ՀՀԿ-ի հետ մահը ամենևին էլ հարսանիք չէ

ՀՀԿ-ի հետ մահը ամենևին էլ հարսանիք չէ

Ադեկվա՞տ է, արդյոք, այն ուժը, որը բացեիբաց խոստովանում է, որ իր իշխանության օրոք առաջացել են շատ խնդիրներ և իրենք հիմա քայլ առ քայլ լուծում են իրենց ապաշնորհության արդյունքում ի հայտ եկած այդ խնդիրները: Իրենք, իհարկե, այդպես չեն ասում: Նրանք արձանագրում են՝ այո կան խնդիրներ, իսկ մենք, որպես իշխանություն, քայլ առ քայլ լուծում ենք դրանք: Եղբայր, ե՞րբ են առաջացել այդ խնդիրները: Օրինակ՝ արտագաղթի խնդիրը ե՞րբ առաջացավ, եթե հայտնի է, որ դուք ընդունել եք ներգաղթ ունեցող երկիր: Որտեղի՞ց ծլեց 50 տոկոս ծայրահեղ աղքատությունը, ինչո՞ւ, հանկարծ, Հայաստանում արձանագրվեց այդ թվին մոտ գործազրկություն, Ինչո՞ւ աճեց Հայաստանի արտաքին պարտքը և հասավ սպառնալից սահմանի, ինչպե՞ս պատահեց, որ «Անդրկովկասի վագր» տիտղոսին հասած Հայաստանը դարձավ «Անդրկովկասի կատու» և դադարեց լինել աշխարհաքաղաքական գործոն: Եվ այսքանից հետո, ասացեք խնդրեմ, իրենք քայլ առ քայլ լուծում են խնդիրները: Օրինակ՝ ի՞նչ խնդիր: Ո՞ր խնդիրն եք լուծել, որ մենք չգիտենք: ՀՀ նախորդ իշխանությունների պարագայում չի եղել մի պահ, որ հանրության 80 տոկոսը դեմ լինի օրվա իշխանությանը: Այսօր այդ ցուցանիշը իրականություն է դարձել: Եվ դարձյալ այս իշխանության խելացի քաղաքականության արդյունքում: Ի՞նչ պետք է անի այս իշխանությունը, որ քայլ առ քայլ վերականգնի իր կորցրած հեղինակության տոկոսները: Գուցե պետք է պարտաճանաչ հաճախի ԱԺ նիստերի՞ն:



Անտեղյակների համար մատնանշում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և ասում՝ տեսեք, թե մենք որքան ազդեցիկ ենք՝ 15 համայնքներում կայացած ընտրություններում հաղթել է 13 հանրապետական թեկնածու: Եվ ի՞նչ: Դա վստահության ցուցանի՞շ է, երբ այդ համայնքներում ուրիշ մարդ չի մնացել, որ հաղթի: Սահմանամերձ գյուղերից գրեթե բոլորում գյուղապետ ունեն, բայց ինչ անում, չեն անում՝ այդ գյուղերում խիարը թարս է բուսնում: Իսկ գուցե այս հարցն էլ լուծվի լրագրության ասպարեզի մառազմատիկներին Մովսես Խորենացու մեդալներ շնորհելո՞վ, որ նրանք ԱԺ քննարկումներում ավելի լավ լռեցնեն սահմանամերձ գյուղերի խնդիրները բարձրաձայնողներին:



Հերմինե Նաղդալյանը, ոչ անհայտ մի հանրապետական, ասում է՝ այո, կան խնդիրներ և մենք չենք կարծում, որ դրանք լուծելու համար իշխանափոխություն պետք է տեղի ունենա: Ինչպե՞ս հասկանալ սույն տիկնոջը: Էշը կոխել են ցեխը, իրենք գիտակցում են դա, իհարկե, չգիտեն ինչպես հանել էշը, բայց կարծում են, որ իրենցից լավ ոչ ոք չի կարող այդ անել: Որտեղի՞ց այդպիսի վստահություն: Ինչ անում են՝ Ձախորդ Փանոսի հեքիաթն է ստացվում՝ կամ ապագա կենսաթոշակառուներն են փողոց ելնում, կամ ՓՄՁ-ները, կամ ավտովարորդները, կամ հասարակական տրանսպորտից օգտվող ժողովուրդը, կամ ատամնաբույժները, կամ հղի կանայք: Նույնը արտաքին քաղաքականության ոլորտում է տեղի ունենում, չմանրամասնենք:
Լավ, եթե իշխանափոխությունը չէ ճանապարհը, ապա ո՞րն է: Վեց տարի է՝ գահավիժում ենք: Որքան գահավիժում ենք՝ այնքան ավել մեծ-մեծ եք խոսում, որքան ավելի է վատանում՝ այնքան ավելի ինքնավստահ եք դառնում, ձեր բացարձակ ապաշնորհությունը խելացիության տեղ եք անցկացնում: Լավ, ո՞րն է ելքը, եթե ոչ իշխանափոխությունը, եթե ոչ գլխիկոր, ներողություն խնդրելով հեռանալը: Ընկնող ինքնաթիռում աթոռից կառչելս ո՞րն է, վերջապես՝ Հայաստանը հո խորտակման դատապարտված նավ չէ՞, որ որոշել եք վերջինը լքել այն:



Վստահաբար, Հայաստանի այսօրվա իշխանությունը աշխարհում միակ ձախողված իշխանությունը չէ: Ավելին ասենք՝ նույնիսկ Հայաստանում սրանից ավելի ձախողակ իշխանություն է եղել: Բայց, փառք Աստծո, բոլոր ձախողակներն էլ հեռանում են, այլապես մարդկությունը կգնար դեպի նախնադարյան համայնական հասարակարգ, դեպի փարավոնների ժամանակաշրջան: Ոչ այնքան հաջողակ երկրներում ձեռնոցի պես կառավարություններ ու նախագահներ են փոխում, մինչև գա մի կառավարություն ու նախագահ, որը կկայունացնի երկիրը: Եվ դա տեղի է ունենում մի պարզ պատճառով՝ ձախողվածը գիտակցում է, որ ինքը ձախողել է, սխալ է, որ չի կարելի այդպես շարունակել:



Ի՞նչն է խանգարում Հայաստանում արտահերթ ԱԺ կամ նախագահական ընտրություններ անցկացնել և փորձել՝ երկիրը դուրս բերել խայտառակ վիճակից: Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի համառությո՞ւնը: Մի՞թե դա այնքան արժի, որ բոլորս, այդ թվում նաև Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն, հանկարծ հայտնվենք 10 հազար մետրից գահավիժող ինքնաթիռում՝ ամրագոտիներս կապած: Հասկանալի է, չէ՞, որ սա այն դեպքը չէ, երբ ասում են՝ ընկերովի մահը հարսանիք է: