Փոխնախարարի պաշտոնն ազատում են Խոսրով Մելիքիչի որդու համար

Փոխնախարարի պաշտոնն ազատում են Խոսրով Մելիքիչի որդու համար

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ոչ մի կերպ չի կայունանում՝ կամ ինքն է սրան-նրան պաշտոնից ազատում, կամ իրենք են ազատվում: Ամենաբարդն էկոնոմիկայի նախարարության վիճակն է: Նախարար Կարեն Ճշմարիտյանի ու տեղակալներից մեկի՝ Տիգրան Հարությունյանի փոխհարաբերությունները լարվել են այն աստիճան, որ Ճշմարիտյանն ասել է՝ դիմում գրի-գնա: Հարությունյանն էլ դիմումը գրել է դեռեւս սեպտեմբերի 3-ին, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ստորագրում: Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանի չստորագրելն էլ պայմանավորված է իր ու Կարեն Ճշմարիտյանի միջեւ հարաբերությունների խաթարմամբ: Տեւական ժամանակ է, ինչ խոսվում է, որ նրանք միմյանց հետ լավ չեն, անգամ, ասում են՝ մոտ է Ճշմարիտյանին «դիմում գրի-գնա» ասելու պահը: Տիգրան Հարությունյանին ազատելու պատճառների մասին էլ տարբեր լուրեր են շրջանառվում, մի մասը՝ թե նրա աշխատանքից դժգոհ են եղել, որոշներն էլ՝ թե հիմնական խնդիրը նրա՝ Տիգրան Սարգսյանի կադրերից լինելն է: Ոմանք էլ ավելի հավանական են համարում, որ Ճշմարիտյանն ամեն գնով փորձում է լուծել Խոսրով Հարությունյանի որդուն՝ Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանին պաշտոնի նշանակելու հարցը, ում Ճշմարիտյանը վաղուց է մտադրվել նախարարություն տեղափոխել: ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ Կարեն Ճշմարիտյանը խոսեց երեք կառույցների՝ Զարգացման հայկական գործակալության, Արդյունաբերության աջակցության եւ Մրցունակության հիմնադրամների միացման մասին: Այժմ կառավարությունում քննարկվում է այդ հարցը:



Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն ակտիվ մասնակցություն է ունեցել ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացներում: Եղել է ՄՄ ճանապարհային քարտեզի երկու ուղղությունների ոչ սակագնային կարգավորման եւ արդյունաբերական քաղաքականության աշխատանքային խմբերի ղեկավարը: Նա երեկ մեզ հետ զրույցում հավաստիացնում էր, թե ինքն է որոշել դիմում գրել, իսկ Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացներում իր կատարած աշխատանքն անթերի է եղել. «Ես իմ գործը շատ լավ եմ կատարել ու 5 ու խաչ եմ ստացել»: Մեր հարցին, թե ով է նշանակել այդ գնահատականը, պարզաբանեց. «5 ու խաչը դրել է նախագահը, որ առանց պրոբլեմների ստորագրել է Մաքսային միությանը միացման հարցը, այսինքն՝ անձամբ չի դրել: Ես երկու ոլորտով կուրատոր եմ՝ ոչ սակագնային կարգավորման եւ արդյունաբերական քաղաքականության, եւ այդ երկու մասով, որ ես եմ ղեկավարել, ճանապարհային քարտեզը կատարել ենք ժամկետներում ու անթերի: Դրա համար ոչ մի կոնֆլիկտի, դժգոհության մասին խոսք լինել չի կարող»: Այդ դեպքում ի՞նչն է եղել դիմում գրելու պատճառը: «Ես այդ ճանապարհն անցել եմ, երեւի արդեն հետաքրքիր չէ, նոր տեղի առաջարկ էլ դեռ չեմ ստացել»: Ինչ վերաբերում է Խոսրով Հարությունյանի տղայով իրեն փոխարինելուն, ասաց, որ նման տեղեկություն չունի. «Եթե ասում են, ուրեմն, նման բան կա»: Գուցե Խոսրով Հարությունյանի որդուն նշանակելու ցանկությա՞մբ է պայմանավորված իր գնալու անհրաժեշտությունը: «Ես չեմ կարա նման հարցերին պատասխանեմ, ինքներդ որոնեք-գտեք, իրականում, ես իմ աշխատանքը ճանապարհային քարտեզի մասով, Մաքսային միությանը միանալու իմ աշխատանքը կատարել եմ, որը գնահատվել է ոչ թե բավարար, այլ, իմ խոսքերով՝ 5 ու խաչ»: Դիմումն ինչո՞ւ չի մակագրում վարչապետը, չէ՞ որ արդեն 3 շաբաթ անցել է իր գրելուց հետո: «Միգուցե ես պետք եմ, միգուցե ինձ հետ պլաններ կան, նե մագու զնած»: Մի՞թե հնարավոր չէր եվրասիական ինտեգրման գործընթացներն «անթերի կատարած» փոխնախարարին չազատելով՝ նշանակել նորին, ի՞նչն էր խանգարում: «Թափուր տեղ չունենք էդքան փոխնախարարի, հինգ փոխնախարար կա… չգիտեմ, ես ոչինչ չեմ կարա ասեմ: Ես խնդիր չունեմ իմ աշխատանքային ընկերների հետ, բոլորի հետ էլ շփվում, համագործակցում ենք»,-նշեց նա: Ապա շեշտեց, որ Ռոբերտ Հարությունյանն իր ընկերն է, ու ինքը որեւէ խնդիր չունի նրա հետ: Էկոնոմիկայի փոխնախարարն այլ աշխատանքային առաջարկ չի ստացել, բայց չէր հրաժարվի, եթե առաջարկեին արդեն Ռուսաստանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովում աշխատել, քանի որ մեկ տարի այդ գործընթացի մեջ է ու փորձ ունի: 



Ինչ վերաբերում է Խոսրով Հարությունյանին, ապա մեր հարցին ի պատասխան՝ հայրը սրտնեղեց, որ որդու կարիերան իր անձի հետ է կապվում: Հիշեցրեց՝ նա պակաս բարձր պաշտոն չի զբաղեցնում. «Դուք երեւի տեղյակ չեք, թե նա որտեղ է աշխատում՝ Հայաստան զարգացման հիմնադրամում, դա բավականին պատասխանատու պաշտոն է»: Որդու փոխնախարար նշանակվելու ուղղությամբ նրա գործադրած ջանքերի կապակցությամբ էլ ասաց. «Առաջին անգամ եմ լսում»: «Ես անձամբ որեւէ ծրագիր չունեմ որդուս համար, ես իմ համար ծրագիր ունեմ, բայց ոչ տղայիս, ես պետք է ասեմ, որ իր պաշտոնը գործադիր իշխանության մեջ ոչ պակաս պատասխանատու պաշտոն է, իսկ ավելի բարձր ցանկություններ… ես, որպես կանոն, իմ տղայի կարիերայով չեմ զբաղվում, բավականին կայացած է, որ փորձի իր աշխատանքային ձեռքբերումներով զբաղվել»: Թե իր համար կարիերայի ինչ ծրագրեր ունի, Խոսրով Հարությունյանը չասաց: