Թե ինչպես ինձ վախեցրեց Շավարշը

Թե ինչպես ինձ վախեցրեց Շավարշը

Այն տարիներին, երբ ԱԺՄ-ն մի հատ էր ու մասերի չէր բաժանվել, Սյունիքում ԱԺՄ-ի տարածքային կառույցի ղեկավարն էի ու հաճախ էի լինում կենտրոնական գրասենյակում: Երևա՜ն: Բնական է, որ ռայոնից քաղաք ես գալիս, մի տեսակ անվստահ ես լինում ու ամեն ինչին մի տեսակ կասկածոտ աչքերով ես նայում՝ էս խի սենց, էն խի նենց… Այն ժամանակ մանուկյանականները, ինչպես ընդունված է ասել, մի տեսակ «հալածված էին»՝ հայտնի, տուրուդմբոցային վիճակներից հետո: Վազգեն Մանուկյանը հաճախակի էր մեզ իր մոտ հրավիրում ու պայքարի ոգով այնպես զինում, որ ինձ թվում էր, թե մի երկու «մեզ դեմի » մինչև տուն հասնելս, հաստատ խփելու եմ: Մի օր էլ գրասենյակ գնալս համընկավ ուշ ժամի հետ: Չգիտեմ ժամը քանիսն էր, բայց մութ էր: Կարևոր նիստ էր, խորհրդավորությամբ պարուրված: Դե ինձ էլ Աստված տվել է վառից էլ վառ երևակայությունս լարել էի ու գիտեի թե մի մեծ ու կարևոր մարդ եմ և մինչև տեղ հասնելս, կարող է ինձ խփեն: Չծիծաղեք, ջահել վախտ մարդ իրեն շատ մեծ բանի տեղ է դնում, գիտի, թե ինքն է որ կա: Մուտքը շատ մութ էր, ու ես երևակայությունս լարած անցնում էի: Հանկարծ զգացի, որ մեկը ետևիցս անշշուկ գալիս է: Շնչառությունը մատնում էր, որ մարդ կա: Ոտքերն այնպես անձայն էր դնում, ասես ուրվական կամ հոգի լիներ: Խոտի պես մազերս հերթապահության էին կանգնել, ձիգ ու խրոխտ: Վերջը, երբ մի քիչ լուսավոր տեղ հասա, վախվորած ետ նայեցի ու տեսա մի շատ կասկածելի արտաքինով մարդու: Դեմքը ծամածռված, ձեռքերը երկար ու թափահարվող, ոտքերը թելի պես իրար մեջ խճճված… Աչքերը, բա աչքե՜րը… տարբեր ուղղությունների էին նայում: Մեկ ուզեցի բղավել ու օգնություն կանչել, մեկ էլ մտածեցի, որ դա կարող է ինձ վերացնելու գայթակղություն դառնալ ու անխոս ինձ քարշ տվի ու գցեցի կենտրոնական գրասենյակ: Հիշում եմ, ինձ ջուր տվին, ու երբ փորձում էի բացատրել, թե ոնց եմ վախեցել այդ խորհրդավոր մարդուց, այդ մարդը ներս մտավ: Ինձ մնաց միայն ձեռքով ցույց տալ նրան՝ մնացածին վտանգից զերծ պահելու համար: Ինձ վրա ո՜նց ծիծաղեցին, երբ իմացան, որ ինձ հետապնդող օբյեկտը Շավարշն էր, Հիմիկվա Շավարշ Քոչարյանը: Տղաներից մեկը գաղտնիքի կարգով ասաց. «Տենց վախենալու արտաքինին մի նայիր, նենց խելո՜ք է, անգլերեն էլ գիտի…»:
Տարիներ են անցել ու հիմա Շավարշը հիշեցնում է. «Քանի որ ես քաղաքականության մեջ հարուստ փորձ ունեմ, այդ թվում և՝ ընդդիմադիր, ես կարծում եմ, որ ընդդիմության գործը սեփակա՛ն երկրի իշխանությանը քննադատելն է, ոչ թե երրորդ երկրի»: Ի հաստատումն Շավարշի, ասեմ, որ այո, նա ընդդիմադիր էր, բայց յուրայիններին էլ լա՜վ վախեցնում էր: Այնպես որ Եվրոպա- Ռուսաստան միջակայքում ինքը կարող է երկու կողմին էլ «մի քիչ վախեցնել»: Այդ առումով անգերազանցելի խելոք է:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ