Կենարար 10 քայլ` Նիլկոլ Փաշինյանից

Կենարար 10 քայլ` Նիլկոլ Փաշինյանից

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ինստիտուցիոնալ ընդդիմության հետեւյալ ճանապարհային քարտեզը.



Քայլ 1 - Հիմնադրել ինստիտուցիոնալ քաղաքական կառույց՝ կուսակցություն: Տարբերությունը մինչ այժմ գոյություն ունեցող կուսակցություններից՝ ներքին ժողովրդավարություն, ներքին մրցակցային դաշտ, ներկուսակցական ընտրական համակարգի գոյություն, քարացած լիդերության, սուպերլիդերության բացառում, կոլեգիալ կառավարում:



Քայլ 2 - Կուսակցության մեջ ներգրավել ինտելեկտուալ եւ քաղաքացիական առավելագույն ներուժ:



Քայլ 3 - Ստեղծել Ապագա Հայաստանի համապարփակ նախագիծ:



Քայլ 4 - Ձեւավորել ստվերային կառավարություն:



Քայլ 5 - Հայաստանի 1988 ընտրական տեղամասերի հաշվարկով ձեւավորել վստահված անձանց առնվազն երեք հոգանոց թիմեր:



Քայլ 6 - Սփյուռքում ձեւավորել դիտորդական խմբեր, ովքեր ընտրությունների օրը կդիտարկեն ընտրական տեղամասերը:



Քայլ 7 - Մասնակցել ընտրություններին եւ ստանալ ժողովրդի վստահության քվեն:



Քայլ 8 - Ժողովրդի վստահության քվեն արձանագրել դե յուրե՝ ընտրությունների ամփոփիչ արձանագրության տեսքով, կամ հավաքագրել ընտրությունների համատարած եւ մեծամասշտաբ կեղծումների մասին հավաստի եւ դե յուրե ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր:



Քայլ 9 - Իրականացնել իշխանափոխություն ընտրությունների արդյունքների պաշտոնական արձանագրման եւ/կամ Թավշյա հեղափոխության միջոցով եւ ստանձնել Հայաստանի կառավարումը:



Քայլ 10 - Սկսել ժողովրդի վստահության քվեն ստացած Ապագա Հայաստանի նախագծի իրագործումը:



Յուրաքանչյուր բարի նպատակ արժանի է ուշադրության ու գուրգուրանքի, մանավանդ Հայաստանի պարագայում, որտեղ նպատակը, որպես կատեգորիա (որեւէ), դեֆիցիտ բան է: Եվ ահա, Նիկոլի մեջ նպատակ է հասունացել, այն էլ բարի, այն էլ կենարար, չգիտեմ, ուրիշ ի՞նչ էպիտետ կարելի է այս դեպքում դնել… գուցե` վերակենդանացման: Այո, ի՞նչ կա որ, Հայաստանում պետք է վերակենդանացնել ընդդիմությանը, որովհետեւ կյանքն առանց ընդդիմության նույնն է, ինչ ավտոմեքենան՝ առանց շարժիչի:
Եվ, ուրեմն, բոլորս դեպի ընդդիմության վերակենդանացում… Նիկոլը, ահա, 10 քայլ է նշել: Ի դեպ, քայլեր նշելը հիմա մոդա է: Ունենք 100 քայլ, ունենք 13 կետ, ունենք 7 կետ: Նիկոլի առաջարկի մեջ քայլերը 10-ն են:



Ի՞նչ կարելի է առաջարկել… Ուշադիր ընթերցելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ինստիտուցիոնալ ընդդիմություն ստեղծելու նպատակին ուղղված քայլերի թվարկումը, եկա, իմ կարծիքով, միակ հնարավոր եզրակացությանը: Կներես, Նիկոլ ջան, բայց այդ ամենը, կենարարությամբ հանդերձ, ապուշություն է:



Բնականաբար, հարկ է, որ այսպիսի գնահատականից հետո բացատրես, թե ինչու է ապուշություն: Բացատրենք: Ուրեմն սկսենք այնտեղից, որ ջնջում ենք վերջին 9 կետերը եւ թողնում միայն առաջինը: Ինչո՞ւ ենք ջնջում` մի պարզ պատճառով. դրանք հրաշալի կետեր են, եւ ոչ մի քննադատությամբ չես կարող ստվերել ու հերքել: Իսկ խնդրահարույցն առաջին կետն է, որն էլ անկարելի է դարձնում մնացած քայլերի իրականացումը:



Մենք կխոսենք առաջին քայլի մասին: Մի անգամ էլ մեջբերենք այդ քայլը, որ ընթերցողը լավ մտապահի. «Քայլ 1 - Հիմնադրել ինստիտուցիոնալ քաղաքական կառույց՝ կուսակցություն: Տարբերությունը մինչ այժմ գոյություն ունեցող կուսակցություններից՝ ներքին ժողովրդավարություն, ներքին մրցակցային դաշտ, ներկուսակցական ընտրական համակարգի գոյություն, քարացած լիդերության, սուպերլիդերության բացառում, կոլեգիալ կառավարում»:



Այս «քայլից» արդեն իսկ բխում է 10 հարց` 1. ո՞ւմ է կարգադրում Նիկոլը` հիմնադրել կառույց, 2. Խոսքը նո՞ր կուսակցության մասին է: 3. Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ընդդիմադիր կուսակցությունները փակվում են եւ մտնում մեկ կառույցի մեջ: 4. Ինչո՞վ է սա տարբերվելու մինչ այժմ եղած ձեւաչափերից` քառյակից, եռյակից եւ այլն: 5. Մենք գիտենք, որ Հայաստանում միասնաբար հանդես գալու փորձերը բազմաթիվ են` քառյակը, եռյակը, անհասկանալի Նախախորհրդարանը եւ առավել անհասկանալի «հետխորհրդարանը», Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիրը, Հայրիկյանի հնգյակը, մեկն էլ Տիգրան Ուրիխանյանն է ուզում բացել` Քաղաքացիական շտաբը: Արդյոք սա չի՞ վերածվի հերթական դատարկ փորձի: 6. Ենթադրենք, 10 կուսակցություն՝ իր լեդերներով, ղեկավար մարմիններով եւ այլն, գալիս են այս ինստիտուցիոնալ կառույցի դրոշի տակ, եւ մենք փորձում ենք ժողովրդավարություն ապահովել: Ինչ է, 10 լիդերին էլ պետք է ընդգրկել նոր կառույցի կոլեգիալ ղեկավարության կազմո՞ւմ: Նիկոլ, ՀԱԿ-ը քեզ դաս չեղա՞վ: 7. Ի՞նչ եք կարծում, պարոն Փաշինյան, հնարավո՞ր է, որ 10 կուսակցությամբ կառույցում լինի առնվազն 10 գաղափարական տարաձայնություն: Եթե այո, ապա դա բավարար չէ՞ պնդելու համար, որ այդ կոլեգիալ ղեկավարությունը ոչինչ չի կարողանա անել: 8. Ի՞նչ նկատի ունեք ներքին մրցակցային դաշտ ասելով: Մի պահ մտածենք, որ Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն այդ կառույցում են: Հիմա նրանք ի՞նչ են անելու` ընդհանուր գո՞րծ, թե՞ պետք է իրար ուտեն, որովհետեւ մրցակցություն է: Վերջապես` ի՞նչ մրցանակի համար են մրցակցելու: 9. Քարացած լիդերության հարց, ասում եք, չի լինելու: Հրաշալի է: Իսկ ի՞նչ եք անելու, երբ կուսակցություններն ու զանազան կազմակերպություններ գան իրենց քարացած լիդերներով: Թվարկե՞մ… Արթուր Բաղդասարյան, Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Ստեփան Դեմիրճյան, Արամ Սարգսյան, էլի Արամ Սարգսյան, Տիգրան Կարապետյան, Պետրոս Մակեյան… Այսպես` 100-ի կհասնենք: 10. Ասում եք` ներկուսակցական ընտրություն է լինելու: Ինչպե՞ս եք պատկերացնում կոլեգիալ ղեկավարության ընտրությունը (վստահ եմ՝ արդար ընտրությունը նկատի ունեք) 100 հազարանոց ՕԵԿ-ի եւ երեք հոգանոց ԱԻՄ-ի միջեւ:
Եվ մի վերջին հարց, որ, ըստ մեզ, շատ կարեւոր է. ո՞վ է վճարելու այդ ամենի համար, հարգելի Նիկոլ Փաշինյան: Եռյակի դառը փորձը, հուսամ, հուշում է, թե ինչ է տեղի ունենում, երբ ֆինանսավորման աղբյուրը շեղված է լինում կառույցի (թեկուզ ինստիտուցիոնալ) բուն նպատակից: Ֆինանսավորման խնդիրն առաջնահերթ եւ լուրջ խնդիր է, որին, ավաղ, անդրադարձ չկա թվարկված քայլերի մեջ: Մինչդեռ բավական էր 11-րդ քայլով ամրագրել ֆինանսական աղբյուրը, եւ սովալլուկների ներհոսքը դեպի այդ ինստիտուցիոնալ կառույց, որտեղ ուղղակի դեմոկրատիա է լինելու, կապահովվեր: