ԲՀԿ-ն ընդդիմադիր է հանո՞ւն, թե՞ ի հեճուկս

ԲՀԿ-ն ընդդիմադիր է հանո՞ւն, թե՞ ի հեճուկս

ԲՀԿ-ն այլեւս ընդդիմադիր կուսակցություն է: Պաշտոնապես: Իսկ ի՞նչ էր մինչ այս: Որքան գիտենք` այլընտրանք էին` ոչ պաշտոնապես, քանզի պաշտոնապես այլընտրանք հնարավոր չէ լինել քաղաքագիտորեն: Իրենք իրենց հռչակել էին այլընտրանք ու այդպես էլ առաջ էին գնում:



Իսկ մի՞թե հնարավոր չէր Գագիկ Ծառուկյանի ղեկավարության ներքո հռչակվել ընդդիմություն: Հիմա ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանն էր խանգարում ընդդիմադիր լինելուն: Ի՞նչ արած, եթե համաձայն են իրենց հիմնադրի ու ղեկավարի անվան գնով համարվել ընդդիմադիր, թող համարվեն: Մենք դեմ չենք: Ընդդիմադիր դաշտում ով ասես` չկա, թող իրենք էլ լինեն, ի՞նչ է պատահել:



Խնդիրը ԲՀԿ-ի պարագայում, այնուամենայնիվ, մի փոքր այլ է: Բանն այն է, որ ԲՀԿ այս ընդդիմադիր ֆրակցիան Գագիկ Ծառուկյանն է շալակած ԱԺ բերել: Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյան, Վահան Բաբայան, Միքայել Մելքումյան, Տիգրան Ուրիխանյան… ո՞վ էր նրանց ու էլի շատերին ճանաչում որպես քաղաքական դեմք, մինչեւ Գագիկ Ծառուկյանի կոլտնտեսությանն անդամագրվելն ու ԲՀԿ ցուցակ ընկնելը: Թող ինձ ներեն թվարկվածներն ու չթվարկվածները, բայց ճշմարտությունն իրոք դաժան բան է: Նրանք ԱԺ-ի երես կտեսնեի՞ն առանց Ծառուկյանի: Թող փորձեն հենց այս ընդդիմադիր կազմով մի հատ գյուղ գնալ, եթե մեզ չեն հավատում:



Հիմա ես հարց ունեմ «ընդդիմադիր» ԲՀԿ-ին` ո՞վ է ձեզ ընտրել, որ մի հատ էլ ընդդիմադիր եք հռչակվում: Տրամաբանությունը հուշում է, որ Գագիկ Ծառուկյանի «լուծը» թոթափելուց հետո այս ԲՀԿ-ն պետք է մտներ կոալիցիա եւ ոչ թե դառնար ընդդիմադիր: Այլապես հնարավոր չէ ընկալել իրավիճակը: Այն չափից ավելի արհեստական է ու շինծու: Կամ պետք էր հայտարարել` Գագիկ Ծառուկյանը դավաճանեց շարժմանը, եւ փողոցից տուն չգալ, եւ կամ պետք է հայտարարեին, որ Գագիկ Ծառուկյանն իրենց դեպի իշխանափոխության էր տանում, իսկ իրենք չէին ուզում: Ահա սա կլիներ ընկալելի:



Իսկ հիմա, երբ իրենց առաջնորդին հեռացրել են քաղաքականությունից ու իրենք, հանգիստ խղճով, ինքնահռչակվել են ընդդիմություն, ընդ որում, հայտարարելով, թե շարունակելու են Ծառուկյանի կիսատ թողած գործը, նույնիսկ ծիծաղելի է: Մի անգամ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է. «ԲՀԿ-ն ո՞նց կարա ընդդիմադիր լինի»: Եթե շատ էին ուզում շարունակել Գագիկ Ծառուկյանի գործը, ապա ՀՀԿ-ին պետք է խնդրեին, որ իրենց վերցնեին կոալիցիա: Ու թող այն ժամանակ ՀՀԿ-ի հետ ամեն ինչ անեին, որ ժողովուրդը բարգավաճեր: Այլապես հիմա կապիկություն են դիտվում արածները: Մի կողմից ասում են՝ ամեն ինչ անելու ենք մարդկանց բարեկեցության համար, իսկ մյուս կողմից հայտարարում, որ իշխանափոխության պահանջն իրենց համար այլեւս ակտուալ չէ, ժամանակավրեպ է եւ այլն: Բա հոգով ընդդիմադիրը նման բան կհայտարարի՞:



Ինչեւէ, ԲՀԿ-ն այլեւս պաշտոնապես ընդդիմադիր կուսակցություն է: Սերժ Սարգսյանն այդպես ցանկացավ, եւ ոչինչ անել չես կարող, որովհետեւ մուրճն էլ, մեխն էլ, նալն էլ նրա ձեռքին է: Հիմա մնում է, որ այս նոր դերում ԲՀԿ-ականները երկրին ծառայեն նույնքան ազնվորեն, որքան այլընտրանքի դերում: Ի դեպ, ընդդիմադիրի կոչումն ավելի պարտավորեցնող է, իսկ խաղեր տալը՝ ավելի դժվար: Այս առումով ամենահարուստ փորձն ՕԵԿ-ն ունի, եւ վատ չէր լինի սկզբնական շրջանում դասեր վերցնել նրանից:
Արդեն բոլորը խոսում են այն մասին, որ ընդդիմադիր ԲՀԿ-ին կուրացիա է անելու վարչապետ Աբրահամյանը: Հո չի՞ թողնի, որ խնամու ամակ-աշխատանքը հենց այնպես կորչի: Ճիշտ է, մի փոքր տարօրինակ է, որ երկրի վարչապետը նախագահի դեմ ընդդիմադիր կուսակցություն պահի, բայց ոչինչ, դրան էլ կսովորենք: Սա Հայաստանն է, ի վերջո, որտեղ հնարավոր է ամեն ինչ: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո ԲՀԿ-ի առաջին քայլերը նույնիսկ հուսադրող են: Այն մարդիկ, ովքեր վճռական տոնով հայտարարում էին, որ սահմանադրական փոփոխությունները բլեֆ են, որ նպատակ են հետապնդում հավերժացնել գործող նախագահի իշխանությունը, որ թույլ չեն տալու բարեփոխումներ լինեն, մի քանի օր առաջ նախագահի մոտ էին` կոնստրուկտիվ երկխոսության, ինչպես ասում են: Փաստորեն, Հովիկ Աբրահամյանի ձեռքին էլ մուրճ, մեխ ու նալ կա, եւ նա էլ գիտի, թե ինչ պետք է անել այդ ամենի հետ:



Ավարտելով` կցանկանայի հույս հայտնել, որ ԲՀԿ-ի հետ կապված այս նոր կոմեդիան նախորդի չափ երկար չի ձգվի, եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների շեմին ընդդիմադիր դաշտը վերջապես կզուլալվի: Հիրավի տխուր է առանց ընդդիմության: Առանց ընդդիմության մեզ չի հաջողվի ոչ նորմալ սահմանադրություն եւ ոչ էլ նորմալ խորհրդարան ունենալ, մինչդեռ սպասելիքներ կան, որ հենց խորհրդարանի որակից է կախված լինելու Հայաստանի հետագա ընթացքը: