ԲՀԿ-ն պատրաստ է անգամ ուղղաթիռներով մարդկանց տեղափոխել ազատության հրապարակ

ԲՀԿ-ն պատրաստ է անգամ ուղղաթիռներով մարդկանց տեղափոխել ազատության հրապարակ

«Պատմական» օրը մոտենում է, բայց եռյակը դեռ չի հրապարակում իր անելիքները: Մարզային վոյաժների ժամանակ եռյակի ներկայացուցիչներն օրեր շարունակ մարդկանց հորդորում էին լինել ակտիվ, հանդես բերել քաղաքացիական բարձր գիտակցություն եւ մասնակցել հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին, որտեղ որոշվելու է երկրի ճակատագիրը, փոխարենը այդ ճակատագրական օրվա հարահավաքին մասնակցելու հարցում չեն կողմնորոշվում եռյակի լիդերները: Այդ ընթացքում մարզերում համատեղ հանդիպումներ են կազմակերպում եռյակի ներկայացուցիչները եւ որոշում, թե մարդկանց ինչպես տեղափոխեն Ազատության հրապարակ: Նախօրեին Արմավիրի մարզում հանդիպել են «Ժառանգության», ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները, մոդերատորն այստեղ էլ ԲՀԿ-ն է՝ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն ու Ռուստամ Գասպարյանը: Ինչպե՞ս են մարդկանց տեղափոխելու Երեւան, ո՞ւմ միջոցներով, ո՞վ է հոգալու ծախսերը, եւ ի՞նչ են անելու, թե՞ ավանդականի պես ճանապարհները կփակվեն:
Արայիկ Աղաբաբյանը վստահեցնում է, թե խնդիր չի լինի:
- Տրանսպորտի հարցը լուծման պրոցեսում է, նախկին հանրահավաքների գործընթացը հաշվի առնելով՝ դեռ քննարկում ենք:



- Նկատի ունեք ճանապարհները փակելը, ի՞նչ պետք է անեք, օրինակ, եթե իշխանությունը ճանապարհը փակի:



- Ամեն ինչ էլ կարող ենք, բոլոր եղանակներն օգտագործելով՝ մարդկանց պետք է տեղափոխենք:



- Այսինքն՝ պատրաստ եք անգամ ուղղաթիռներ բերել եւ ժողովրդի տեղափոխումն իրականացնել:



- Մենք սահմանադրական իրավունքը պաշտպանելու համար ամեն ինչի էլ պատրաստ ենք:



- Պարոն Աղաբաբյան, փաստորեն, իշխանափոխության մասին հայտարարությունը դուք լո՞ւրջ եք ընդունել:



- Բայց հայտարարությունն ո՞վ է արել, մե՞նք ենք արել:



- Դե, այո:



- Ըհը, ուրեմն լուրջ ենք ընդունել: Եթե մենք հայտարարել ենք, ո՞նց կարող ենք լուրջ չընդունել:



- ՀՀԿ-ականներից մի քանիսն արձագանքել են, նրանց համար պարզ չէ, թե ինչ նկատի ունեք «իշխանափոխություն» ասելով, գուցե բացատրեք՝ ո՞ւմ եք ուզում փոխել:



- Հանրահավաքի օրը բոլոր այս հարցերը կընկնեն իրենց տեղը, հիմա մենք մեր աշխատանքները, կազմակերպական հարցերը սրբորեն կատարել ենք, իսկ կիսատ մնացած պարտականություններն էլ պիտի կատարենք մինչեւ վերջ:



- Պարոն Աղաբաբյան, Դուք շատերից լավ գիտեք, որ ձեր կուսակցությունում կեսից շատը բիզնես ունի եւ այս կամ այն թելով կապված է իշխանության հետ, չե՞ք վախենում, որ ընդդիմություն դառնալու ճանապարհին կզրկվեք այդ բարիքներից:



- Եթե կա կուսակցության որոշում, դա տարածվում է բոլորի վրա, ու թե ով ում նկատմամբ ինչ կարծիք ունի, եթե կա կուսակցության որոշում, ապա դա բոլորի համար պարտադիր է կատարման:



- Այսինքն, իշխանափոխության որոշումը կուսակցությա՞նն է, Ծառուկյանը մի քանի անգամ նման հայտարարություններից հետո իր «վերջնական» ու տարբերվող խոսքն է ասել:



- Ես առհասարակ եմ ասում․ եթե մարդը կուսակցության անդամ է, ու կուսակցության որոշում է կայացված, դա պետք է պարտադիր լինի բոլորի համար:



- Իսկ դուք կարծում եք, որ Գագիկ Ծառուկյանն է՞լ է իշխանափոխություն ուզում եւ գնալու է այդ պահանջի հետեւից:



- Բերեք միայն իմ գործառույթներից խոսենք, ես ունեմ ծրագիր եւ այն կատարել եմ:



- Բայց այսօր բոլորին ավելի շատ հետաքրքրում է՝ ԲՀԿ ղեկավարը կիսո՞ւմ է իր կուսակիցների հայտարարությունը, դուք մարդկանց հանրահավաքի եք կանչում, իշխանափոխություն խոստանում:



- Ես ինչ կար՝ ասացի արդեն: Բերեք Սահմանադրությամբ իմ գործունեության մասին հարցրեք:



- Հա, բայց շատերն են տեսել, թե 2008-ին ընդդիմության շարքերն անցած իշխանավորների ճակատագիրը ոնց դասավորվեց, հիմա ինչպե՞ս հավատան…



- Լսեք, այդ անցած թվականները մեզ հետաքրքիր չեն, կա 2014 թվականի հոկտեմբերի 10, մենք էլ պատրաստ ենք մասնակցելու միտինգին, մեր վրա դրված պարտականությունները կատարելու: Կուսակցությունը միակարծիք է, բազմակարծիք բաներ չկան, եթե կա որոշում, ուրեմն բոլորը պարտավոր են կատարել: …Ինչ է՝ հայտարարությունները որոշո՞ւմ չեն, այն, ինչ որ հայտարարվել է, ուրեմն ինչ-որ մեկի անունից չէ, բոլորի անունից է: Դուք առանձին շեշտադրումներ եք անում, բայց ես էլ ասում եմ, որ կա կուսակցություն, կուսակցության որոշում, եւ պարտադիր է բոլորի համար:



- Դուք ժողովրդին կոչ եք անում, համոզում, որ գան հրապարակ, մինչդեռ ձեր լիդերները դեռ կամուկացի մեջ են, դա արդա՞ր է:



- Մենք չենք համոզում, իրենք իրենց որոշումը կայացնում են, մենք կարող ենք ընդամենը բացատրել, եթե չպարզաբանված հարցեր կան, մենք կարող ենք բացատրել, մենք համոզելու բան չունենք: Ինչ վերաբերում է լիդերներին, ապա եռյակը կա, իր տեղում է, իր գործը գիտի, կամուկացի ոչ մի պահ էլ չկա:



- Լիդերները բա ո՞նց կարող են այդ ճակատագրական օրը բացակայել հանրահավաքից:



- Շատ եք խորանում, լավ, էլի: