Ես տանը չեմ, այդպես էլ իմացիր

Ես տանը չեմ, այդպես էլ իմացիր

Գալուստին տանն են թողել ու ասել՝ համ նախագահ ես, համ վարչապետ, համ էլ ոստիկանապետ: Ասել ու բարձրաստիճաններից ամեն մեկն իր ճամփով է գնացել: Եթե ամեն ինչ հալած յուղի պես գնար, ջհանդամ, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, թե միայն Գալուստն է մնացել: Դուռը կփակեր ու հանգիստ կպառկեր: Բայց չէ, տան անդամները հանրահավաք են անում, հետն էլ թաթա տալիս՝ տեսեք գլխներիդ ինչ ենք բերելու:
Պատկերացնում եմ, թե երեկ գլուխը բարձին դնելուց առաջ, ինչ պոզավոր մտքեր են անցել ԱԺ նախագահի գլխով. «Չլինի՞ թե բոլոր մանրից ծլկել ու գլխիս են ուզում կոտրել տատու փայտե շերեփը»: Նման մտքերից, ինչպես բարձրությունից, գլուխը ֆռռում էր, աչքերը սևանում էին ու քթի տակ թոնթորում էր՝ դուք էլ ժամանակ էիք գտել՝ գնալու: Հրեն ամեն մինը մի թվանգ կապած՝ մեզ են ման գալիս: Դուք գնացել, ինձ թողել եք, որ ինչ:
Մեկ էլ հանկարծ հիշեց, որ քաղաքական մեծ գործողություններից առաջ պատասխանատուները տանը չեն եղել, ջանովի մի ահ անցավ՝ խի՞ բարձրաստիճաններից մենակ ի՞նձ են դեմ տալիս: Այդ պահին կինը մեղմ կտտացրեց դռանը՝ Գալուստ ջան, քնե՞լ ես: ԱԺ նախագահը՝ թիրախը կորցրած, գոռաց՝ ես տանը չեմ, այդպես էլ իմացիր ու ասա:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ