Սկսել է խոսել

Սկսել է խոսել

Արագածոտնի մարզպետարանի կրթության եւ սպորտի վարչության նախկին պետ Պարգեւ Համբարձումյանը, ով մոտ 8 ամիս է, ինչ կալանավորված է, մեր տեղեկություններով, սկսել է խոսել իր նախկին ղեկավարի դեմ: Հիշեցնենք, որ Համբարձումյանը կալանավորվել է այս տարվա փետրվարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է հասցրել անձանց, կազմակերպությունների շահերին: Սակայն, որոշ տեղեկություններով, նրան մինչ օրս կոնկրետ մեղադրանք չի առաջադրվել: 2009 թվականից վարչության պետի պաշտոնն զբաղեցնող անձի կալանավորման գործով ամեն ինչ արվեց, որ աղմուկ չբարձրանա: Չմեկնաբանվեց, թե պաշտոնական դիրքի ինչ չարաշահում է կատարել նա, եւ մինչեւ ուր է հասնում այդ «չարաշահումը»: Մարզում խոսում են, որ Համբարձումյանին պարզապես «ժերտվա» են տվել՝ որպես դպրոցներում աշխատանքի տեղավորելու համար «կաշառք» պահանջող անձի, որովհետեւ իրականում նա առանց իր վերադասի համաձայնության դա չէր կարող անել: