ՀՀԿ-ով է հարությունը ԲՀԿ-ի

ՀՀԿ-ով է հարությունը ԲՀԿ-ի

«Ապրիլի 24-ին ընդառաջ Հիմնադիր խորհրդարանի` «100-ամյակն առանց ռեժիմի» խորագրով բողոքի ակցիաները երկրին որեւէ դրական արդյունք չեն տա` hամոզված է ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը. «Նման կոչերը կարող են սասանել մեր երկրի, պետության վարկանիշը միջազգային հանրությունում»»:



Մի քանի օր առաջ, մարտի 31-ին, սա հրապարակել է Ա1+-ը: Իմ համոզմամբ՝ Վահան Բաբայանը այնքան էլ սխալ բան չի ասում և, առհասարակ, ցանկացած տգեղ բան, լինի դա ապրիլի 24-ին թե տարվա մնացած 364 օրվան ընդառաջ, տգեղ է և սասանում է մեր երկրի հեղինակությունը:



Այո, Բերձորում տգեղ բան եղավ, տգեղ էր անշուշտ Գյումրիի դանակահարությունը, տգեղ էր ՀՀԿ խորհրդի հայտնի նիստը, որի ժամանակ կնիքներ բացվեցին, պակաս տգեղ չէր նաև կանյաչնիի ժողովը, որի ժամանակ, ծնվեց մի թուղթ, որ տգեղ տեղեկություններ էր պարունակում երկրի նախագահի նախասիրությունների մասին, ինչպես նաև հաթաթա, թե հիմա-հիմա անհնազանդություն ենք սկսելու, եթե իշխանությունը չհեռանա: Այս ամենը, ճակատագրի բերումով, տեղի էր ունենում հենց ապրիլի 24-ին ընդառաջ և խորքում, եթե նայենք, դժվար է ասել, թե որն էր ավելի տգեղ՝ ա՞յն, որ ոստիկանների հետ ընդհարում եղավ Բերձորում, թե՞ այն, որ մի քանի փողատերով հավաքվեցին ու Հովիկ Աբրահամյանի տանը կոնյակով ջրեցին ժողովրդի հույսերը, թե այս երկրում որևէ բան կարող է փոխվել: Հովիկ Աբրահամյանի տանը տեղի ունեցած հավաքից հետո միջազգային ասպարեզում մեր պետության վարկանիշը բարձրացա՞վ: Չէի ասի: Ամբողջ խնդիրն այն է, որ հարցը ոչ թե քաղաքական, այլ քյոխվայական լուծում ունեցավ, ինչը թե մենք, թե Եվրոպան ու մյուսները տեսան:



Հիմա գանք նորբհկական Վահան Բաբայանի հայտարարությանը: Ինչպես ասացի, այնքան էլ սխալ բան չի ասում երիտասարդը: Բայց, ահա, կասկածելի է թվում նրա ազնվության դոզան, որովհետև այս նույն Վահան Բաբայանը փետրվարի 13-ին (ՀՀԿ-ի խորհրդի նիստը փետրվարի 12-ին էր), կանյաչնիի բակում պակաս հեղափոխական կեցվածք չուներ, քան Ժիրայր Սեֆիլյանը Բերձորում ու Գյումրիում: Եվ ուրեմն, ի՞նչ է պատահել ԲՀԿ-ականին, որ իր տգեղ արարքները թողած՝ Սեֆիլյանի ու «Հիմնադիր խորհրդարանի», այսպես ասենք, «գործողություններն» է քննադատում:



Իսկ Վահան Բաբայանի և նոր ԲՀԿ-ի հետ իրոք շատ բան է կատարվել: Նրանց համար օրակարգը 180 աստիճանով շրջվել է, իշխանափոխությունը դադարել է ակտուալ լինելուց, կենսական անհրաժեշտություն է դարձել խորհրդարանում ինչ-որ բանից բռնված մնալը, քաղաքական գոյություն քարշ տալը, պիտանելության ժամկետը վերաթարմացնելը:



Մի՞թե հստակ չէ, որ նոր ԲՀԿ-ն ՀՀԿ-ից «մուտքի» վիզա (գուցե՝ «Գրին քարտ») ունի և այս պահին զբաղված է երկրի ու պետության վարկանիշը խայտառակելու հերթական տգեղ գործով, այն է՝ ապրիլի 24-ին ընդառաջ՝ առերևույթ ընդդիմություն ձևանալ:



Բավարարվենք այսքանով: Այսօր Սուրբ Զատիկ է: Քրիստոս հարյավ ի մեռելոց...