Գոյատևել մինչև հունվար

Գոյատևել մինչև հունվար

Մարդու ձեռք պետք է շատ թեթև չլինի: Օրինակ՝ Սերժ Սարգսյանի ձեռքը: Ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները (թեև Նալբանդյանի ծանր ձեռքով) և ոչինչ տեղի չունեցավ: Ոչ հայ-թուրքական սահմանը բացվեց, ոչ հայ-թուրքական բարեկամությունը կայացավ, և ոչ էլ Թուրքիան մեզ օգնեց Ղարաբաղի հարցը լուծելու գործում: Տառացիորեն ոչինչ տեղի չունեցավ, ասես չեն էլ եղել այդ արձանագրությունները, եթե չհաշվենք այն համահայկական թուքումուրը, որ իշխանություններին բաժին ընկավ Երևանից մինչև Լոս Անջելես, Լոս Անջելեսից մինչև Փարիզ, Փարիզից մինչև Բեյրութ, Բեյրութից մինչև Դոնի Ռոստով, Դոնի Ռոստովից էլ մինչև Երևան: Թեթև ձեռքով ստորագրված այդ արձանագրությունները նույնքան թեթևությամբ ուղարկվեցին գրողի ծոցը և վերջ:



Հոկտեմբերի 10-ին նույն թեթև ձեռքով Մինսկում ստորագրվեց հերթական համաձայնագիրը՝ այս անգամ Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին: Այդ համաձայնագրի լավուվատից այդպես էլ բան չհասկացանք: Թերևս միայն Նազարբաևն ուԱլիևն են գոհ: Նազարբաևը հայտարարեց, որ Հայաստանը նուրբ հարցերից մեկում գնաց փոխզիջման և հնարավոր եղավ այդ համաձայնագիրը ստորագրել, իսկ Բաքվում էլ արդեն մի քանի օր տոնախմբություն է Ալիև կրտսերի պատվին, քանզի այնտեղ հավատացած են, որ Հեյդար Ալիևի որդուն հաջողվել է անել այն, ինչ նրա հորն անգամ չի հաջողվել՝ Ղարաբաղը հետ բերել առանց մեկ հատիկ կրակոցի: Արդյոք Նուրսուլթան Նազարբաևն ու Իլհամ Ալիևն այդքան բո՞ւթ են, որ չեն հասկանում, թե որքան խելոք որոշում է կայացրել Հայաստանը՝ ստորագրելով ԵՏՄ-ին անդամակցության փաստաթուղթը: Մերոնց որ լսենք՝ նաղդ կրած ենք, բայց տես, որ քեֆը Բաքվում են անում և ոչ Երևանում:



Թեմայից չշեղվենք: Կարծեմ խոսում էինք թեթև ձեռքից:



Նույն հոկտեմբերի 10-ին, Ազատության հրապարակում մի ուրիշ գործիչ, որ ՀՀ առաջին նախագահն է, իր թեթև ձեռքով ծալեց և գրպանը դրեց 12+1 կետերով փաստաթուղթը, որով ՀՀ իշխանություններին կոչ էր արվում չստորագրել ոչ մի փաստաթուղթ, որ կվնասի Արցախի ինքնիշխանությանը: Թուղթը գրպանը դնելուց հետո էլ ժողովրդին տուն է ուղարկում և հրահանգում՝ գալ, երբ նորից կանչեն: Չի քննարկում ոչ մի արտաքին քաղաքական հարց, ավելին՝ խոստանում է իշխանություններին չհայհոյել և ուլտիմատումներ չներկայացնել:



Գործողությունների այս թեթևությունը այնքան հուզիչ է, որ էլ չգիտես ինչ ասես:
Քաղաքականությունը, սակայն, մի վատ խասյաթ ունի: Հետևանքները երևում են որոշ ժամանակ անց: Առաջիկա հունվարին միայն, երբ սկսի գործել ԵՏՄ-ն, մենք վերջապես կհասկանանք, թե հոկտեմբերի 10-ին ինչ է ստորագրել Սերժ Սարգսյանը և նույն օրը ինչով էր զբաղված օլիգարխիկ ընդդիմությունը Ազատության հրապարակում:



Ի դեպ՝ Գալուստ Սահակյանն արդեն խոսքը փոխել է: Քանի կար՝ ասում էր ոչ մի մաքսակետ էլ չի տեղադրվելու Հայաստանի և Արցախի միջև: Այսօր, սակայն, «Ազատությանը» դնդնացել է, որ մաքսակեերի հարցը դեռ անորոշ է: Վաղն էլ, հավանաբար, ասելու են՝ դե պայմանագիրն է այդպես պահանջում, մենք ի՞նչ անենք:



Ոչինչ էլ պետք չի անել, բացի մեկ բանից՝ հեռանալ, եթե պայմանագիրն այդպիսի բան է պահանջել, և դուք ստորագրել եք: Միայն թե չմոռանաք ձեզ հետ տանել հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակի հարթակը զավթած իշխանափոխիչ միմոսներին: Մեզ համար տարբերություն չկա՝ դո՞ւք, թե՞ նրանք, որոնց պատրաստվում եք իշխանություն փոխանցել հունվարին՝ երկու ոտքով ք..ի մեջ հայտնվելուց հետո: