Ձմեռ պապիկի գլխարկ ենք դնում,կապկություն անում, բայց էլի խոզի բուդ առնող չկա

Ձմեռ պապիկի գլխարկ ենք դնում,կապկություն անում, բայց էլի խոզի բուդ առնող չկա

Ամանորին ընդառաջ նոր թափ է ստացել անտի-բուդ, անտի-նոր-տարի թրենդը, որը լայն տարածում է գտել ֆեյսբուքում։ «Ամանորը մեկ գավաթ թեյի կամ սուրճի շուրջ» խորագրով ֆեյսբուքյան էջում երիտասարդները կոչ են անում զերծ մնալ և ամանորին նախապատրաստվել առանց պարտքերի։ Նույնիսկ նրանք այս օրերին քաղաքացիներին բաժանում են թերթոններ, կոչ անելով ամանորը ավելի համեստ նշել։ «Հուսով եմ մեկ օր կփոխվի էս մտածելակերպը, հաստ բդերով չպետք է ուրախանա ժողովուրդը, այլ հաստ ուղեղներով ու տնտեսությամբ»,-իր ֆեսբուքյան էջում գրել է Գուրգեն Չիլինգարյանը։



Ֆեյսբուքում բացվել է նաև «Ոչ ԲուԴիզմին» էջը, որի ներկայացուցիչներից Կարեն Սաթյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ քաղաքացիներին խորհուրդ է տալիս ամանորը չվերածել որկրամոլության տոնի․«Մեր միակ նպատակն այն է, որ պարտքով Նոր տարի չանենք, շատերս գիտենք մարդիկ հիմնականում խոզի բուդ առնելու համար են պարտքերի տակ ընկնում, այդ իսկ պատճառով էլ այս տարի ելնելով ստեղծված իրավիճակից խորհուրդ ենք տալիս խոզի բուդ չգնել»։



Այնուամենայնիվ մսավաճառները չեն դժգոհում այս տարվա առևտրից։ «Տեղական խոզի բդի 1 կգ-ն արժե 4800 դրամ, դրսինը մի քիչ էժան ա, բայց թանկ ա գալիս էլի՝ 3500 դրամ»,- ասաց մսի խանութներից մեկի աշխատակիցը: Մսավաճառը տեղեկացրեց, որ անցյալ տարի նույն ժամանակահատվածում խոզի մսի 1 կգ-ն վաճառվում էր 2500-3000 դրամով։ Վերջինիս խոսքով` չնայած չի նվազել բուդ ցանկացողների թիվը, բայց «եթե անցած տարի 10-12 կգ-ոց բուդ էին պատվիրում, հիմա 7-8 կգ-ոց են ուզում, ասում են` փող չկա, խայտառակ վիճակ ա: Ձմեռ պապիկի գլխարկ ենք դնում, մի քիչ կապկություն ենք անում, որ ժողովուրդն առնի: Էն էլ խոզի բուդ առնող չկա»,- ասաց երիտասարդ մսավաճառներից մեկը: