4 ՀՀԿ-ական պատգամավորներ տարբեր գումարումներում աչքի են ընկել ուրիշի փոխարեն քվեարկություններով

4 ՀՀԿ-ական պատգամավորներ տարբեր գումարումներում աչքի են ընկել ուրիշի փոխարեն քվեարկություններով

ParliamentMonitoring.am-ն ամփոփում է 5-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ՝ աշնանային նստաշրջանի երկրորդ՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ի քառօրյայի դիտարկման արդյունքները:



Օրակարգում: ԱԺ 6-րդ նստաշրջանի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ի քառօրյայի օրակարգում ընդգրկված էր 159 հարց՝ 133 օրենսդրական նախաձեռնություն, 26 միջազգային համաձայնագիր: Քառօրյայի ընթացքում առաջին կամ երկրորդ ընթերցումներով քվեարկվել է 16 օրինագիծ (դրանցից 12-ի քննարկումը տեղի էր ունեցել նախորդ քառօրյայի ընթացքում), վավերացվել է միջազգային 2 համաձայնագիր:
Օրակարգից դուրս: Ոչ իշխանական խմբակցությունների հեղինակած երեք օրինագծի ընդգրկումը նստաշրջանի օրակարգ քվեարկությամբ մերժվել է: Դրանցից մեկը Նիկոլ Փաշինյանի նախագիծն է «Սահմանապահ համայնքների մասին», մյուսը «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն առաջարկող նախագիծն է (մանրամասներն այստեղ՝ http://www.parliamentmonitoring.am/news/336.html#.VDPfNfl_tnM), երրորդը ԲՀԿ պատգամավորների հեղինակած նախագիծն է, որով փոփոխություններ են առաջարկվում «Արտոնագրային վճարների մասին» օրենքում: Ի դեպ, մերժման այս որոշումը կայացվել է վերաքվեարկությամբ, ընթացակարգի խախտմա՞մբ, թե՞ ոչ՝ համոզվեք տեսանյութը դիտելով https://www.youtube.com/watch?v=Mm_DRy6Lj1Q:
Հրավիրվել է 2 արտահերթ նիստ, որոնք չեն կայացել: Սեպտեմբերի 29-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում նախատեսվում էր քննարկել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է ԴԱՀԿ-ի կողմից արտադատական բռնագանձումների վերացմանը: Հարցը քննարկելու նախաձեռնությունը ՕԵԿ-ինն էր, որին միացել էին նաև ոչ իշխանական 4 խմբակցությունները: Արտահերթ նիստը, սակայն, չկայացավ ՀՀԿ-ի չգրանցվելու պատճառով: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ կառավարության խորհրդով մեծամասնությունը նպատակահարմար չի գտնում հարցի քննարկումը:



Երկրորդ արտահերթ նիստը հրավիրվեց սեպտեմբերի 30-ին, դարձյալ ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնությամբ: Նախատեսվում էր քննարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքում ոչ իշխանականների առաջարկած փոփոխությունները: Դրանցով առաջարկվում էր ՓՄՁ-ների աշխատակիցներին տալ ընտրության հնարավորություն, որպեսզի նրանք որոշեն՝ վճարել 3,5% շրջանառության հարկ՝ առանց փաստաթղթավորմամբ, թե 1%՝ փաստաթղթավորմամբ: Երկրորդ փոփոխությամբ առաջարկվում էր մեծացնել հարկվող շրջանառության շեմը և 58 միլիոնից դարձնել 150 միլիոն դրամ: Այս նիստն էլ չկայացավ՝ դարձյալ ՀՀԿ-ի չգրանցվելու պատճառով: ԱԺ նախագահի մոտ կառավարության և խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված երկու խորհրդակցություններից հետո պարզվեց, որ մեծամասնությունը դեմ է ոչ իշխանականների առաջարկություններին և առավելագույն զիջումը, որը կարող է անել, վերաբերում է ընդամենը երեք ամսով ստուգումների անցկացումը հետաձգելուն:



Քառօրյայի ընթացքում խորհրդարանը լսել է երկու հաշվետվություն՝ Հանրային  հեռուստառադիոընկերության 2013 թվականի գործունեության վերաբերյալ և 2013 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին: Առաջինն ընդունվել է ի գիտություն, երկրորդի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայում: Այս փաստաթղթերի քննարկման ընթացքում ուշագրավ էր խմբակցությունների դիրքորոշումների տարբերությունը. հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավարի հաղորդումը քննադատեցին ընդդիմադիրները, ՀՀԿ-ականները պաշտպանեցին: Պաշտպանի զեկույցի պարագայում պատկերն այլ էր. իշխանությունը քննադատեց, ոչ իշխանականները դրական արտահայտվեցին: Հաշվետվությունների քննարկումը զբաղեցրեց խորհրդարանական քառօրյայի վերջին երկու օրը:



Քառօրյայի օրակարգում ընդգրկված մեկ այլ՝ Վերահսկիչ պալատի 2013թ. տարեկան հաշվետվությունը, չքննարկվեց: Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 101-րդ հոդվածի՝ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում և քննարկվում է մինչեւ տվյալ հերթական նստաշրջանի ավարտը: Պատգամավորներն այն քննարկում են՝ առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:



Քառօրյայի ընթացքում արտահերթ կարգով քննարկված և մերժված միակ նախագիծը հեղինակել էին ՀԱԿ խմբակցության պատգամավորները: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացություն չէր ստացել, իսկ լիագումար նիստում, քվեարկությունից առաջ, ՀՀԿ-ն հայտարարեց, որ դեմ է քվեարկելու: Նախագծով առաջարկվում էր երկրի նախագահին զրկել արտակարգ դրության ժամանակ զինված ուժերին դիմելու հնարավորությունից:



Ընդդիմադիր մեկ այլ խմբակցության՝ «Ժառանգության» նախագիծը՝ «ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ընդամենը 4 դեմ ձայնով (քվեարկության պատկերն այստեղ` http://www.parliamentmonitoring.am/law/848.html#.VDPmIfl_tnN): Դրանով առաջարկվում էր ուրիշի փոխարեն գրանցվող ու քվեարկող պատգամավորին համարել կարգազանց ու նրա նկատմամբ կիրառել օրենքով սահմանված կարգապահական միջոցները: Նախագծին դեմ քվեարկած 4 ՀՀԿ-ական պատգամավորները տարբեր գումարումներում աչքի են ընկել ուրիշի փոխարեն քվեարկություններով:



Համաձայնագրեր: Խորհրդարանը ընդունեց երկու միջազգային համաձայնագիր: Դրանցից մեկը՝ «2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիրը», սոցիալական ոլորտին 14 մլն ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու մասին էր, երկրորդը «2014 թվականի հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ Լիբանանում Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության եւ աջակցության մասին» տեխնիկական համաձայնագիրն էր»: Խաղաղապահ առաքելության շրջանակներում Լիբանան կմեկնի ՀՀ զինծառայողների 30 հոգանոց դասակ ու 2 շտաբային սպա: Զինծառայողները Իտալիայի զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման կազմում կհսկեն ՄԱԿ-ի ռազմական բազաները: Համաձայնագրով հստակեցվում են Լիբանան գործուղվող զինծառայողների կեցության, նրանց վիրավորվելու դեպքում բուժման ու այլ խնդիրների դեպքում իտալական ու հայկական կողմերի պարտավորությունները: