Փրկեք մեզ «պահապան հրեշտակներից» և ծեծված աստղերից

Փրկեք մեզ «պահապան հրեշտակներից» և ծեծված աստղերից

Համացանցում պտտվող եւ դիտումներ ապահովող PR-տեսահոլովակները ցանկություն են առաջացնում խոսել դրանց կատարողների, դրանց համար փող տվողների, դրանք տեղադրողների ու դրանց լայքեր տվողների հետ: Բայց քանի որ այդքան ժամանակ չունենք եւ սույն «աստղաբույլից» ոչ բոլորին ենք ճանաչում, որոշեցինք ոչ թե խոսել, այլ «անդրադառնալ»:



Բռնության գովազդ եթերում



Եվ այսպես, ամենաթարմ տեսազավեշտը ընդդեմ ընտանեկան բռնության գովազդ-հակագովազդն է՝ ծեծված «դեմքերի» կատարմամբ: Իբր ծեծված, որովհետեւ դիմահարդարները «դեմքերի» դեմքերին ծեծի հետքեր են նկարել: Լուիզա Ղամբարյանի, Սոս Ջանիբեկյանի, Զարուհի Բաբայանի, անալի սերիալների հայր Ալիկ Հարությունյանի սարքած աստղ «գեներալի աղջկա», հեռուստամեկնաբան Արտյոմ Կարապետյանի, անգամ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի քթին, ճակատին, աչքերի տակ մի լավ «հագցրած» է, բայց նրանք ոչ թե բարկանում են կամ լացում, այլ, քրիստոնեական հայացք ընդունած, մեղմ եւ բարի ձայնով հորդորում են խոսել, զանգել «Թեժ գիծ», ասում են, օրինակ, հետեւյալը. «Ընտրելով բռնության ուղին, դու ոչնչացնում ես մարդուն ինքդ քո մեջ»: Պատկերացնո՞ւմ եք: Մայրը «հագցնում» է տղայի բերանին, ու երեխան նրան ասում է. «Դու ոչնչացնում ես մարդուն ինքդ քո մեջ»: Կամ ասում են. «Դու կարող ես փոխել քո ներկան՝ պաշտպանելով քեզ եւ քո երեխաների ապագան»: Սա բանկի լավ գովազդ կլիներ՝ վերցրու վարկ 24 տոկոսով, փոխիր քո ներկան, պաշտպանելով… եւ այլն: Ի դեպ, Արսեն Ջուլֆալակյանը շատ ուրախ ժպտում է՝ դեմքի կապտուկներին անհամապատասխան: Ի՞նչ են ցանկացել ասել հեղինակները: Իբր, տեսեք, չեմպիոնի «բերնին» է՞լ են խփել, չեմպիոնն է՞լ կարող է ընտանեկան բռնության զոհ դառնալ: Ընտանեկան՝ չգիտենք, բայց ոստիկանական դարձել է: Աշխարհի մյուս չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ու Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի պատմությունը՝ ձեզ օրինակ:



Հիշեք աստղերի կոտրած քթերը եւ մի հարվածեք մերձավորին



Հեղինակների մտահղացմամբ, ընտանեկան բռնության զոհերը պետք է այնքան ազդվեն, որ զանգեն «Թեժ գիծ» ու հայտնեն իրենց հետ կատարվածի մասին, իսկ հանրության մեջ եթե կան ծեծող-ջարդողներ, նրանք այնքան պետք է ազդվեն, որ ամեն անգամ իրենց կնոջ վրա ձեռք բարձրացնելիս հիշեն Լուիզա Ղամբարյանի ջարդված քիթը կամ Զարուհի Բաբայանի աչքի կապտուկը եւ միտքը փոխեն: Մինչդեռ վստահ եմ, որ կատարվելու է հակառակը: Ծեծված դեմքերն ուղղակի կուրախացնեն հայկական Թի Վի-ից հոգնած հարյուրավոր հեռուստադիտողների, քանի որ նրանք, իրենց տներում փակված, անզոր հայհոյում են այդ եթերում տիրող անճաշակությունը եւ սերիալներ ստեղծողներին, իսկ հիմա իրենց վաղեմի երազանքն իրագործված կտեսնեն՝ մոռանալով, որ թեման հասարակ, անհայտ կանանց եւ երեխաների բռնությունն է: Ի դեպ, իսկական ընտանեկան բռնության զոհ Լիլիթին, որն օրերս Շնող գյուղից եկել էր թերթի խմբագրություն՝ արդարություն փնտրելու, հարցրինք, թե արդյոք դիմե՞լ է «Թեժ գիծ», եւ նա պատասխանեց. «Դիմել եմ, բա ի՞նչ եմ արել: Ամեն տեղ եմ դիմել: Ինձ ասեցին՝ ոչնչով չենք կարող օգնել»: Նույնիսկ ոստիկանները Լիլիթին ոչնչով չեն օգնել, այլ, հակառակը՝ դեռ մի բան էլ փչացրել են նրա գործը: Նա պատմեց, որ դիմել է իրենց գյուղի ոստիկանին՝ պահանջելով, որ գրանցի մարմնի կապտուկները, վերջինս հրաժարվել է եւ անգամ դատական բժշկի մոտ չի ուղարկել կնոջը:



Սա էլ մեր «պահապան հրեշտակ» ոստիկանները



Այդպես են նրանց անվանում ոստիկանությանը գովերգող հերթական տեսահոլովակում: Վովա Գասպարյանի դստեր կատարմամբ այս երգը տեղադրվեց Վովա Գասպարյանի եռամյա պաշտոնավարման օրերին: Այն ոստիկանության ամբողջ համակարգով «ռասկրուտկա» էին անում Ֆեյսբուքում, բոլորը լայքում ու ուրախանում էին այս հանճարեղ ստեղծագործության վրա: Պահապան հրեշտակ են, բա ի՞նչ են, որ պաշտպանում են օլիգարխներին խուլիգանից, բոմժից, ցուցարարից: Վովա Գասպարյանի աղջիկը թերեւս միակն է, ով անկեղծ ժպիտով է երգում, եւ երբ նա ձայնը բացում է, արտաբերելով «պա-հա-պան հրեշտակներ», «ն» հնչյունը լավ չի ասում, ու ստացվում է «պապա-հրեշտակներ»: Տակից էլ՝ կադրում, գնում է պապան: Մյուս աստղերի դեմքերին բավականին կեղծ կիսաժպիտ է: Եվ իրոք, նրանք կարող են կրքոտ ժպտալ, համեստ ժպտալ կամ անմեղ ժպտալ, չժպտալ, երբ երգում են սիրած տղայի կամ աղջկա, բաժանման- հանդիպման, այլ հասկանալի բաների մասին կամ ասում են՝ «հրեշտակս», «սիրելիս»: Բայց ինչ դեմք ընդունել, եթե կադրում հրեշտակի փոխարեն մինչեւ ատամները զինված, տարատեսակ կասկածելի վարժանքների ժամանակ պառկող, սողացող, պպզող, կրակել կամ ծակել պատրաստվող տղամարդիկ են: Կադրերում մյուս աստղերից հաճախ Գասպարյանի դուստրն է երեւում, իսկ եթե երգիչ չկա, ապա ինքը՝ ոստիկանապետն է: Մի տեղ էլ նրա որդին է մտնում-դուրս գալիս, շատ կարճ: Երեւի հայրիկը մտածել է՝ թող չնախանձի քրոջը, ինքն էլ երեւա «ընտանեկան» այս հոլովակում: Ոչ ոք դեմ չէ, բայց ինչո՞ւ ընտանեկան հոլովակը նկարել պետական բյուջեի հաշվին եւ անունը դնել, թե ոստիկանի իմիջ են բարձրացնում: Հա, Սերժ Սարգսյանին մոռացանք: Նրան էլ են մտցրել ընտանեկան հոլովակի մեջ: Երգում ոստիկանության մասին բառեր կան՝ «տիրոջ կամքով ստեղծված», եւ, որպեսզի հանկարծ ոչ ոք վատ չզգա, այս տեքստից երկու կադր այն կողմ հայտնվում է Սերժ Սարգսյանը, կողքին, բնականաբար, Վովան: Մի խոսքով, 3 տարին լրանում է, եւ մեր սիրելի ոստիկանապետն Ալիկ Սերգեյիչի սինդրոմն է ձեռք բերում: Հիշո՞ւմ եք: Ալիկ Սերգեյիչն էր ասել, երբ պաշտոնյանի երեք տարին լրանում է, նրան «աստղայինը» տանում է: Ի դեպ, այս տեսահոլովակից հետո Ալիկ Սարգսյանի «Դոլյա վոռովսկայան» հաճույքով կլսեինք: