Չեք գնա` կուղարկենք

Չեք գնա` կուղարկենք

Ժողովուրդն ասում է՝ կատակով ամենալուրջ բաներն են ասվում: Երեկ, անդրադառնալով որոշ պատգամավորների այն պնդումներին, թե օրենքի նախագծով ՀՀ պաշտոնաթող նախագահի համար առաջարկվող արտոնություններով հարկավոր է օժտել նաեւ ՀՀ վարչապետին եւ Ազգային ժողովի նախագահին, Գալուստ Սահակյանը, իբր կատակով, պատասխանել է. «Հումորով պետք է ասեմ, որ այս օրենքը չի կարող վերաբերել Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին, որովհետեւ մենք թոշակի գնացողը չենք»:



Այստեղ արդեն տեղին կլինի հիշել ռուս ժողովրդի ասացվածքներից մեկը. «мечтат не вредно»: Բացի այդ, Գալուստ Գրիգորիչը կարծես շատ մեծ չէ, բայց, փաստորեն, հիշողության կորստով է տառապում. ՀՀ նախագահներից մեկն էլ էր ասում. «Չեմ պատրաստվում երիտասարդ թոշակառու լինել»: Հիմա որտե՞ղ է նա... Բայց եթե ավելի լուրջ, ապա թոշակի գնալն այնքան էլ վատ բան չէ: Նախկին նախագահներն ու վարչապետները թոշակի գնալուց հետո լավ էլ ակտիվ ու բեղուն կյանքով են ապրում: Ոչ միայն շրջագայում են, կարդում, վայելում կյանքը, այլեւ դասախոսում, մնայուն աշխատություններ ստեղծում, հիմնադրամներ ու ինստիտուտներ ղեկավարում, նոր գաղափարներ առաջ քաշում:



Համենայնդեպս՝ պաշտոնը թողնելուց հետո կյանքը չի ավարտվում, եթե չասենք՝ նոր է սկսվում: Ինչո՞ւ են մեր պաշտոնյաներն այդքան վախենում «թոշակի» գնալուց, ինչո՞ւ են կառչում իրենց աթոռներից՝ հանրության արհամարհանքին եւ անեծքին արժանանալով, զարգացման ու սերնդափոխության խոչընդոտ դառնալով: Թերեւս պատճառը մեկն է. վախենում են պատասխանատվության կանչվելուց: Վախենում են, որ հաջորդները կբանան գզրոցներն ու մութ պահարանները եւ կբացահայտեն այնտեղ թաքնված «կմախքները»: Այդ պարագայում ոչ թե երիտասարդ թոշակառուի, այլ տարեց կալանավորի ճակատագիրն է առջեւում: