Ի՞նչ է ուզում կինը, իսկ ի՞նչ է ուզում ընդդիմությունը

Ի՞նչ է ուզում կինը, իսկ ի՞նչ է ուզում ընդդիմությունը

Աշխարհում գիտնականներին չի հաջողվում բացահայտել, թե ինչ է ուզում կինը, Հայաստանում էլ քաղաքագետները չեն կարողանում հասկանալ, թե ինչ է ուզում ընդդիմությունը։ 



Ամեն դեպքում՝ մի բան պարզ է․ քառյակից եռյակի վերածված ու հանրահավաք անող մեր ընդդիմությունը իշխանափոխություն որ չի ուզում։ Համենայնդեպս, նրանց գործողություններում դեռեւս իշխանության ձգտող քայլեր կամ նախանշաններ չեն նկատվում։



«Հայելի» ակումբում երեկ կայացած ասուլիսի ժամանակ, որին մասնակցում էին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ անդամ Լեւոն Մարտիրոսյանը, մեր կողմից հնչեցված հարցի շրջանակներում քննարկվեց նաեւ այս թեման, թե ինչ է ուզում այսօր ընդդիմությունը։



Անուշ Սեդրակյանի համար ընդդիմությունը ոչ թե քաղաքական ուժերն են, այլ ողջ հայ ժողովուրդը։ Մեր հարցին՝ արդյոք ինքը հասկացե՞լ է, թե ինչ է ուզում ընդդիմությունը, Սեդրակյանը պատասխանելուց առաջ նախ մի փոքրիկ նկատառում արեց․ «Ընդդիմություն չասեմ, հա՞, այլ ասեմ ուժեր, որոնք հավակնում են լինել ընդդիմություն»։
Այնուհետեւ, պատասխանելով մեր հարցին, նա կարճ ու կոնկրետ հստակեցրեց․ «Ընդդիմությունն ուզում է իշխանություն՝ իշխանության համար»։



Իշխանական թեւի պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի համար էլ դեռ հստակ ու հասկանալի չէ, թե ինչ է ուզում ընդդիմությունը։ Նրա համար, սակայն, ընդդիմադիր թեւից առավել պարզ ու հասկանալի է դեռեւս միայն Դաշնակցության ուզածն ու դիրքորոշումը։
«Ես, լսելով ՀՅԴ առաջնորդի (երեւի նկատի ունի խմբակցության ղեկավարին՝ խմբ․) ելույթը եւ հասկանում եմ՝ ինչ է ասում Դաշնակցությունը, եւ շատ տրամաբանական է․ կարելի է չհամաձայնել, չկիսել, բայց հասկանալի է, ամեն դեպքում։ Թե մյուսներն ինչ են ասում, այս պահի դրությամբ հասկանալի չէ, որովհետեւ, ըստ երեւույթին, ինչ-որ դիրքորոշման, կարծիքի փոփոխություն է եղել այդ ճամբարում, որովհետեւ իրենք էլ ընդունում են, որ ընդամենը մեկ-երկու տարի առաջ իրենք մի բան էին ասում, հիմա դա չեն ասում»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ ընդդիմության որոշ ուժեր, մասնավորապես ակնարկելով ԲՀԿ-ին, կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու կողմնակից էին մինչեւ 2012 թվականի ընտրությունները, իսկ հիմա՝ ոչ։



Այս հանգամանքը Մարտիրոսյանի համար հասկանալի չէ, թե ինչու են նրանք կարծիք փոխել, բայց որ դիրքորոշման փոփոխություն է տեղի ունեցել, դա, ըստ նրա, ակնհայտ է, նաեւ ակնհայտ է, թե ինչու։ Իսկ թե ինչու է ակնհայտ, ՀՀԿ խմբակցության պատգամավորն ասաց․ «Իրենց ասելով՝ սահմանադրական փոփոխությունները հիմա ժամանակավրեպ են, որը, կարծում եմ, շատ լավ մտածված եւ հզոր փաստարկ չէ, իհարկե, որովհետեւ սահմանադրական բարեփոխումների ժամանակավրեպության կամ ժամանակին լինելու նորմեր չկան մեր օրենսդրության կամ մեր քաղաքական մտքի մեջ․ ո՞վ է ասում, թե երբ պետք է լինեն այդ փոփոխությունները։ Ըստ երեւույթին, երեւի մի բան մտածել են 2017-18 թթ․ հետ կապված»։



Անուշ Սեդրակյանն էլ այս հարցով կարծում է, որ կարեւոր չէ, թե երբ պիտի լինեն թե՛ սահմանադրական բարեփոխումները, թե՛ ընդդիմադիր հանրահավաքները, կապ ունի, թե ինչ օրակարգով պիտի լինեն։



Լեւոն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք ընդդիմությունն իշխանափոխության ձգտո՞ւմ է, նա պատասխանեց․ «Դա ընդդիմությանը պետք է հարցնել, բայց իմ տպավորությամբ՝ ոչ»։