ՊՆ փոխնախարարը ընդունել է օտարերկրյա դիվանագետների և զինվորական կցորդներին

ՊՆ փոխնախարարը ընդունել է օտարերկրյա դիվանագետների և զինվորական կցորդներին

Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետներին եւ ռազմական ներկայացուցիչներին:



Հանդիպման թեման նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ օդուժի ուղղաթիռի խոցման եւ անձնակազմի ճակատագրի շուրջ զարգացումներն էին:



Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակներն անկման վայրից տարհանելու ուղղությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ գործողությունների մանրամասները, ինչպես նաեւ հայկական կողմի նշված գործողություններն ապացուցող անհերքելի փաստեր:



ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ափսոսանք է հայտնել միջազգային հանրության միջնորդական գործունեության նկատմամբ Ադրբեջանի հարուցած խոչընդոտների կապակցությամբ, որոնք թույլ չտվեցին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն դուրս գալ խոցված ուղղաթիռի շուրջ ձեւավորած փակուղուց:



Դավիթ Տոնոյանը հավելել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածվող ապատեղեկատվությունը եւ իրականացված հատուկ գործողության հերքումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարման, ինչպես նաեւ զոհված հակառակորդի նկատմամբ բարոյապղծման եւս մեկ վառ օրինակ: Այս հարցով Ադրբեջանի սանձազերծած ապատեղակատվական արշավը ոչ այլ ինչ է, քան քաղաքական ղեկավարության առաջադրած խնդիրների կատարման անկարողության կոծկում ադրբեջանական զինուժի կողմից:



Տեղեկացնենք նաեւ, որ նույն բովանդակությամբ տեղեկատվություն Դավիթ Տոնոյանը փոխանցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավարին: