանով, որ Ադրբեջանը երբեք չի գնա արկածախնդրության, որը նրա համար նշանակում է ինքնաոչնչացում:



Վերջում կառաջարկեի կարդալ ՌԴ արտգործնախարար Լավրովի եզրափակիչ խոսքը Սոչիի հանդիպման մասին: Եթե այնտեղ գտնեք որևէ նորություն ԼՂՀ հարցի կարգավորման ողջ գործընթացի ժամանակ հնչած հայտարարություններից, ապա կարող եք համարձակ ասել, որ Սոչիի հանդիպումը շրջադարձային էր, դարակազմիկ կամ պատմական:



Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Հանդիպումն օգտակար էր, նախագահները կրկին հաստատել են իրենց հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի համանախագահ-երկրների նախագահների մակարդակով ամրագրված սկզբունքներին, որոնց հիմքում ընկած է բացառապես խաղաղ ճանապարհով լուծում փնտրելու անհրաժեշտությունը՝ տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգմամբ:



Նախագահները Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարության մակարդակով երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել, և ՌԴ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ-երկիր, ամեն կերպ կնապստի դրան»:



Էդիկ Անդրեասյան