Ում համար՝ գործուղում, ում համար՝ բյուջեի հաշվին ֆռֆռալ

Ում համար՝ գործուղում, ում համար՝ բյուջեի հաշվին ֆռֆռալ

Ազգային ժողովի պաշտոնական կայքում «նորամուծություն» կա. սկսել են հրապարակել ԱԺ գործուղումների ցանկը: Ինչպիսի՜ թափանցիկություն: Ցանկից տեղեկանում ենք, որ մարտը բուռն գործուղումների ամիս է պատգամավորների ու նրանց հետ վերջերս հաճախակի ալիք մտնող ու գործուղումների անվան տակ տուրիստական այցեր «կպցնող» ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների համար: Մամուլում անընդհատ գրվում է, որ պատգամավորներն ու պետական տարատեսակ չինովնիկները բյուջեի հաշվին գործուղումներն իրականում օգտագործում են աշխարհ տեսնելու, շոփինգ անելու համար: Բնականաբար, միանգամայն հասկանալի է, որ միջպետական պատշաճ հարաբերություններ պահպանելու եւ Հայաստանի շահը տարբեր երկրներում ներկայացնելու համար պետք է իրականացվեն տարբեր պաշտոնական այցեր, այլ հարց է, թե ովքեր են մեկնում, ինչ «առաքելությամբ» եւ երկրի համար ինչ արդյունավետությամբ: Հայտնի է, որ ԱԺ նախագահի եւ փոխնախագահների այցելություններն ու միջխորհրդարանական մի շարք այցեր տեղի են ունենում բացառապես պետբյուջեի հաշվին: Այս այցերի արդյունքում են շատ «սելֆիներ» հայտնվում Ֆեյսբուքում:



Թեպետ ԱԺ կայքի հաղորդագրության մեջ նշված է, որ մարտի 11-17-ը գործուղման կմեկնի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը գործուղման մեջ կլինի մարտի 8-17-ը՝ մոտ 10 օր: 8-11-ը լինելու են Պրահայում, որտեղ չեխական կողմի հետ պայմանավորվածություն կա, որ Պրահայում կազմակերպեն Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցանմուշների ցուցահանդես: Շարմազանովի խոսքով՝ սա աննախադեպ բան է, որովհետեւ Չեխիան չի ճանաչել Ցեղասպանությունը, բայց իրենք հասել են նրան, որ Չեխիայում տեղի է ունենալու նման մեծ միջոցառում: 11-17-ն ընկած հատվածում Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Տալլին, Ռիգա, Վիլնյուս: Չեխիայի պատվիրակության կազմում են Շարմազանովը, Արծվիկ Մինասյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, իսկ մյուս երկրներում միայն Շարմազանովն է լինելու եւ մեկ փորձագետ: Այս գործուղումների մի մասը ՀՀ պետական բյուջեի հաշվին է լինելու, մյուս մասը՝ հրավիրող երկրների:



Բացի այդ, մարտի 1-3-ը Եվրանեսթի շրջանակներում Բրյուսել գործուղվեց Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: Նույն օրերին Ստամբուլ մեկնեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, մարտի 9-13-ն էլ Մինսկ կգործուղվի ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը: Ըստ կայքի հաղորդագրության՝ ԵԽԽՎ ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Փարիզ կգործուղվի ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը:



Մի ճանաչողական այց էլ մարտի 7-16-ը նախատեսված է կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Պատվիրակության կազմն այստեղ բավականին լայն է՝ թվով 6 պատգամավորներ եւ ԱԺ աշխատակազմի մեծ ու փոքր հինգ չինովնիկներ՝ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Էդմոն Մարուքյանը, Հրանտ Բագրատյանը, ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը, աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը, հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը եւ տնտեսագիտական վարչության պետ Արթուր Թամազյանը: Ինչ խոսք, հիանալի առիթ է ճանաչողական այցով Ամերիկան բացահայտելու համար:



ԱԺ փոխնախագահի հետ զրույցում մեր այն դիտարկմանը, թե անընդհատ խոսվում է այն մասին, որ ԱԺ պատգամավորներն ու հատկապես ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները կլոր տարին զբաղված են բյուջեի հաշվին գործուղումների անվան տակ ֆռֆռալով, Շարմազանովն ասաց. «Ես կարծում եմ, որ ԱԺ պատգամավորը պետք է բյուջեի հաշվին գնա, բայց ես Ձեզ ասեմ, որ կոնկրետ իմ դեպքում չկա մի գործուղում, որում արդյունավետություն չկա, որը հենց էնպես՝ տուրիստական ա, չի կարող էդպիսի բան լինի»:
Ուշագրավ է, սակայն, որ Շարմազանովին այս ամսվա այցերից մեկի ժամանակ ուղեկցում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ով ի պաշտոնե սովորաբար ուղեկցում է ԱԺ նախագահին: Բայց, ինչպես հայտնի է, Գալուստ Սահակյանն այնքան էլ «հավես չունի» ինքնաթիռների հետ, դրա համար էլ նրա այցելությունները հիմնականում տեղաբաշխվում են փոխնախագահների վրա: Թե ինչ են անում իրենք այդ երկրներում, կիմանան միայն իրենք ու այն ռեստորանների մատուցողները, որտեղ ժամանակ են անցկացնում ՀՀ ներկայացուցիչները:



Նկատենք, որ նախկինում ԱԺ աշխատակազմի ղեկավարները երբեւէ պատվիրակությունների կազմի մեջ չեն ընդգրկվել, իսկ Հրայր Թովմասյանին նախորդած Գուրգեն Դումանյանը, ով Ազգային ժողովում «աչքի էր ընկնում» իր հրապարակային պասիվությամբ, որքանով հիշում ենք, ո՛չ ԱԺ նախագահի, ո՛չ էլ որեւէ այլ պատվիրակության կազմում երբեւէ որեւէ գործուղման չի մեկնել իր պաշտոնավարման երկու տարվա ընթացքում:



Փորձեցինք զրուցել նաեւ հաճախակի «ճամփորդողներից» Արտակ Զաքարյանի հետ, սակայն պարզվեց, որ նա կրկին գործուղման մեջ է այս օրերին: Ազգային ժողովի պատգամավորներից ամենաշատ «ճամփորդողներից» մեկն էլ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն է, ով, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ՝ այո, ինքը շատ է գործուղումների մեկնում, բայց հիմնականում Ֆրանսիա, որտեղ մասնակցում է ԵԽԽՎ-ի պլենար ու հանձնաժողովների նիստերին, որոնցից մեկն էլ մարտի 29-ից ապրիլի 1-ը տեղի ունենալիք նիստն է: Ինչ վերաբերում է հաճախակի մեկնելուն, Ա. Հովհաննիսյանն ասաց. «Ես դա չէի որակի շատ կամ քիչ, ես դրանով չեմ դատում. կարելի է գնալ մեկ անգամ եւ ոչ նպատակային կամ պարզապես, ինչպես Դուք եք որակում՝ մեկնել ճամփորդելու կամ մեկնել հաճախակի ու դրա համար ունենալ հստակ նպատակ: Ես տարվա ընթացքում բազմիցս գործուղվել եմ արտերկիր, եւ դրանցից բոլորը ԵԽԽՎ-ի համապատասխան հանձնաժողովների, որոնց անդամն եմ ես, նիստերին մասնակցելու համար բացառապես, եւ իմ գործուղումների արդյունքների ու դրանց նպատակի մասին ես պարբերաբար տեղեկացնում եմ հանրությանը, ու հանրությունը պետք է, ըստ էության, որոշի դրանց օգտակարության եւ կարեւորության հարցը»:



Հետաքրքիր է, որ «բյուջեի հաշվին ճամփորդողներ» ասելիս հիմնականում հասկանում ենք ՀՀԿ-ական պատգամավորներին, թերեւս այն պատճառով, որ նրանց մեջ շատ են անիմաստ մանդատ ստացածները, ովքեր պասիվ են Հայաստանի խորհրդարանում, փոխարենը շատ ակտիվ են գործուղումների հարցում, նույնիսկ իրար տակ են փորում, երբ որեւէ էկզոտիկ երկիր մեկնելու շանս է առաջանում. վառ օրինակ՝ ՀՀԿ տիկնանց թեժ մենամարտերը: Շարմազանովի հետ այս ամիս Պրահա մեկնող ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ ինքն այդքան հաճախ չի մեկնում գործուղումների՝ տարվա մեջ մեկ-երկու անգամ, և հատուկ ուսումնասիրություն չի իրականացրել, թե ով որքանով է արդյունավետ իրականացնում իր գործուղումը։



Ինչ վերաբերում է կոնկրետ իր հետ գործուղման մեկնած գործընկերների աշխատանքին, ապա դեռ չի եղել մի դեպք, որ ինքը դա գնահատեր անարդյունավետ: Ինչպիսի համերաշխ գործընկերություն: Նա նաեւ նշեց, որ գործուղման մեկնածները, համաձայն կանոնակարգ օրենքի, վերադառնալուց հետո երեք օրվա ընթացքում պետք է ներկայացնեն գործուղման նպատակն ու ձեռք բերված արդյունքները:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ