«Թեժ բանավեճ. Ինչո՞ւ կազմաքանդվեց ընդդիմությունը»

«Թեժ բանավեճ. Ինչո՞ւ կազմաքանդվեց ընդդիմությունը»

«Մեդիա կենտրոն», մարտի 3, 2015 թ.: Քաղաքական դաշտը բիզնեսից «մաքրելու» գործընթացը չպետք է սահմանափակվի միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունով, գործընթացը պետք է շարունակական լինի և վերաբերի հավասարապես բոլոր քաղաքական դերակատարներին: Այսպիսի կարծիք հայտնեցին խորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները «Ա1+»-ի առցանց հեռարձակմամբ «Մեդիա կենտրոնի» կազմակերպած բանավեճի ժամանակ:



Նրանց հետ չհամաձայնեց բանավեճի մասնակից «Հայ ազգային կոնգրես» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը «սանիտարական զտումներ» է իրականացնում քաղաքական դաշտում:



«Իսկ ո՞վ է նրան նման իրավունք տվել: ԲՀԿ-ի նկատմամբ իրականացվածը ավտորիտար գործելաոճ է», - հայտարարեց Մանուկյանը:



Փետրվարի 27-ին «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում. զարգացումներ և գնահատականներ» թեմայով բանավեճին մասնակցում էին Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը և քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:



Փետրվարի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով մեկնարկած Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարին հեռացնելու գործընթացը, թեև իր էությամբ շատերի համար սպասելի էր, սակայն իրականացման ձևի և ժամկետի առումով կարելի է ասել շոկային էր: Ընդամենը չորս օրվա ընթացքում, խորհրդարանում ներկայացված երկրորդ քաղաքական ուժի առաջնորդին ստիպելով հետ կանգնել քաղաքական քայլերից, Սերժ Սարգսյանը լիովին նոր իրավիճակ ստեղծեց քաղաքական դաշտում: Այս ամենի արդյունքում կազմաքանդվեց ընդդիմադիր «եռյակը», որի առաջնորդները փետրվարի 18-ից հետո հանդես են գալիս այլևս անհատական քաղաքական քայլերով:



Կատարվածի պատճառներից մեկը, ըստ Արծվիկ Մինասյանի` իշխող Հանրապետական կուսակցության և ԲՀԿ-ի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումն էր:



«Մինչև նախագահի ելույթը «Բարգավաճ Հայաստանի» կազմակերպած համաժողովին հնչել էին (իշխանության հասցեին) գնահատականներ: Կարծում եմ` դրդապատճառներից մեկը նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումն էր», - հայտարարեց Մինասյանը` միևնույն ժամանակ պարզաբանելով, որ խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների դեմ ԲՀԿ կոշտ կեցվածքին:



Այնուամենայնիվ, պատգամավորի կարծիքով կարևորն այն է, որ կոնֆլիկտը խաղաղ հանգուցալուծում ստացավ, սակայն այս ամենից, ըստ Մինասյանի, պետք է հետևություններ անել:



«Հետևությունն այն է, որ խնդիրները մնացել են, թեև առճակատում տեղի չունեցավ: Հարկավոր է, որ խնդիրները լուծվեն: Դրա համար այն ստանդարտը (խոսքը բիզնեսը քաղաքականությունից զատելու մասին է), որ նախագահը հրապարակեց փետրվարի 12-ին, պետք է վերաբերի բոլորին, ոչ թե կոնկրետ անձի կամ ուժի»,- նշեց նա:



Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանի կարծիքով որևէ քաղաքական հստակ պայմանավորվածություն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև չի եղել:



«Եթե կարելի է պայմանավորվածություն համարել այն մտքերը, որոնք հնչում են քաղաքական դաշտում` չշիկացնել քաղաքական իրավիճակը այն պայմաններում, երբ սահմանին լարվածությունը աճել է, և մենք նախապատրաստվում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ուրեմն դա է: Այլ քաղաքական պայմանավորվածություն որևէ ուժի հետ մենք չենք ունեցել», - հայտարարեց Մելիքյանը` նշելով, որ նախագահի հայտնի ելույթից հետո ընդդիմադիր դաշտն ուղղակի փլուզվեց:



«Հիմա այնտեղ քաոսային իրավիճակ է, առկա է դիրքային պայքար: Կարծում եմ` պետք է ձեռնպահ մնալ այդ պայքարից, չխանգարել և հնարավորություն տալ ընդդիմադիր դաշտին գտնել իր գործողությունների ճանապարհը և կատարել համապատասխան քայլեր: Առաջիկայում սպասվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Սպասենք, տեսնենք ինչ որոշումներ կկայացվեն համագումարին և հետո հանդես գանք մեկնաբանություններով», - ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղարը` հավելելով, որ նախագահի ելույթում հնչած մտքերը տեղին էին և ժամանակին:



Քաղաքական առումով, ըստ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի, կատարվածը զարմանալի չէ, քանի որ հենց ինքը` ԲՀԿ-ն, իշխանության մեջ հասունացած պայմանավորվածությունների ծնունդ է:



«Իշխանությունը ժամանակին բաշխել է իր ռեսուրսները երկու զամբյուղի մեջ և մասնակցել ընտրություններին երկու գլխով: Սա է եղել խաղի կանոնը, որը հետխորհրդային տարածությունում ընդունված գործելաոճ է: Կան գոնգոներ, կամ կառավարության կողմից վերահսկվող ՀԿ-ներ: Հիմա ստեղծվել է կուսակցություն-գոնգո: Դրվել են պայմաններ, որոնց խախտելու պարագայում պատիժ է հասնում` մեր բարքերին հարիր: Այս կոնտեքստում անհաշտ ընդդիմադիր և գործող օլիգարխ, որը վերահսկում է տնտեսության մի զգալի մասը, անհնար է մեր տիպի երկրներում: Այն պահից, երբ նման գործիչը փորձում է անցնել սահմանը, հետևում է հակազդեցություն: Կարևոր է, որ այս ինքնազտման գործընթացը լինի համատարած և առաջին հերթին վերաբերի Հանրապետական կուսակցությանը, որի կազմում ևս կան օլիգարխներ», - նշեց նա:



Վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի կարծիքով, կարելի է միայն զարմանալ Ծառուկյանի խորհրդականների քայլերով, որոնք դրդում էին ԲՀԿ առաջնորդին «Խոդորկովսկու ճանապարհով» գնալ, այն դեպքում, երբ նրա քաղաքական պլատֆորմը իշխանության մեջ հասունացած պայմանավորվածության արդյունք է:



«Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ընդդիմության պատմության մեջ եղել է իմ իմացած ամենախոցելի քաղաքական կերպարը: Որևէ մեկ այլ ընդդիմադիրի նկատմամբ իշխանությունն այդքան մեծ կոմպրոմատների փաթեթ չի ունեցել: Նա խախտեց պայմանավորվածությունը սահմանադրական փոփոխությունների հարցում իշխանության հետ և իշխանություն ձևավորելու հայտ ներկայացրեց: Դրա համար նրա նկատմամբ կիրառվեցին կոմպրոմատներ և իշխանական լծակներ», - նշեց Ստեփան Սաֆարյան:



Հնչեցված կարծիքների հետ կտրականապես չհամաձայնեց «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Հնչեցին տերմիններ` առճակատում, սահմանային լարվածություն, ներքաղաքական ապակայունացում: Իսկ ո՞վ է ասել, որ «եռյակի»` փետրվարի 20-ին պլանավորած համատեղ հանրահավաքին պետք է տեղի ունենային նման բաներ: Մենք բազմիցս հայտարարել ենք և այդ փորձը կա, որ միայն խաղաղ հանրահավաքների և երթերի կողմնակից ենք: Հիմա չեղած տեղից հնարում են տարբերակներ, որի վրա հիմնվելով ոչնչացնում են քաղաքական ուժ», - տարակուսեց Արամ Մանուկյանը:

Այժմ քաղաքական դաշտում, ըստ Մանուկյանի` Սերժ Սարգսյանը սանիտարական զտումներ է անցկացնում, որի իրավունքը չունի: Քաղաքական ուժին, հավելեց նա, գնահատում է ժողովուրդը ընտրությունների ժամանակ:

«Դուք ի՞նչ իրավունք ունեք գնահատական տալու, որ այս կամ այն գործընթացը տեղին է, կամ արդարացված, քանի որ կային պայմանավորվածություններ, կամ այս կամ այն քաղաքական ուժը հիվանդ է… Սերժ Սարգսյանն իր գործողություններով գնում է ավտորիտարիզմի ամրապնդման ուղղությամբ: Այս առումով «Բարգավաճ Հայաստանի» հետ կատարվածն ավտորիտարիզմի լավագույն դրսևորումն է», - եզրափակեց պատգամավորը:

Բանավեճի ավարտին մասնակիցների մեծ մասը եկավ այն եզրահանգմանը, որ այս պահին ընդդիմությունը շատ թույլ է, որպեսզի լուրջ ազդեցություն գործի քաղաքական գործընթացների վրա, և այն ինստիտուցիոնալ հենքի վրա վերակազմավորման խնդիր ունի:

Ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ: