Երկիրը կրկես, խորհրդարանը՝ կոմեդիայի թատրոն

Երկիրը կրկես, խորհրդարանը՝ կոմեդիայի թատրոն

Մինչ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե «մենք հայրենիք չունենք կրկեսի վերածելու» ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը զբաղված է կոմեդիայի թատրոնի դերասանների պարգեւատրմամբ։ Սա թերեւս առաջին դեպքն է, որ ԱԺ նախագահները պարգեւներ են տալիս դերասաններին, այն էլ կոմեդիայի թատրոնի։ Սակայն մի զարմացեք․ ամբողջ բանն այն է, որ պարգեւների արժանացած անձը իրենց կուսակցի ամուսինն է եւ դրանով ամեն ինչ հասկանալի է դառնում։ Արա Դեղտրիկյանը, ում 50-ամյակն այսպես շուքով նշել է խորհրդարանի ղեկավարը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի ամուսինն է։



Երեկ Գալուստ Սահակյանը հյուրընկալել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասաններին եւ «թատերարվեստի զարգացման գործում բարձր գնահատել» երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանական կազմի դերը եւ «ընդգծել, որ ոլորտի խնդիրները մշտապես գտնվում են խորհրդարանի ուշադրության կենտրոնում»: Իսկ վերջում, «արվեստի բնագավառում ունեցած վաստակի եւ երկարամյա մասնագիտական գործունեության համար ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրվել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը եւ թատրոնի դերասան Արթուր Կարապետյանը»: