Ափսոս, որ հիմիկվա տեխնիկան, հնարավորություններն անարժան մարդկանց ձեռքն են ընկել

Ափսոս, որ հիմիկվա տեխնիկան, հնարավորություններն անարժան մարդկանց ձեռքն են ընկել

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Անտոն Աղայանցը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում աշխատել է շուրջ 5 տասնամյակ՝ 1963-2013թթ.: Որպես ռեժիսոր, ներգրավված է եղել հեռուստատեսության բոլոր ժանրերում` մանկական, հասարակական, քաղաքական, գրական, ֆիլմեր, հեռուստաթատրոն, որտեղ բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ` «Սինյոր Պապագատտո», «Մովսես ապերը», «Քարանձավի բնակիչները»: Այժմ դասավանդում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:



Մեր հեռուստատեսությունը լավ սկսեց



Ես չեմ սիրում պատմություն անել, թե բա գիտեք ինչքա՜ն լավ էր, ձյան մեջ թաղված ոնց էինք Նորքի բարձունքով իջնում ու նայում լույսերով ողողված քաղաքին… այս լիրիկայով, ռոմանտիզմով այսօր էլ չի լինում ապրել, դա անցյալ է, մենք այսօր կոնկրետ պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել, որ մեր հեռուստատեսությունը բարձր տեղ գրավի: Ինձ հիմա վշտացնում է այն, որ շատերն սպասում են, բայց սպասումով հարց չի լուծվում: Մեր հեռուստատեսությունը շատ լավ սկսեց ու շատ լավ աճեց: Կոմիտեի նախագահներ ենք ունեցել, որ մեր ավագ ընկերներն են եղել. Հակոբ Այվազյան, Ջոն Կիրակոսյան, Ստեփան Պողոսյան, ով հենց եկավ հեռուստատեսություն, սկսեց մոնտաժողի, օպերատորի գործը սովորել, ասում էր` ես պետք է հասկանամ այս գործերը, որ երբ ասում եք՝ սա չստացվեց, իմանամ՝ իրոք այդպե՞ս է, թե՞ ոչ:



Կապիկի նման չընդօրինակել



Չեմ սիրում հեռուստատեսությունը, երբ կապիկի նման ընդօրինակում են մոսկովյան, արտասահմանյան ծրագրերը: Գայթակղությունը մեծ է, բայց ես կտրականապես դեմ եմ, որովհետեւ դուրս է գալիս, որ դու անկարող ես եւ ռուսական, անգլիական ծրագրերն ես գնում եւ դրանց հայկական տարբերակն ստեղծում: Ուզում ես 10 անգամ թռի երկինք, իջի, եթե ընդօրինակում ես՝ կեղծ է, մինչդեռ պիտի կարողանաս քոնն ստեղծել: Ռեժիսորների մոտ էլ կար նման բան, երբ դրսում ներկայացում էին նայում եւ գալիս փոխադրում էին իրենց մոտ, բայց երբեք դա հաջողության չի բերել, որովհետեւ այնտեղ, որտեղ հաջողված ներկայացում է եղել՝ լավ դերակատարներ, յուրահատուկ կառուցում է եղել, իսկ երբ դու պատրաստի պրոդուկտը բերում քեզանով ես անում եւ ուզում ես քո դերասանի վրա հագցնել՝ չի ստացվում: Ընդօրինակելն ամենավատ բանն է, ուզում է փայլուն ծրագրեր լինեն: Ու ինչքան էլ մենք թեզեր առաջարկենք, որ հարկավոր է սովորել, ամենաառաջինը տաղանդ է պետք: Ես անցել եմ մի դպրոց` օգնականից սկսած մինչեւ ասիստենտ, ռեժիսոր, գլխավոր ռեժիսոր, եւ երբեք չեմ նայել, թե ով է ինձ օգնելու:



Հեռուստատեսության պիոներները



Մարատ Մարինոսյան, Կիմ Արզումանյան, Օլգա Մելիք-Վրթանեսյան, Նառա Շլեպչյան, Ժիրայր Ավետիսյան. սրանք մարդիկ էին, որ հեռուստատեսության պիոներներն էին: Գիտե՞ք ինչ հարգանք էին վայելում մարդիկ, ովքեր ժամանակին հեռուստատեսությունում էին աշխատում, նրանց մոտ երբեք հարց չի առաջացել՝ իսկ ինչքա՞ն եք վճարելու, այդ էնտուզիազմն էր, որ գրավում էր: Հեռուստատեսության մարդիկ այսօր դղյակներ չեն կառուցել, չունեն «Բենթլի», «Ֆերարի», բայց բոլորը դրանով էին ապրում:



Ծնված օրվանից՝ էկրանին



Ես մոնոպոլիային դեմ եմ, իսկ հեռուստատեսային մոնոպոլիան ավելի սարսափելի է: Ռեժիսորները, վարողները, խմբագիրները ճանաչված մարդիկ են հասարակության մեջ, բայց չեմ կարծում, որ ծնված օրվանից պետք է մնան էկրանին եւ չպետք է փոխարինվեն: Հեծանվորդները երբ դուրս են գալիս թիմային մրցման, ամեն պտույտի ժամանակ առաջին գնացողը հետ է ընկնում, ու մյուսն է առաջ գալիս, սկզբում չէի հասկանում, թե ինչու է այդպես վարվում, բայց դա արագություն, ուժ է տալիս, եւ նոր լիդեր է առաջ գալիս, որը քաշում-տանում է, իսկ երբ ճահճացած վիճակ է, մարդիկ նստած են ապահով կյանքով, շատ ժամանակ նմանվում են օֆիսային աշխատողների եւ օր են գլորում: Այս մտածողությունը պետք է հեռու լինի հեռուստատեսությունից։



Լինել խաղի մեջ



Ռուսաստանում լավագույն հաղորդավարները, ճիշտ է, արդեն եթերում չեն, բայց մասնակցում են հաղորդումների ստեղծմանը, այսինքն՝ խաղի մեջ են: Մինչդեռ այսօրվա մեր հեռուստատեսությունում անջրպետ է ստեղծվել, հեռուստատեսությունից գնացած պրոֆեսիոնալ մարդիկ արդեն դուրս են, ու եկել է մի սերունդ, որը ոչնչից տեղյակ չի: Այս մարդիկ նրանց կողքին պետք է լինեն ու սովորեցնեն ոչ թե տրադիցիոն հասկացողություններին, այլ ուրիշ մի եռանդ տան: Մեծերի ներկայությունը պետք է անպայման լինի, մեզանում սխալ մի բան տեղի ունեցավ, երբ որոշեցին, որ հեռուստատեսությունը ջահելների գործ է, եւ պետք է թարմ, կարմրաթուշ մարդիկ երեւան էկրանից, այնինչ պետք չի այդ կարմրաթուշը, երբ մարդը խառնում է դոլարի կուրսը, երկրները, երբ չի հասկանում ինչի մասին է նյութը: Դպրոցում ստացած գիտելիքները բավարար չեն այսօրվա մրցակցությանը դիմանալու համար: Հաճախ ընդունելության ժամանակ իմ կոլեգաներին ասում եմ՝ ոչինչ, որ Վախթանգովին կամ Արուս Ասրյանին չգիտի, նա դա մեզ մոտ կսովորի, կարեւորը՝ երեխան տաղանդ ունի՞, թե՞ ոչ, կարողանո՞ւմ է իր ոչխարի հետ խոսել, շփվել, թե՞ ոչ: Այ, դա է կարեւոր:



Եթեր գնաց, ու հարսանիքը խափանվեց



Հեռուստատեսությունում լինում էին նաեւ կուրիոզներ: Մի անգամ ֆիլհարմոնիայից հեռարձակում էինք երգի-պարի անսամբլի ելույթը, ու «Թագ տանեին, տանեին, հորս տնեն տանեին» երգն էր գնում, երբ օպերատորն ինձ նշան արեց, թե՝ տուր, պարզվեց՝ կադրի մեջ վերցրել էր մի գեշ Մարգրիտ աղջկա: Ես էլ առանց խորը մտածելու վերցրեցի-տվեցի եթեր, ու դուրս եկավ, որ երգն այդ աղջկա մասին է: Հաջորդ օրն ինձ կանչեցին կոմիտեի նախագահի մոտ, գյուղացիներն Աշտարակից վեր էին կացել եկել, թե խափանվեց մեր հարսանիքը, ասել էին` տես աղջիկդ ինչքան գեշ է, որ այդ երգի ժամանակ նրան եթեր տվեցին:



Հեռուստատեսության բաց ու փակ դռները



Ուսուցիչներ շատ եմ ունեցել` Աճեմյան, Քալանթար, Ազնավուր, Սարոյան, Մամուլյան, որոնցից մի քանիսի հետ 1-2 օր եմ հանդիպել, բայց համարում եմ ինձ ուսուցիչ: Ազնավուրն առաջին անգամ որ եկավ Հայաստան, պետք է ֆիլհարմոնիայում ելույթ ունենար, եւ մենք առանց հարցնելու բերեցինք շարժական կայանը, որ համերգը հեռարձակենք, հանկարծ եկավ պրոդյուսերը եւ ասաց՝ ո՞վ է ձեզ թույլ տվել, որ հեռարձակեք, հավաքեք ու գնացեք, բանը հասավ Կենտկոմ: Ազնավուրին ասեցինք, հենց նա էլ հարթեց իրավիճակը, պրոդյուսերին ասեց՝ ամեն տեղ կարանք մեր սկզբունքներն առաջ տանենք, բայց այստեղ իմ ժողովուրդը պետք է ինձ լսի: Իսկ, օրինակ, Մամուլյանի համար հեռուստատեսության դռները փակ էին՝ պայմանավորված իր հակասովետական ֆիլմերով: Այնուամենայնիվ, մեր հեռուստատեսությունը, համեմատած մյուսների, այդքան գրաքննության տակ չէր, ուղղակի ասում էին՝ նպատակահարմար չի, այդքանից դու հասկանում էիր՝ կարելի է, թե չի կարելի: Շատ ռեժիսորներ, գրողներ հիմա ասում են՝ գիտեք ի՜նչ տարիներ էին, ամեն տողը զննում էին, չէին թողնում ստորագրել, հիմա թողնում են, գրեք, ստեղծեք, ինչո՞ւ չեն ստեղծում, ուրեմն տաղանդի պակաս կա:



Մալախովյան պռինցիպով՝ գզվռտոց



Հիմա տեսեք, թե ինչպիսի անգրագիտություն է տիրում: Նույնիսկ անվանի, գրագետ մարդիկ սկսել են էկրանից աղավաղել լեզուն: Հեռուստատեսությունը մի պահանջ պիտի ներկայացնի՝ ժողովուրդը գումար է տալիս, բարի եղեք մակարդակով սպասարկեք, հենց այնպես իրար գովելու հանգամանքը պետք չի: Ամեն հաղորդումից ես ինչ-որ բան պետք է վերցնեմ, պետք է նպատակ լինի, եթե չկա, ուրեմն հենց այնպես է, իսկ դա անկարողություն է: Երբ խնդիրը դառնում է ժամ տալը, որակ պահանջելը դառնում է անիմաստ: Որոշ հաղորդումներ կան, որ ընկնում են սենսացիաների, կենցաղային հարցերի հետեւից եւ մարդկանց վատ վիճակում դնում: Պատկերացրեք՝ եվրոպացի մեկը, որ լսել է Նարեկացու, Մատենադարանի մասին, միացնում է հեռուստատեսությունը եւ տեսնում է անատամ մարդ, որ կնոջից բաժանվել է, 10 երեխա է բերել, գզվռտոց է գնում, բայց հարցին լուծում չեն տալիս, վատը հենց դա է: Նույն մալախովյան պրինցիպն է, երբ ոչ ոք չի լսում, չի հասկանում, թե ինչ է կատարվում, բայց կարեւորը՝ գզվռտոց է գնում, իրար հեր են անիծում։



Այսօր եթերում ատմոսֆերա չկա



Հայաստանի նման փոքր երկրում այսքան շատ հեռուստատեսություն եւ բոլորն իրար նման, նույն թեմաները, նույն մարդկանց են հրավիրում, բացի դրանից՝ ասելիք, մակարդակ չունեն, բայց քանի որ ապահով են, ինչ տափակ հարց տան, այդ մարդը դրա պատասխանը կտա: Ամենավատը դա է: Մոտ 400-450 բեմադրություն կա հեռուստատեսությունում, ժամանակին ինքներս չէինք հավանում ու փնովում էինք, բայց հիմա, երբ նայում ենք, անհամեմատելի է, ինչ դերասանական կազմ, ինչ ձեւավորում, ինչ ատմոսֆերա, այսինքն՝ լրջություն կար, հանուն փողի չէր: Ես եկել եմ այն եզրակացության, որ երբեմն փողն էլ է խանգարում, այդ անիմաստ դեկորները, ծախսերը, բովանդակությունը կորում-գնում են 2-րդ պլան: Իսկ կարեւորը՝ կյանք, ատմոսֆերա ստեղծես, ոչ թե կեղծ ռակուրսներ փոխես, մարդկանց աչքը մտնես: Հիմա համարում են մեծ վարպետություն, եթե կարողանում են կամերան տեղից շարժել: Այսօր եթերում ատմոսֆերա չկա, սուտի հարցեր, սուտի պատասխաններ, եւ զգում ես դատարկություն: Վատ բաներից մեկն էլ այն է, որ հիմա ռեժիսորներն անցել են 2-րդ պլան հեռուստատեսությունում, իրենց թվում է՝ կարեւորը օպերատորն օբյեկտին կադրի մեջ տեղավորի, ու դա համարում են մեծ նվաճում: Ես ափսոսում եմ մի բանի համար, որ հիմիկվա տեխնիկան, հնարավորություններն անարժան մարդկանց ձեռքն են ընկել: