Երբ թույլ են տալիս ապրի՝ գլուխը կախ, ընկճված ու չապրելու նման…

Երբ թույլ են տալիս ապրի՝ գլուխը կախ, ընկճված ու չապրելու նման…

Որ սա պատերազմ է մի մարդու դեմ. գաղտնիք չէ: Բացահայտ հայտարարվել է: Մի անգամ ևս ընթերցեք նախագահի ելույթը:



Բայց պետք է ընդունել, որ սա ընդհանուր առումով պատերազմ էր ոչ թե մի մարդու, այլ ժողովրդի դեմ…



Գագիկ Ծառուկյանը հանրության աչքի առաջ քայլ առ քայլ զինաթափվում է: Ո՞վ չգիտի, որ լիակատար զինաթափումից հետո, ի՞նչ է սպասվում նրան ու առավել ևս ժողովրդին:



Սահմանադրական բարեփոխումներով հավերժական իշխանություն: Ու սրա համար էր այդ պատերազմի հայտարարումը:



Ծառուկյանը լավագույն դեպքում կդառնա շարքային գործարար, բայց փոխարենը ապահովագրված կլինի նրա ու իր ընտանիքի կյանքը: Ինչպես նա է ասում՝ արյունահեղություն չի լինի:



Անկախ հումորային իմ խայթերից, մարդկայնորեն հասկանում եմ Գագիկ Ծառուկյանին: Նա լուրջ փորձության առաջ է կանգնել: Լու՜րջ փորձության:



Ու նրա հետքայլը ես համարում եմ՝ կոնկրետ նրա համար, մահվան պես մի բան: Այլ կերպ լինել չի կարող: Երբ մարդուն ոչնչացնում են բարոյապես, թույլ տալով, որ նա ապրի: Ապրի՜ իր ընտանիքի, հարազատների ու նրան հավատարիմ նեղ շրջապատի համար: Ապրի՝ գլուխը կախ, ընկճված ու չապրելու նման:



Քաղաքական գործիչներից ո՜չ մեկն իրավունք չունի քննադատելու նրան, որովհետև Ծառուկյանից առաջ բոլորն էլ համարյա նույն կերպ կամ մի քիչ տարբեր անցել են նույն ճանապարհով ու «կոտրվել»՝ տարբեր աստիճանի ու անկյան տակ: Ո՜չ մեկը: Թվարկելու համար մի հատորն անգամ չի հերիքի, որովհետև նրանց հետ են նաև մեր «երևելի մտավորականները»:



Ու հիմա դատարկ է քաղաքական դաշտը, շատ շուտով Բարգավաճը «պատվերով» կլքեն շա՜տ շատե՜րը: Արդեն լքում են:



Քանի՜ նման կուսակցություն տրոհվեց, հիշեցնե՞մ, հիմա ու՞ր են դրանց ղեկավարները. յուրաքանչյուրը մի տաքուկ բարձ առած թվում է՝ թե քնած են, բայց վաղու՜ց մեռած…



… Ու հանրությունը, որ պիտի բարձրաձայնի՝ այլևս թու՜յլ չենք տա արյուն, մի մարդու պես դուրս կգանք փողոց, ու հանրությունը, որ պիտի դրոշակ դարձներ Ծառուկյանի՝ «Ես արյունահեղություն չեմ ուզում, չեմ ուզում անգամ մի հայ մարդու արյուն թափվի» նախադասությունը, իր ողջ կատաղությամբ, կներեք, «հարձակվում է այն մարդու վրա», ում գլխին սուր է պահված… Այս էլ որերորդ անգամ, երբ գլուխ բարձրացնողի գլխին «բամփում են»: «Բամփելուց հետո» հանրությունն է շարունակում նույն գործողությունը:



Մեզ հեչ պետք չի «բամփողի» ձեռքը բռնել, մենք աքլորանում ենք միայն «բամփվողի» վրա՝ «գնա ու բամփվիր», մենք քեզ հետ ենք. Բայց քանի՞ վայրկյան: Մեր փոխվելու մասին չենք մտածում:



Ու հիմա այս տևական, երկարատև պատերազմից հետո երկիրը ամայացել է բառացի: Բռնությամբ, արյունահեղությամբ կարող ես միայն մի հավաբուն պահել, այն էլ՝ եթե դանակի ահից չփախչեն հավերը:



Կամա- ակամա ընկերանում ենք «բամփողի հետ», նրա հետ ձեռք- ձեռքի տված ոչնչացնում ենք նրանց, ում իշխանությունն է ուզում ոչնչացնել…



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ