Եթե Վազգենը ողջ լիներ․․․

Եթե Վազգենը ողջ լիներ․․․

Հոկտեմբերի 27-ի ոճիրը դրսեկ մտահղացողները եւ Հայաստանում այն մանրամասնաբար ծրագրավորած-իրագործածները տարբեր նպատակներ են ունեցել: Մտահղացողներն այդ ոճիրով Հայաստանին հստակ պարտադրեցին աշխարհաքաղաքական այլ կողմնորոշում, հնարավոր դարձնելով Հայաստանի նահանջն ինքնուրույնության, ժողովրդավարության եւ անկախության ձեռքբերումներից, արցախյան ծանր պատերազմի հաղթանակից. այդ ամենի հանրագումարում բարոյահոգեբանական այնպիսի միջավայր ապահովվեց, երբ հաղթանակած ժողովուրդը վերջնականապես համակվեց երկրի ներսում իր արժանավայել ապրելու համար պայքարի հանդեպ նիհիլիզմով եւ դատապարտվածի գիտակցությամբ:
Ինչ վերաբերում է Հայաստանի ներսում ոճիրի «շահառուներին», նրանց թվում էր, թե Վազգեն Սարգսյանի մահվամբ իրենք դառնում են լիարժեք իշխանություն՝ իրենց տնօրինության տակ դրվող միլիարդներով եւ դրանից բխող իշխանական հաճույքներով: Ընդամենը: Նրանք հազիվ թե պատկերացնում էին, որ իրենք ստիպված կլինեն միլիարդները վայելել արտագաղթից, ներքին եւ արտաքին խնդիրներից արնաքամվող Հայաստանում: Հայաստանի բախտն ահա արդեն 15 տարի տնօրինող, մեր մսից ու արյունից, բայց թրքաբարո «մերոնց» հաշվարկով՝ ժամանակի ընթացքում բոլորը պիտի հաշտվեին կատարվածի հետ, մոռացության տային, անգամ պիտի գտնվեին ոճիրն արդարացնողներ եւ այլն: Իհարկե, մոռացողների եւ ուրացողների պակաս չեղավ, գտնվեցին նաեւ բարոյականությունից ի ծնե զրկվածներ, ովքեր հրճվելով հիշում են այդ օրը եւ ախտաբանական մտքերով արդարացումներ մոգոնում վիժվածքների իրագործած ոճիրի համար: Բայց ժողովուրդն իմաստուն է, եւ ժողովրդին լրացուցիչ փաստարկներ պետք չեն՝ հասկանալու համար, թե որտեղից փչեց Հայաստանի պետականությանը մահացու հարված հասցրած սառցե հողմը: Թե ում էր ձեռնտու անողնաշար, կամազուրկ, ծնկի բերված Հայաստանը: Թե մեռնող երկրի ներսում ովքեր շահեցին այս ոճիրից՝ հասնելով երկրի բյուջեն գերազանցող անձնական հարստության, բազմելով աթոռների, որ անգամ ամենահամարձակ երազներում չէին տեսնի:



Եթե Վազգենը ողջ լիներ…



Եթե Վազգենը ողջ լիներ՝ նախեւառաջ աշխարհի թիվ մեկ բռնակալը՝ Ռուսաստանի նորօրյա ցարը, մատի մի շարժումով Հայաստանին չէր հրամայի ետ կանգնել իր նախընտրած զարգացման ուղուց: Եթե Վազգենը ողջ լիներ, եւ անգամ դարձյալ ստիպված լինեինք շարժվել Ռուսաստանի կամքով, ապա բոլորովին այլ պայմաններով՝ պահպանելով մեր արժանապատվությունը եւ դեմքը:



Եթե Վազգենը ողջ լիներ, օտարները կհիշեին, որ գործ ունեն տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունեցող մի երկրի հետ: Հաղթող եւ ազգային նպատակներ գծող, ազգային խնդիրներ սահմանող եւ լուծող ժողովրդի հետ:



Եթե Վազգենը ողջ լիներ, Հայաստանում կշարունակեր գործել երկրի ղեկավարման, թեկուզեւ սխալներով, բայց քաղաքական համակարգը, այլ ոչ թե վերջնականապես քրեականացված ռեժիմը:



Եթե Վազգենը ողջ լիներ, այսօրվա ամբողջ «էլիտան» զբաղված կլիներ իրենց արժեհամակարգին ու հնարավորություններին ավելի մոտ գործերով: Գալուստ Սահակյանը, օրինակ, դարձյալ քյաբաբ կուտեր, բայց որպես «մարշրուտկեքի» գծատեր միայն: Պատգամավորներին անուն առ անուն չհիշատակեմ՝ միայն Շմայսը բավական է. նա կշարունակեր հասարակությունից մեկուսացված ապրել բանակից գողացված ոսպի եւ այլ գործերով: Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, իհարկե, կլինեին, բայց ճանաչելով իրենց տեղն ու չափը: Հովիկ Աբրահամյանը, իհարկե, կգործեր, բայց հազիվ թե նրա գործունեության աշխարհագրությունը տարածվեր հայրենի մարզից դուրս, ուր մնաց թե դառնար երկրի դե յուրե երրորդ, իսկ դե ֆակտո երկրորդ, իսկ գուցե նաեւ՝ առաջին դեմք: Գագիկ Ծառուկյանի մասին լրացուցիչ ասելու բան կա՞: Մի՞թե պարզ չէ, որ նա չէր հանդգնի անգամ երազել այսօրվա իր թագավորական երազանքների մասին:



Եթե Վազգենը ողջ լիներ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ստիպված չէր լինի ձեռքը փրփուրներին գցել՝ ղարաբաղյան կլանից ազատագրվելու համար մտածելով… նրանցից մեկին մյուսով փոխարինել: Ստիպված չէր լինի Գագիկ Ծառուկյանի կողքը կանգնել եւ դեմքի հիացական արտահայտությամբ լսել նրա «քաղաքագիտական» մտքի գոհարները եւ վայելել «հրապարակախոսական ու հռետորական» թռիչքները: Ստիպված չէր լինի «լուսանցքային մի խումբ ջղաձիգներ» անվանել նրանց, ովքեր դեմ են Մաքսային միություն մտնելուն, մանավանդ այս պայմաններում եւ այս նախադրյալներով:



Եթե Վազգենը ողջ լիներ, գեներալներից շատերն առավելագույնը գնդապետ կլինեին, բայց՝ անխարդախ, վաստակած աստղերով, առանց հոգին սատանային մատնելու, իրենց սխրալից կենսագրությանը չդավաճանած, հերոսականության հուշը դեռ չկորցրած:
Կարիք կա՞ ասելու, որ եթե Վազգենը ողջ լիներ, Լֆիկը հայ ժողովրդին չէր վերաբերվի որպես իր խանութների ցանցից եւ ներկրած ապրանքներից օգտվող սպառողների: Եվ ամենակարեւորը՝ Լֆիկի տերերը չէին հանդգնի այդպես մտածել մեր մասին: Ալեքսանդր-Սաշիկը չէր վերածվի «փայ-Սաշիկի»:



Եթե Վազգենը ողջ լիներ, ցռան վերգոները չէին հանդգնի, կամուֆլյաժի մոդային տուրք տալով, հայտնվել միշտ վտանգված, միշտ թեժ մեր սահմաններում եւ «հերոսաբար» լուսանկարվել: Բոլորը գիտեն, թե դասալիք տղամարդիկ որտեղ կհայտնվեին Վազգենի ոտնաձայներն անգամ լսելով, ուր մնաց թե դառնային նախարար ու պատգամավոր: Ուր մնաց թե մտքներով անցներ զինվորական համազգեստ հագնել՝ անպատվելով համազգեստի պատիվը: Ներքին համոզմունք ունեմ, որ անգամ նրանք, ովքեր ոճիրի հենց առաջին ժամերին չէին թաքցնում իրենց ուրախությունը, հիմա հասկացել են, թե ինչ ենք մենք անդարձ կորցրել: Որովհետեւ անգամ նրանք են հասկանում, որ Հայաստանը ոչ մի ասպարեզում առաջ չի գնացել:



Եթե Վազգենը ողջ լիներ, չէին ծնվի շատ ու շատ անեկդոտներ, որոնցում ամրագրված է ժողովրդի անվստահությունը եւ զզվանքը օրիշխանների հանդեպ: Ինչպես, օրինակ, այս մեկը. ինքնաթիռով թռչում են Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: Նրանք տեսնում են Հայաստանի աղքատ եւ լքված բնակավայրերը: Սերժ Սարգսյանը խղճահարվում, ասում է՝ եկեք, մարդա հազար-հազար դրամ գցենք, մարդիկ վերցնեն-ապրեն: Գագիկ Ծառուկյանը, թե՝ այ մարդ, ի՞նչ հազար, եկեք 5-5 հազարական գցենք: Հովիկ Աբրահամյանն ասում է՝ կարո՞ղ է մեր ձեռքը չոր քարի տակ է, եկեք ռուբլի գցենք, համ էլ թող ժողովուրդը սովորի: Քոչարյանը լռում, լռում, վերջն ասում է՝ ինչի՞ հետեւից եք ընկել, ժողովուրդը թող գոհ լինի, որ ռումբ չենք գցում վրաները: Օդաչուն գլուխն իր խցիկից հանում-ասում է՝ եկեք փողի փոխարեն ես բոլորիդ ցած գցեմ, որ էս ժողովուրդն ապրի:



Եթե Վազգենը ողջ լիներ, մեզանում լիքը մեծ ու փոքր խնդիրներ կլինեին, բայց մենք կանգնած կլինեինք մեր հողի վրա ավելի վստահ, կնայեինք առաջ եւ չէինք վախենա երազելուց:



Եթե Վազգենը ողջ լիներ… Եվ չնայած եղածը եղած է, բայց 27-ի ոճիրի ոչ դրսի պատվիրատուները, ոչ ներսի կազմակերպիչներն իրականում չեն հասել իրենց նպատակներին: Առաջինները՝ որովհետեւ Հայաստանը նորից ոտքի է կանգնելու, անկախ նրանց տրամաբանությունից ու հաշվարկներից, անկախ անգամ մեզ համակած նիհիլիզմից, ոտքի է կանգնելու, որովհետեւ մեր պատմությունն ավելի վատ շրջափուլերից հետո անգամ շարունակվել է: Իսկ կազմակերպիչները տապալվել են, որովհետեւ բոլորը գիտեն նրանց ով լինելը, եւ նրանք մեկառմեկ դեռ կհամոզվեն, որ իրականում իրենք պարտվել են, տանուլ են տվել ավելի մեծ բան, քան երկրային կյանքն է: Որովհետեւ ժողովուրդը մոռացության չտվեց եւ շարունակում է սպասել արդար հատուցման ժամին:



Ավետիս ՍԱՐԳՍՅԱՆ