Կանյաչնիի շուրջը նորովի հաճախորդներ են հայտնվել

Կանյաչնիի շուրջը նորովի հաճախորդներ են հայտնվել

ԲՀԿ-ին հիմա շատ են պետք մարդիկ, որ հարցազրույցներ տան լրատվամիջոցներին եւ գովերգեն Գագիկ Ծառուկյանի իշխանափոխության աննախադեպ խելոք ծրագիրը, այն է` ոտքի ելած ժողովրդին ցրել գյուղերով եւ, որպես զբաղմունքի միջոց, նրա համար շտաբներ բացել:



Խոսքը մեր մեջ` այսպիսի իշխանափոխության մենք էլ դեմ չենք: Պատկերացրեք` հերթական ընտրությունների օրն է, եւ ժողովուրդը` հագած-կապած, երեխաների ձեռքը բռնած, գնում է ընտրատեղամաս, ցուցադրում շտաբներում ձեռք բերած իր գիտելիքները եւ գրչի մի հարվածով իշխանություններին քշում ու իշխանափոխություն անում: Տիգրան Մուկուչյանն էլ, ուզած-չուզած, ընթերցում է ընտրությունների արդյունքները, եւ մենք հաջորդ օրն արթնանում ենք իշխանափոխված Հայաստանում: Պատկերացնում եմ, թե մարդ որքան երջանիկ պետք է լինի Հայաստանում այսպիսի իշխանափոխության երազանք փայփայելու համար:



Հարց է ծագում` ինչպե՞ս եղավ, որ Հայաստանում 20 տարի շարունակ, մինչ Գագիկ Ծառուկյանը, չգտնվեց մեկը, որ այս հեշտ ճանապարհով իշխանափոխություն աներ ու մեր երկիրը դներ զարգացման ճանապարհին: Կամ ո՞վ գիտի, գուցե Ծառուկյանի համա՞ր է ասված` ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած…



Այսուհանդերձ` Հայաստանում իշխանափոխիչների պակաս չի զգացվում, ովքեր պնդում են, որ ճիշտը հանրահավաքային պայքարն է: Դիցուք, ոչ իշխանական եռյակի մեջ առնվազն երկուսն իշխանափոխության այլ ճանապարհ են առաջարկում, քան Ծառուկյանը, բայց, ֆինանսական առումով վերջինից կախվածության մեջ լինելով, չեն համարձակվում հարցը կտրուկ դնել` կամ-կամ: Եռյակի մյուս ուժերից միայն կմկմոց է լսվում` շտաբների գաղափարն ինքնին լավ գաղափար է, բայց ավելի լավ կլինի,որ հանրահավաքներով զուգորդվի այդ ամենը: ԲՀԿ-ից էլ չորում են` հանրահավաք եք ուզում` արեք, որքան սրտներդ կուզի, որքան կկարողանաք, որտեղ կկամենաք: Այս պատասխանից հետո երկյակի կմկմոցն է նույնիսկ կտրվում: Երեւի հասկանում են, որ ԲՀԿ-ն այդկերպ ցույց է տալիս դուռը` համաձա՞յն չեք, խնդրեմ, դուռն այս կողմ է: Հենց այստեղ էլ սկսվում է թափառական մյուս իշխանափոխիչների` ԲՀԿ-ին վասալացման գործընթացը: Գործողության մեջ է դրվում ԲՀԿ-ի իշխանափոխության թիվ մեկ պայմանը, ըստ որի` բոլոր իշխանափոխիչները պետք է մտածեն Գագիկ Ծառուկյանի պես:



Եվ ահա, մինչ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը սթրեսի մեջ են, կասկածելի ծագում ու տեր ունեցող ԶԼՄ-ներին հարցազրույց են տալիս կյանքում այդպես էլ որեւէ սկզբունք չունեցած քաղաքական լղոզվածները եւ գովերգում Ծառուկյանի բռնած ճանապարհը: Այսօր լղոզվածներին անուն առ անուն թվարկելն իմաստ չունի, քանզի այս օրերին նրանց ակտիվությունը մեծ է, եւ առանց ակնոցի էլ լավ երեւում են: Առավել հետաքրքիրն այս դեպքում բուն գործընթացն է, որն անտեղյակները կարող են շփոթել հաճախորդացման սովորական ընթացակարգի հետ: Բայց դա սովորական հաճախորդացում չէ: Ավելին ասենք` ժամանակին ԲՀԿ-ն է եղել սրանց հաճախորդը, սրանց մտքի ու գործի արգասիքը:



ԲՀԿ-ի այս նորահայտ «հաճախորդները» նախընտրում են իրենց կատարմամբ ԲՀԿ-ի գովերգությունը ներկայացնել որպես համաժողովրդական շարժմանը սեփական անձով կամ կուսակցությամբ ոտով-գլխով միանալու գործընթաց, բայց, հաշվի առնելով նրանց անձը, անմիջապես հասկանում ես, որ սրանք որեւէ բանի ոչ միացողն են, ոչ էլ որեւէ գործի օգուտ տվողը: Յայլախչիների այս խումբը մի հարց է լուծում` Ծառուկյանին ցուցանել իշխանությունների հակառակորդ եւ համաժողովրդական շարժման առաջնորդ: Նմանների հոգն էլ չէ, որ Գագիկ Ծառուկյանին իշխանություններին հակադրելն արդեն իսկ դավաճանություն է միամիտ հանրության նկատմամբ:



Ծառուկյանի թվացյալ վասալներն այս օրերին զբաղված են մի բառախաղով, որի նպատակը ԲՀԿ-ն «իշխանափոխություն» հասկացության հետ միավորելն ու այդ միությունն անքակտելի դարձնելն է: Կանյաչնիի բոլոր «հաճախորդները» խոսում են այն մասին, որ ԲՀԿ-ն եռյակի հետ ռազմավարական հակասություններ չունի` բոլորի նպատակն էլ իշխանափոխությունն է, ուղղակի կան մարտավարական անհամաձայնություններ. ԲՀԿ-ն ցանկանում է շտաբներ բացել եւ կազմակերպել ժողովրդին, իսկ մյուսները նախընտրում են հանրահավաքային պայքարը: Այդ դեպքում, պարոնայք միամիտ «հաճախորդներ», հարց է առաջանում` ինչո՞ւ տեղի ունեցան նախորդ հանրահավաքները (մարզերում եւ Երեւանում): Մի՞թե միայն նրա համար, որ ժողովրդին ծանուցեն շարժում սկսելու մասին: Մի՞թե ԲՀԿ գործընկերներն այն ժամանակ տեղյակ չէին Ծառուկյանի ծրագրերից եւ չգիտեին, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքը վերջինն է լինելու եռյակի կենսագրության մեջ: Մի՞թե քաղաքական ուժերը շարժում սկսելուց առաջ մարտավարությունները չեն համադրում, այլ այդ կարեւոր գործը թողնում են իրերի բերումին: Վաղը Գագիկ Ծառուկյանը կարող է ասել` շտաբները շատ են խժռում, պետք է անցնել ժողովրդին սոցիալական ցանցերով իշխանափոխության նախապատրաստելու մարտավարության: Ինչպես տեսնում եք` ռազմավարությունը չի փոխվում, եւ նա շարունակում է իշխանափոխություն պահանջել, բայց արդեն այլ մարտավարությամբ: Ինչ է, հիմա էլ այս նոր մարտավարությո՞ւնը պետք է գովերգեք:



Ինչ է կատարվում իրականում, եւ ինչի ականատեսն ենք մենք: Ամեն ինչ ավելի պարզ է, քան կարելի էր սպասել: Հայաստանի իշխանական համակարգը ԲՀԿ-ի միջոցով չեզոքացնում է ահագնացած դժգոհ հատվածի դիմադրությունը: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ դժգոհ հատվածին ուղղորդող եւ առանցքային ուժ են դարձրել ԲՀԿ-ն, այսինքն՝ նույն համակարգի մյուս թեւը, որպեսզի հետո, երբ իշխող ուժը պարտվի, իշխանությունն ավտոմատ կերպով դարձյալ վերադառնա համակարգին: Ովքեր համաձայն չեն մեզ հետ, խորհուրդ ենք տալիս մի փոքր ավելի ուշադիր տնտղել կողքից ԲՀԿ-ի գովքն անողներին: Վստահեցնում ենք, որ նրանց հետեւում անմիջապես կնկատեք համակարգի վատ թաքնված ականջներն ու կհասկանաք նրանց այդ ջանադրության բուն պատճառները: