Ե՞րբ կհրապարակվի ՀՀ-ԵՏՄ պայմանագիրը

Ե՞րբ կհրապարակվի ՀՀ-ԵՏՄ պայմանագիրը

Երեկ Մինսկում ստորագրվել է Հայաստանի ԵՏՄ-ին միանալու մասին համաձայնագիրը: Սերժ Սարգսյանը ոչ այն է՝ խնդրել է, ոչ այն է` հույս է հայտնել, որ Մաքսային եռյակի խորհրդարաններն առաջիկա մեկ-երկու ամսում կվավերացնեն պայմանագիրը, որպեսզի 2015-ի հունվարի 1-ից Հայաստանն էլ մասնակցի ԵՏՄ աշխատանքներին: Թե ԵՏՄ-ում ո՞ւր է աշխատանք ամենավայրի առուծախից բացի, աստված գիտե: Իհարկե, նաեւ ՌԴ նախագահը, որովհետեւ նա է միլիարդավոր դոլարներ վճարում Բելառուսի եւ Ղազախստանի անդամակցության դիմաց:



Ի դեպ, երեկ էլ Բելառուսի «հարկային մանյովրի» պահանջը թե շանտաժը կատարելու գնով Պուտինին հաջողվեց հասնել Մինսկի կողմից ԵՏՄ պայմանագրի վավերացման` ներառյալ նախագահի կողմից ստորագրման: Ղազախստանի խորհրդարանի վերին պալատն էլ թեեւ բոլոր ընթացակարգերը եւ նախապես հայտարարված ժամկետները մի կողմ թողնելով վավերացրեց համաձայնագիրը, սակայն միեւնույն է՝ Նազարբաեւը դեռ չստորագրեց, այնպես, որ երկու ամիս հետո, դեկտեմբերին կկայանա ԵՏՄ պայմանագրի վավերագրերի փոխանակումը կողմերի միջեւ, եւ միայն դրանից հետո ԵՏՄ պայմանագիրն իրավական ուժ ձեռք կբերի:
Սերժ Սարգսյանի ցանկությունն էլ իբր այն է, որ Հայաստանի ԵՏՄ-ին միանալն էլ դեկտեմբերին իրավական ուժ ստանա: Չէ՞ որ ստորագրելն սկիզբն է, դեռ պետք է ազգային խորհրդարանների վավերացում` բոլոր խութերով ու ոլորաններով: Եթե պայմանագրի ստորագրումը տեւեց ամիսներ, գրեթե մեկ տարի, ինչո՞ւ պետք է վավերացումը նույնքան չտեւի, մանավանդ երբ բուն ԵՏՄ պայմանագրի վավերացումը Բելառուսում եւ Ղազախստանում հինգ ամիս ձգվելով, միեւնույն է, երեկ դեռ վավերագրերի փոխանակման փուլին չհասավ:



Սակայն անցած մեկ տարում ԵՏՄ պայմանագրի ստեղծումը, այն քաղաքական բաղադրիչից իսպառ զրկելը, վավերացման ընթացքը կամ այդ դատապարտված կառույցի ապագան չէ կարեւորը, այլ էապես փոխված աշխարհա-քաղաքական իրադրությունն անցած մեկ տարում: Մեկ տարի առաջ ՌԴ նախագահին թվում էր, թե ինքը ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը կտապալի: Մեկ տարի հետո այդ ծրագիրը Ռուսաստանին կանգնեցրեց տնտեսական տապալման հեռանկարի առջեւ` այն աստիճան, որ երեկ Պուտինը դայլայլում էր, թե ինքը երբեք էլ ԵՄ-ի հետ հակադրման կողմնակից չէ, ընդհակառակը՝ պետք է ԵՄ-ի հետ համագործակցությունը զարգացնել:
Ռուսաստանը դժվար թե տեսանելի ապագայում որեւէ կերպ կամ որեւէ գնով կարողանա միջազգային մեկուսացումը ճեղքել, առավել եւս ԵՄ-ի հետ հարաբերություններ կարգավորել: Եվրոպան բավականաչափ խելացի է, որպեսզի վերջին մեկ տարվա իրադարձություններից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցի ոչ թե Ռուսաստանի բարի կամքի, այլ խոչընդոտելու ներուժը ոչնչացնելու հաշվարկով: ՌԴ-ԵՄ հարաբերությունները երկար չեն կարգավորվի, եւ այստեղ էականն այն է, որ ՌԴ-ն չկարողանա խոչընդոտել մյուս երկրների հարաբերությունների խորացմանը ԵՄ-ի հետ: Այս առումով, իհարկե, հրաշալի է, որ երեկ արդեն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը հայտարարել է, թե ԵՏՄ պայմանագիրը խոչընդոտ չէ Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների խորացման համար: Էականը դա է:



Հետո, իհարկե, կարեւոր է Մինսկում ստորագրված Հայաստանի ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի տեքստը: Խնդիրն այն է, որ, համաձայն ԵՏՄ պայմանագրի 108 հոդվածի, որեւէ նոր երկիր կամ կողմ ԵՏՄ-ին միանում է առանձին եւ նոր սահմանվող իրավունքներով ու պարտականություններով: Առայժմ հասկանալի չէ՝ Հայաստանը ԵՏՄ մայիսի 29-ի պայմանագրից ո՞ր իրավունքները եւ որ պարտականություններն է վերցրել: Ամեն դեպքում, Նազարբաեւի կողմից երեկ հատուկ նշելը, թե լավ է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայում Հայաստանն ունենալու է ներկայացվածություն, ենթադրել է տալիս, որ կարող էր եւ ներկայացվածություն չունենալ: Այլ կերպ ասած՝ Հայաստանի իրավունքներն ու պարտականությունները տարբերվում են հիմնադիր եռյակի իրավասություններից: