Հնչակյանները «նետվում են» հրապարակային քաղաքականություն

Հնչակյանները «նետվում են» հրապարակային քաղաքականություն

Մարդիկ միմյանց դիմում էին՝ ինչպես հին ու բարի ժամանակներում՝ «ընկերով», յուրաքանչյուր ելույթից հետո կուսակցության անդամները բարձրաձայն, համարձակ ձայնով գոռում էին. «Սե՛ Դա՛ Հո՛ Կե՛», եւ նոր միայն զբաղեցնում իրենց տեղերը… Երեք օր առաջ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը նշում էր իր ստեղծման 128-ամյակը, որտեղ եւ հայտարարվեց, որ կուսակցությունը «ներխուժում է» ակտիվ քաղաքական դաշտ: Մեկնարկը կտրվի մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային օրը, ՍԴՀԿ-ն բոլորին հրավիրում է հանրահավաք-երթի: Իր ելույթի ժամանակ ՍԴՀԿ Հայաստանի վարչության երիտասարդ ատենապետ Նարեկ Գալստյանը զավեշտ անվանեց այն հանգամանքը, որ հսկայական քաղաքական կազմակերպությունը, որն աշխարհով մեկ ունի դպրոցներ, բարեգործական միություններ, լոբբիստական կառույցներ, որ անգամ Լիբանանում ունի խորհրդարանական խմբակցություն, մասնակցություն չի ունեցել վերջին ընտրություններին: Պատճառների եւ անելիքների մասին խոսեցինք հենց Նարեկ Գալստյանի հետ:



- Ո՞րն է պատճառը, որ ՍԴՀԿ-ն չի մասնակցել ընտրություններին:



- Մենք գնացինք ինքնաքննադատության ճանապարհով: Մենք չենք ասում՝ լավ ենք արել, որ չենք մասնակցել, խնդիրներ են եղել, ճգնաժամային իրավիճակ է եղել: Ոչ մեկ չի կարող իրեն հեռու պահել կամ 100 տոկոս վստահություն հայտնել, որ իր մոտ ճգնաժամային իրավիճակ չի լինելու: Մենք չենք խուսափում այդ խնդիրներն առաջ քաշելուց: Ա՛յ, եթե խուսափեինք, ասեինք՝ չէ՛, մենք լավն ենք, բայց մեր հետեւից չեկան, այդ ժամանակ կարող եք մեզ դեմագոգիայի մեջ մեղադրել:



- Շատերը ձեր այս ակտիվությունը կհամարեն, մեկ արտահայտությամբ ասած՝ «գրավել ընդդիմության դաշտը»:



- Մենք որեւիցե մեկի տեղն իրավունք չունենք եւ չենք կարող զբաղեցնել: Եթե Հայաստանի քաղաքացիները գան եւ հետեւեն մեր գաղափարներին, մեր առաջարկած լուծումներին, ապա դա մեր մեղավորությունը չի, եթե չգան, մեր մեղավորությունն է: Հիմա ԲՀԿ, ՄՀԿ, ՃՀԿ, դա որեւիցե կապ չունի: Կա՞ երկրում խնդիր, թե՞ չկա, երկրում այսօր կան օրհասական խնդիրներ, որոնք օր առաջ կարոտ են լուծման:



- Իսկ ինչո՞ւ մի քանի ամիս առաջ նույն հայտարարություններով հանդես չէիք գալիս:



- Ես ասացի, որ մենք գնացինք ինքնաքննադատության ճանապարհով: Երբ ինձ ընտրեցին կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ, ես հայտարարեցի, որ մենք գնում ենք հիմա ինքնակազմակերպման ճանապարհով: Մենք գնում ենք մեր մասնաճյուղերն ուժեղացնելու ճանապարհով, մեր ընկերներին այսպես՝ բեկոր-բեկոր եղած, ժամանակին մի քիչ խնդիրների պատճառով, ի մի հավաքելու ճանապարհով, մենք այդ գործընթացը համարյա թե հասցրինք ավարտին: Այսինքն, ճգնաժամային իրավիճակը կուսակցության մեջ անցյալում է: Այսօր ժամանակն է արդեն՝ նետվել հրապարակային քաղաքականություն: Այստեղ որեւիցե դավադրության տեսություն պետք չի փնտրել ընդհանրապես, ըհը՛, գնացին պայմանավորվեցին եւ այլն:



- Այսինքն, դուք ձեզ ընդդիմություն եք հռչակում:



- Ինչի՞ մասին է խոսքը: Եթե դու իշխանության մեջ չես, ուրեմն, ուզես կամ չուզես, ընդդիմություն ես: Ու բոլոր այն մարդիկ, ովքեր որ հայտարարում են, որ իրենք այլընտրանք են կամ, չգիտեմ՝ կենտրոնամետ են, դա քաղաքական տգիտության դասական դրսեւորում է, չկա նման բան: Եթե դու իշխանական համակարգում չես, ներկայացված չես գործադիրում, օրենսդիր մարմիններում որպես իշխանական կուսակցություն, եթե դու չես հայտարարում հրապարակայնորեն, որ դու սատարում ես բոլոր հարցերում այս իշխանություններին, նշանակում է՝ դու ընդդիմադիր ես:



- Դուք պահանջելո՞ւ եք Սերժ Սարգսյանի հրաժարականը:



- Այսօր Հնչակյան կուսակցությունը հայտարարում է, պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, պահանջում է, որ գործող ռեժիմն անմիջապես գնա տուն, ե՞ւ… հեռանալո՞ւ է դրանից, տո՞ւն են գնալու: Մենք մարդկանց չենք ուզում խաբել, մենք ուզում ենք աշխատել քաղաքական դաշտում: Մենք ուզում ենք մեր գաղափարները ռեալիզացնել: Այո՛, մենք ընդդիմություն ենք, իհարկե, ընդդիմություն ենք, ինչպե՞ս կարող ենք ընդդիմություն չլինել, եթե նման այլանդակություններ են տեղի ունենում: Երբ երկրում կա օլիգարխիա, երբ երկրում կան մենաշնորհներ, երբ տեսնում ես, որ 80 տարեկան տատիկները հերթ են կանգնում կիլոմետրերով, որպեսզի 3 հատ ձրի լավաշ ունենան: Բայց ամպագոռգոռ հայտարարություններով հանդես գալը ոչնչի չի բերում: Պահանջում էին, ՀԱԿ-ն էր պահանջում, մեկ օր մնաց, երկու օր մնաց, «Բարգավաճն» էր արդեն համարյա պահանջում, ի՞նչ եղավ արդյունքում:



- Մայիսի 1-ի հանրահավաքն ի՞նչ բնույթ է կրելու, ի՞նչ եք կարծում՝ քաղաքացիները կմասնակցե՞ն հավաքին:



- Մենք շատ մեծ հույս ունենք, որ կմասնակցեն: Մենք երկնքից աստղեր չենք իջեցնելու: Մենք խոսելու ենք այն բոլոր խնդիրների մասին, որոնց քաղաքացին, հասարակությունը շատ լավ ծանոթ է, ամեն աստծո օր իր մաշկի վրա զգում է: Եվ մենք առաջ ենք քաշելու լուծման մեր խնդիրներն ու բանաձեւերը: Կմասնակցեն՝ մենք իսկապես շատ շնորհապարտ կլինենք մեր բոլոր քաղաքացիներից, եթե չեն մասնակցի, բացթողումը, ուրեմն, մերն է: Մենք աշխատելու ենք, որ քաղաքացիները մասնակցեն, մենք չենք սպասում համահայկական հանրահավաքի, որ գրվում է բոլոր պատերին, համազգային հանրահավաքի, ռեժիմին մնաց երկու օր, մեկ օր, հետո տուն՝ թեյ խմելու: Չէ, մենք այդպիսի լոզունգներով առաջ չենք շարժվում:



- Ձեր ելույթում կուսակցություններին «մեղմ» քննադատության ենթարկեցիք, կարելի՞ է ասել, որ դուք այլ կուսակցությունների հետ համագործակցության չեք գնա:



- Ես կարծում եմ, որ իրավացիորեն քննադատեցի: Ես ասացի, որ Հայաստանում համարյա չկան քաղաքական կուսակցություններ, որոնք չեն շեղվել իրենց իդեալներից: Երբ որ 1991 թվականին, ասենք, ստեղծվում էր իքս կուսակցությունը, ստեղծվում էր այսինչ գաղափարական հիմքի վրա, այս տեսլականն էր իր առջեւ դնում, այսօր 2015 թվականն է, եւ այն, ինչ որ իրենք ստեղծել էին, ինչի համար, որ ստեղծել էին, չկա: Սա փաստ է, հիմա Հնչակյան կուսակցությունը 1887 թվականից սկսյալ մինչ այսօր իր գաղափարներին հետեւորդ քաղաքական կուսակցություն է, լավ կամ վատ:



- Այսինքն, այս ընթացքում նոր գաղափարներ չե՞ն ներմուծվել կուսակցություն:



- Յուրաքանչյուր գաղափար տրանսֆորմացվում է, յուրաքանչյուր գաղափար՝ այդ ժամանակի, ոգու, ստանում է իր դրսեւորումները, բայց բուն էությունը՝ ընկերվարություն, մարդու իրավունքներ, սոցիալական արդարություն, մեկնարկային հավասար պայմաններ, Հայ դատ, պահանջատիրություն, 1887 թվականից սկսյալ մինչ այսօր կարծես թե իր այժմեականությունը չի կորցրել: Ի՞նչ է, 1887 թվականին կամ 19-րդ դարավերջին չկար սոցիալական արդարություն, այսօ՞ր կա, ինչ-որ բան փոխվե՞լ է:



- Այս պահին քանի՞ անդամ ունի Հայաստանում ձեր կուսակցությունը:



- ՍԴՀԿ-ն այս պահին Հայաստանի բոլոր մարզերում ունի մասնաճյուղեր, ես չեմ կարող ասել՝ 2.749 կամ 2.750, բայց, համենայնդեպս, մենք ունենք այնքան կուսակցական անդամներ, որոնք անցել են կուսակցական դաստիարակություն, որոնք կուսակցական սեմինարներին մասնակցություն են ունեցել, որոնք անցել են մեր եռամսյա հավաքները, որի արդյունքում միայն կարող են դառնալ կուսակցական: Ո՞րն է լավ տարբերակը, կուսակցություն մտցնել 100 հազարավոր մարդկանց՝ փողի, իշխանության ճաճանչների տակ, եւ դրանից հետո, ընդամենը 1 օրում, այդ 500 հազարանոց անդամակցության քանակը դառնա փոքր խորհրդարանական ֆրակցիա՞, դա ճիշտ տարբերակը չի: