Շռայլում ենք արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան

Շռայլում ենք արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան

Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու հարցում մեր երկիրը, ավելի ճիշտ՝ նախագահը, շատ շռայլ է: «Տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ ունեն դրան, պարզապես մենք շատ շռայլ ենք այդ հարցում». նման կարծիք ունի արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Մարտի 2-ին, Դիվանագետի օրվա կապակցությամբ, նախագահ Սերժ Սարգսյանն արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել 5 հոգու, եւս 13 հոգու էլ՝ արտակարգ դեսպանորդի եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:
Նավասարդյանը տեղեկացրեց, որ որեւէ սահմանափակում չկա, թե մեկ օրվա ընթացքում քանիսը նման կոչման կարող են արժանանալ. «Նախագահն է պարգեւատրումներն ու այդ կոչումները տալիս եւ զրկում, ապա իրենից է կախված, թե քանի հոգու կտա, կշնորհի եւ կզրկի:



Հարցն ուրիշ բան է, այդքան դեսպանների կոչումներ շնորհելը որքանո՞վ է համաչափ՝ սիմետրիկ մեր դիվանագիտական ծառայությունների մատուցմանը: Ըստ երեւույթին, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Ֆրանսիայում կոչումով արտակարգ եւ լիազոր դեսպան 10-ն են, եւ 20 դեսպան ունի Իտալիան, ուղղակի մենք այս հարցում շռայլ ենք»: Բացի այդ, ըստ Նավասարդյանի, կարեւոր է տեսնել, թե արդյոք ստացած կոչումներին բոլո՞րն են արժանի: Դա կախված է մի շարք գործոններից, առաջին՝ տվյալ անձի պրոֆեսիոնալ մակարդակից, կատարած աշխատանքի արդյունքներից, եւ շատ կարեւոր է աշխատանքի տեւողությունը, թե որքան տարի է ծառայում մարդը նման ամենաբարձր աստիճանին հասնելու համար. «Չնայած լինում են առանձին դեպքեր, առանձին ծառայություններ, որոնց համար կարող են ստանալ, բայց դրանք բացառություններ են կազմում»: