«Ժառանգությունը» խախտե՞լ է եռյակի պայմանավորվածությունը

«Ժառանգությունը» խախտե՞լ է եռյակի պայմանավորվածությունը

Պարզվում է՝ «Ժառանգություն» խմբակցությունը կառավարությանն է ներկայացրել 2015թ. բյուջեի վերաբերյալ առաջարկություններ: Մինչդեռ, երբ Ազգային ժողովում քննարկվում էր բյուջեն, եռյակը հայտարարեց, որ, ի նշան բոյկոտի, որեւէ առաջարկ չեն ներկայացնելու:



«Ժառանգություն» խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հայտարարեց, որ չնայած խմբակցությունն ունի շատ առաջարկներ, սակայն չի ներկայացնի՝ բոյկոտելով բյուջեն: Հայտարարեց նաեւ, որ իրենք չեն վստահում այն «գործիքակազմին», որը պետք է կատարի բյուջեն:



«Ժառանգությունից» առաջարկներ ներկայացնողը Թեւան Պողոսյանն է. «Տարբեր քաղաքացիներ, տարբեր կազմակերպություններ ինձ էին դիմել առաջարկություններով, մասնավորապես, Արարատի մարզի սահմանամերձ Արմաշ գյուղի մանկապարտեզի, դպրոցի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ: Մի երկու գաղափար ես ինքս եմ առաջարկել, որոնց թվում՝ ԱԺ հանձնաժողովների նիստերն ամբողջությամբ ձայնագրելու եւ կայքում տեղադրելու վերաբերյալ տեխնիկական սարքերի հաշվարկներ եւ այլն»: Մեր հարցին՝ դրանով չի՞ խախտվում եռյակի պայմանավորվածությունը, նա պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, որ նման որոշում է ընդունվել, երկրորդ. երբ քաղաքացիները դիմում են պատգամավորին խնդրանքով, ես ի՞նչ իրավունք ունեի քաղաքացիների խնդրանքն արհամարհել»: