Քույրն ասաց՝ ախպեր ունեմ, ախպերն ասաց՝ քույր չունեմ

Քույրն ասաց՝ ախպեր ունեմ, ախպերն ասաց՝ քույր չունեմ

Ինչ որ բան այն չէ: Ինչքան էլ պետական մակարդակով թմբկահարում են, թե
«ՆԷ» -ի խմբագիր Անահիտը վարկեր է վերցրել ու գետնի տակ անցել, հավատալ չի լինում, ահա թե ինչու: Մի բանկից որ վարկ ես վերցնում, այն էլ խոշոր գումար, մյուս բանկից նոր վարկ վերցնելու համար քարին ես դեմ առնում: Էդ ինչքան դրամ պիտի վաստակես, որ կարողանաս մի քանի բանկի ցույց տալ, որ այսքան ու այսքան եկամուտ ունես՝ նորանոր հզոր վարկեր ձեռք գցելու համար: Առավել ևս, երբ խոսքը գնում է շարքային մի խմբագրի մասին, ով հազիվ իր գոյությունն էր պահում: Բայց ահա թե ինչ է պարզվում: Որոշ բանկերի «Նէ»-ի տիրուհին պարտք է ահռելի գումարներ. «Արդշինինվեստբանկին»՝ 15 հազար դոլար, «Յունիբանկին»՝ 289 հազար ԱՄՆ դոլար, 12,5 հազար եվրո, 887 հազար դրամ, «Հայբիզնեսբանկին»՝ 75 հազար ԱՄՆ դոլար, «Ինեկոբանկին»՝ 5 հազար ԱՄՆ դոլար, 678 հազար դրամ՝ բոլորը կլորացված թվերով: Հնարավո՞ր է մի մարդու տրամադրել նման ահռելի վարկեր. Եթե այդ մարդը պետական մակարդակով մեծ կապեր չունենա: Ես հենց այնպես չեմ հարցը բարձրաձայնում ու հարցս առավել քան իրատեսական է: Ուզում եմ իմանալ՝ ո՞ր մի կապի համար է Անահիտն արժանացել տարբեր բանկերից ահռելի գումարներ վերցնելու նախապատվությանը, ո՞վ է միջնորդել նրա համար, ո՞վ է երաշխավորել, երբ անգամ եղբայրն է հրաժարվում, որ վերջին 10 տարիներին շփում չի ունեցել քրոջ հետ: Չնայած ես մի երկու անգամ հարցազրույց եմ ունեցել Անահիտի հետ ու ինքը անսահման սիրով էր խոսում եղբոր մասին: Պատմում էր իրար հետ մտերիմ փոխհարաբերությունների և այլնի մասին, որոնք այսօր էլ հնչում են ականջումս ու հավաստում ժողովրդական խոսքի ճշմարտացիությունը. «Քույրն ասաց՝ ախպեր ունեմ, ախպերն ասաց՝ քույր չունեմ»: Կուզեի հավատալ, որ Արմենը դա ասում է՝ զուտ քրոջ շահերից ելնելով: Իսկ բանկերի մասով հետևյալը կասեմ: Եթե բանկերն այդքան անխոհեմ են գտնվել, որ վարկ- վարկի ետևից են տվել, թող ուրեմն նրանի՛ց պահանջեն գումարը, ով այդ գործի համար միջնորդ է հանդիսացել:
ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ