Քաղաքապետը հիացած է օպերետային իր տրյուկով…

Քաղաքապետը հիացած է օպերետային իր տրյուկով…


Քաղաքապետը դժվար թե կարողանար հանրության ընդվզումից ճողոպրեր, եթե ասեր, որ միայն քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձն է բարձրացնում: Ու նա դիմեց կինո սցենարի օգնությանը: Փախցրեց մի քանի անօգնական երեխա ու դեմ տալով իրեն հետապնդողներին, ասաց՝ մոտեցաք, կխփեմ: Նու՞յնը չէ: Դեմ տվեց կոպեկներով գոյատևող գրադարանի ու մանկապարտեզի աշխատողներին և հոգեբանական գրոհ սկսեց՝ ո՞նց չեք ամաչում, եթե բողոքեք, նրանց աշխատավարձը չի բարձրանա: Բայց փաստորեն ամբողջ թատրոնը քաղաքապետի, փոխքաղաքապետերի, վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման համար էր: Կասեք՝ նրանք մարդ չե՞ն: Ինչպես Մենուան է ասում՝ էդ ո՞նց ԱԺ պատգամավորների աշխատավարձերը բարձրացնե՞ն, քաղաքապետարանի աշխատողներինը չբարձրացնե՞ն: Հա բա՞: Կարևորը, որ քաղաքապետարանը ետ չմնա ԱԺ-ից: «Ստրատեգիական պրիսծիժի խնդիր»: Ու երեկվա նիստից իմացա, որ հունվարից Տարոն Մարգարյանի աշխատավարձը մոտ 70 հազար դրամով կբարձրանա, կբարձրանա նաև փոխքաղաքապետերի, վարչական շրջանի ղեկավարների և քաղաքապետարանի 1700-ից ավելի աշխատակիցների աշխատավարձերը: Մնում է զարմանալ՝ Տարոն Մարգարյանը կամ մյուս պաշտոնյաները այդ 70 հազարի՞ն էին նայում, որ առաջնակարգ նրանց աշխատավարձերը բարձրացվեց: Հանրապետական կուսակցությունից հիշեցվեց, որ բարձրացվելու է մանկապարտեզների, գրադարանների աշխատողների աշխատավարձերը, մինչդեռ քվեարկման դրվեց միայն քաղաքապետարանի 1700 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը: Հանրապետականը քվեարկման դրեց, Հանրապետականն էլ վավերացրեց այդ որոշումը: Ուռռա: Հունվարից քաղաքապետն ու մնացած պաշտոնյաները այդ մի քանի տասնյակ հազարով կծածկեն գների բարձրացման հետ կապված իրենց վնասը: Իսկ մանկապարտեզի, գրադարանների աշխատակիցներն ի՞նչ եղան,- կհարցենք: Նրանց պարզապես քաղաքապետը դեմ էր տվել հանրությանը, որ հանրությունը իրենց կրակելուց վախենա: Գրկներին մանկապարտեզի և գրադարանների անպաշտպան աշխատողներին էին: Վերջում, երբ Բարգավաճի խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանն ուզում էր հարցնել՝ ինչու՞ քվեարկության դրիք միայն քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը, Տարոն Մարգարյանը բարկացավ.
-Տիկին Պողոսյան օպերայում չեք գտնվում, երբ որ օպերայում կգտնվեք, կխոսեք:
Թե ինչու էր քաղաքապետը կարծում, որ օպերայում պետք է խոսեն, իսկ քաղաքապետարանում լռեն, կարծում եմ բոլորիդ էլ պարզ է: Իսկ որոշումն անցկացնելու իր օպերետային տրյուկից ուղղակի հիացած էր:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ