Էդվարդ Նալբանդյանը Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահին

Էդվարդ Նալբանդյանը Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ժնևում երեկ հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յոախիմ Ռյուկկերին։



Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը։



Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հունվարին կայացած Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցին նվիրված քննարկմանը և դրա վերաբերյալ ստացված գնահատականներին։



Նախարար Նալբանդյանը Յոախիմ Ռյուկկերին տեղեկացրել է, որ Հայաստանը՝ որպես մարդկության դեմ հանցագործությունների միջազգային հանրության պայքարի կարևոր դերակատար, Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի հաստատմանն է ներկայացնում «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը։



Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ կարևոր է, որ ՄԱԿ-ի անդամ երկրներն իրենց անվերապահ աջակցությունը հայտնեն մարդկության դեմ նոր ոճիրների կանխարգելման միջազգային հավաքական ջանքերին։



Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հաջորդ հանդիպումը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնի հետ էր։



Նախարար Նալբանդյանը և հանձնակատար Ալ Հուսեյնը մտքեր են փոխանակել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված քայլերի վերաբերյալ։



Այս առումով նախարար Նալբանդյանը նշել է, որ միջազգային կառույցների գնահատականներով՝ Հայաստանում գրանցվել են էական դրական ձեռքբերումներ՝ ժողովրդավարական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հավաքների, խոսքի, մամուլի, համացանցի ազատության և այլ ոլորտներում։



ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, հաստատելով, որ Հայաստանում զգալիորեն ամրապնդվել է ժողովրդավարությունը, հույս է հայտնել, որ կշարունակվեն քայլեր ձեռնարկվել այդ ուղղությամբ։



ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կարևորել է Հայաստանի հետևողական նախաձեռնություններն՝ ի նպաստ միջազգային հանրության՝ ցեղասպանության կանխարգելման ջանքերին։